«Լկտի, տգետ եւ ոչ կոմպետենտ»

01/07/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Նաիրիտ գործարանի» մասին մեր վերջին հրապարակման մեջ նշել էինք, որ «168 Ժամին» խոստացել էր հարցազրույց տալ ԱՊՀ միջպետական բանկի Արտաքին կապերի վարչության պետ Տատյանա Սերպկովան: Նշենք, որ 2006թ. «Նաիրիտ գործարանի» նոր սեփականատերն է դարձել «Rainovil property Limited» ընկերությունը, որը մինչ օրս էլ գործարանում ՀՀ կառավարության հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ չի կատարել իր ներդրումային պարտավորությունները: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԱՊՀ միջպետական բանկի Արտաքին կապերի վարչության պետ Տատյանա Սերպկովայի հետ:

– «Rainovil property Limited» ընկերությունը «Նաիրիտ գործարանում» ներդրումային ծրագիր, որպես այդպիսին, ունի՞ ընդհանրապես:

– Ինձ ընդհանրապես հայտնի չէ «Rainovil property Limited» ընկերության կողմից «Նաիրիտում» իրականացվող ինչ-որ ներդրումային գործունեության մասին: Այն ամենը, ինչ ներդրումային ծրագրերի շրջանակներում արվել է նշյալ գործարանում, իրականացվել է «Ինտերկաուչուկ» ընկերության կողմից: «Ինտերկաուչուկի» միջոցներով մշակվել են գործարանի քլորոպրենային եւ բութադիենային կաուչուկի արտադրության, ինչպես նաեւ՝ պոլիմերների արտադրամասի նախագծային փաստաթղթերը: Պոլիմերների արտադրամասի թողարկումը հնարավորություն կտար ավելացնել «Նաիրիտի» կողմից թողարկվող բարձրակարգ տեսականին, ինչպես նաեւ՝ կերկարացներ արտադրվող կաուչուկի պիտանելիության ժամկետը: Բացի այս էլ` բութադիենային տեխնոլոգիային անցումը հնարավորություն կտար առաջնահերթ իջեցնել գործարանի էներգետիկ ծախսերը եւ երկրորդ` կնվազեցներ արտադրության թափոնների քանակը, որը նույնքան կարեւոր է Երեւանի եւ ընդհանրապես` Հայաստանի էկոլոգիայի համար: (Մշակված բոլոր տեխնիկական փաստաթղթերն ակտուալ են եւ ներկայումս էլ գտնվում են «Ինտերկաուչուկ» ընկերությունում): «Ինտերկաուչուկի» աշխատակիցները նույնպես անց են կացրել նախնական բանակցություններ նախագծային եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ` առաջարկելով մի շարք լրացուցիչ միջոցառումներ եւ էներգախնայող տեխնոլոգիաներ, որն էլ իր հերթին զգալի կիջեցներ գործարանի արտադրանքի ինքնարժեքը: «Ինտերկաուչուկը»՝ «Նաիրիտ» գործարանի վերազինման նպատակով եւ գործարանի համար բավականին ձեռնտու պայմաններով, զգալի ֆինանսական միջոցներ ներգրավելու պայմանավորվածություններ ուներ արեւմտյան ներդրողների հետ: Սակայն գործարանի նոր տերը հրաժարվել է «Ինտերկաուչուկի» առաջարկած ներդրումներից: ՀՀ կառավարությանը թյուրիմացության մեջ գցելով` «Նաիրիտի» նոր տերը հռչակեց իր ֆինանսական կարողությունների մասին, որի արդյունքում էլ կիրառվեց «բուրգի» մեթոդը. երբ գործարանի ակտիվների հաշվին մի վարկով փակում են մյուս վարկը: Գործարանի ունեցվածքը եւ ակտիվները մի անգամ չէ, որ գրավադրվել են: Ավելին, որպես այդ վարկերի երաշխիք, գրավադրվել են նաեւ հայաստանյան այլ ձեռնարկությունների` Վանաձորի «Քիմպրոմի» եւ «Որոտան ՀԷԿ-ի» ունեցվածքը: Ցավոք սրտի, այդ հավելյալ միջոցները ծախսվել են վարկի տոկոսների մարման ու «Rainovil property Limited» ընկերության անհասկանալի գործունեության վրա: Որպես օրինակ նշեմ, որ գործարանի թունավոր ու վտանգավոր արտադրամասում աշխատող բանվորների աշխատավարձը 100 անգամ ավելի քիչ է, քան վերոնշյալ կազմակերպության աշխատակազմի աշխատավարձը: Ովքեր այդ գործարանում հայտնի չէ, թե ինչ են անում եւ ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ արտադրության, ո՛չ կազմակերպչական եւ, որ ինքներդ էլ եք հասկանում` ո՛չ էլ գործարանի հետաքրքրությունների շրջանակում ներդրումային պարտավորությունների հետ:

– Հայտնի է, որ ԱՊՀ միջպետական բանկից «Rainovil property Limited» ընկերությունը ստացել է 70 մլն դոլարի վարկ: Հայաստանում հայտնի է միայն 40 միլիոնի մասին: Ի՞նչ նպատակների վրա է ծախսվել մնացած 30 մլն-ը:

– «Rainovil property Limited» ընկերությունը ոչ միայն գործարանը գնելու համար միջոցներ չուներ, այլեւ չուներ բաժնետոմսեր թողարկելու միջոցով արտադրությանը շրջանառու միջոցներով ապահովելու եւ վերազինելու հնարավորություն: Գործարանի գործարքի ժամանակ ստեղծվել էր պարադոքսալ իրավիճակ. գնորդին միջոցներ են տվել գործարանի երաշխիքով: Նման «ֆինանսական սխեմա», որքան գիտեմ, չէին օգտագործում անգամ 1990-ականների խառը ժամանակներում: Հավանաբար նույնիսկ այն ժամանակ ոչ մեկի լկտիությունը, հիմարությունն ու ոչ կոմպետենտ լինելն այդքանի համար չէր հերիքի: Իսկ հիմա «միֆ» դարձած 30 մլն դոլարի մասին: ԱՊՀ միջպետական բանկից «Rainovil property Limited» ընկերության նախնական վարկը 2006 թվականի օգոստոսին կազմել է 70 մլն դոլար, որը բաց ինֆորմացիա է եւ պարզ երեւում է Միջպետական բանկի տարեկան բալանսում: Քանի որ Միջպետական բանկի հիմնադիր կապիտալը 650.000 դոլար է կազմում, նման միջոցներ հնարավոր էր ներգրավել Միջպետական բանկի հիմնադիրների` ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի միջոցներից: Այս «դարի նախագծի» համար, նաեւ այլ բանկերից հատկացված գումարը 70 մլն դոլարից ավելի է: Սակայն միջոցների իրացման ուղղությամբ երկու թիվ է նշվում` 40 մլն դոլարը, որը տրվել է ՀՀ կառավարությանը, եւ 1 մլն դոլարը, որն ուղղվել է «Rainovil property Limited» ընկերության ռուսական դուստր ձեռնարկության հիմնադիր կապիտալի ձեւավորմանը (այս ընկերությունը ստեղծվել է գործարանի տիրոջ կնոջ համար): Մնացած գումարը փոխանցվել է «Rainovil property Limited»-ի Միջպետական բանկում ունեցած հաշվեհամարին, որը հետո փոխանցվել է արեւմտյան այլ բանկերի հաշիվների վրա: Որոշ տվյալների համաձայն` գործարանի տերը հաշիվներ ունի HSBC-ի ասիական բանկում, Շվեյցարիայում եւ նույնպես Դանիայի «NORDEO» բանկում: Ես չեմ հաստատի եւ չեմ հերքի այս տեղեկատվությունը: Թող սրանով զբաղվեն իրավասու մարմինները:

– «Rainovil property Limited» ընկերությունը քննարկո՞ւմ է արդյոք «Նաիրիտի» վերավաճառքի հարցը:

– Հիմա, որքան հասկանում եմ, գործարանի վերավաճառքի խնդիրը հենց սկզբից` բաժնետոմսերի գնման օրվանից է դրված եղել: Եվ այն էլ գործարանի հենց նոր տիրոջ կողմից: Նրա նպատակն է եղել գնել ու անմիջապես վերավաճառել այն` փող աշխատելով գործարանի վրա: Գործարանն իր բոլոր աշխատողներով, միջոցներով ու խնդիրներով, որոնք պահանջում էին հրատապ լուծում, նրան պետք չէին: Ներկայումս էլ «Rainovil»-ը արագացված տեմպերով նոր գնորդ է փնտրում: Սակայն կրկին առաջ է գալիս մի անլուծելի խնդիր` ի՞նչ կստանա գործարանն այդ գործարքի արդյունքում: «Rainovil»-ը կվաստակի իր փողը, իսկ գործարանը, վերոնշյալ «ֆինանսական սխեմայի» արդյունքում, կունենա նոր գլխացավանքներ, պարտքեր ու խնդիրներ, որը նրա վզից է կախվելու նոր տերերի ակտիվ ջանքերի շնորհիվ:

– Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը «Նաիրիտի» ներկայիս իրավիճակի եւ հեռանկարի վերաբերյալ:

– Գործարանի ներկայիս իրավիճակը պարտքերն են եւ նույնպես վեճերը, հավերժ քննարկման թեմա ոչ միայն հայկական եւ ռուսական, այլ նաեւ Արեւմտյան Եվրոպայի լրատվամիջոցների համար, ինչը վախեցնում է գործարանի պոտենցիալ գնորդներին ու ներդրողներին` գործ ունենալ գործարանի եւ նրա արտադրանքի հետ: Իսկ «Rainovil property Limited»-ի գործունեությունը, որպես միջազգային շուկայում հայկական կաուչուկի վաճառող, ոչ կոմպետենտ է եւ միայն իջեցնում է գործարանի վարկը: Գործարանից 1 տոննա կաուչուկը գնվում է 2700 դոլարով եւ «Rhainovil»-ի կողմից վերավաճառվում է նվազագույնը 4000 դոլարով: Վաճառքից ստացված փողերը գնում են գործարանի նոր տիրոջ գրպանը, ինչն էլ ծախսվում է սեփական կյանքի բարօրության համար: Գնվում-կուտակվում է մոսկովյան եւ եվրոպական թանկարժեք անշարժ գույք եւ այլն: Տարօրինակ է, որ ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերը` վարկավորած բանկի հիմնադիրները, անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում ստեղծված իրավիճակին: Ընդ որում` դա այնքան էլ զարմանալի չէ: Երբ Ռուսաստանի բանկի կողմից հարց ծագեց, թե ո՞վ է գործարանի սեփականատերը, գործարանի նոր տերը (ով նաեւ համատեղության կարգով պաշտոնյա է Ռուսաստանի բանկում), առանց իսկ քաշվելու նշել է ՀՀ նախագահի անունը, ինչն էլ անհարմար դրության մեջ է գցել Ռուսաստանի բանկին: Միեւնույն ժամանակ, հայկական կողմից հնչած նույն հարցի վերաբերյալ էլ նա նշել է բարձրաստիճան մի ռուս պաշտոնյայի անունը… Իսկ ահա «Նաիրիտի» արեւմտյան գործընկերների մոտ էլ պարծեցել է, թե ինքն է գործարանի միանձնյա տերը: Այս ժամանակահատվածում երկու երկրները շփոթված էին իրենց հարաբերությունների հարցում: Ի՞նչ եք կարծում` վայ-տերերի եւ վայ-չինովնիկների նման գործունեությունը նպաստո՞ւմ է երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:

Հ.Գ. Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ «Նաիրիտ գործարանի» անուղղակի տերն է համարվում ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովը: