Գաղտնիք չէ, որ հոգեւորսությամբ զբաղվող կրոնական կազմակերպությունների ծուղակն ընկնում են հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ: Աղանդավորները տիրապետում են հոգեբանական մեծ ազդեցություն գործող մեխանիզմների, որոնց կիրառմամբ իրենց թակարդն են գցում մասնավորապես սոցիալական անպաշտպանվածությունից ընկճված եւ հուսահատված մարդկանց:
Հայաստանում, ինչպես հայտնի է, սոցիալապես անապահով խավը կազմում է մեր ազգաբնակչության մոտ 40%-ը, հետեւաբար՝ նրանց մեծ մասն այս կամ այն կրոնական կազմակերպության հետեւորդներն են: Աղանդավորական շարժման հոսանքի տակ ընկնող մարդիկ սովորաբար իրենց շոյված եւ կարեւորված են զգում նման միջավայրում, քանի որ աղանդավորները ցանկացած «նորելուկի» ընդունում են գրկաբաց եւ չեն խուսափում նրանց շռայլել կյանքը գունավոր դարձնելու խոստումներ: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպության ղեկին նստած է մի առաջնորդ, որին հաջողվում է ժամանակի ընթացքում մարդկանց դարձնել իր կամակատարները, եւ որը հոգեբանական հնարքներով կարողանում է այնպես անել, որ «հոտը» հնազանդորեն ենթարկվի իրեն: Ի դեպ, ցանկացած կրոնական կազմակերպություն ունի ֆինանսական մեծ ռեսուրսներ, որոնց աղբյուրները խիստ գաղտնի են պահվում: Բնական է, որ պետության կողմից լքված մեր քաղաքացիները գոնե հոգեպես եւ բարոյապես, ինչո՞ւ չէ` նաեւ նյութապես, իրենց պիտանի են զգում նման միջավայրում, սակայն քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ աղանդավորական ծուղակից նրանք դուրս են գալիս կրկնակի սթրես ստացած: Հարկ է նշել, որ դրան նպաստում է նաեւ մեր քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը: Խմբագրության օգնությանը դիմած ՀՀ քաղաքացի Գեորգի Սագիրովը նմանատիպ երեւույթի զոհերից մեկն է: Մասնագիտությամբ բանասեր Գ. Սագիրովը ռուսերեն ամսագրի խմբագիր է եղել, սակայն վերջին 15 տարիներին ապրում է ծայրահեղ չքավորության, ահավոր կենցաղային պայմաններում: Միայնակ թոշակառու է, բնակվում է Կասյան փողոցի 12 շենքում: «Ես շատ վատառողջ եմ, ճգնաժամային տարիներից հետո սարսափելի պայմաններում եմ ապրում: Լույս չունեմ, քաղաքակիրթ ոչ մի պայման չունեմ, տանը ոչ մի էլեկտրասարք չկա` հեռուստացույց, ռադիո: Արհեստականորեն զրկված եմ կյանքի բոլոր երեւույթներից»,- ասում է նա` պատմելով, որ հունվար ամսին շատ պատահաբար իրեն հրավիրել են «Ավետարանական-մկրտական» եկեղեցում ցուցադրվող կրոնական կինոդիտմանը: Սագիրովի գոյատեւման միակ միջոցը բարեգործական ճաշարանից օգտվելն է, հետեւաբար՝ այնտեղի հաճախորդներից էլ ստացել է վերոնշյալ հրավերքը, քանի որ նրանցից շատերը ծպտված աղանդավորներ են: Նրա խոսքերով` վերոնշյալ եկեղեցին «Ավետարանչական ընկերակցության» մասնաճյուղերից է եւ հովանավորվում է դրսից: «Ղեկավարները երկուսն են` պատվելին` Վիգեն եղբայրը, եւ երիտասարդ քարոզիչը` 26-ամյա Արմեն Հակոբյանը: Արմենն Արարատի բնակիչ է, այնտեղ է գրանցված, սակայն ներկայումս կնոջ եւ երեխայի հետ ապրում է Նոր Նորքի զանգվածում: Բնակարանից բնակարան է տեղափոխվում»,- պատմում է Սագիրովը` հավաստիացնելով, որ քարոզիչ Արմենն այստեղ գրանցում եւ բնակարանային սեփականության իրավունք չունի: Ինչեւէ, Սագիրովին հրավիրել են կինոդիտման, այնուհետեւ առաջարկել են մասնակցել իրենց պաշտամունքներին, որոնք տեղի են ունենում շաբաթը 1-2 անգամ եւ կոչվում են` «Աստվածաշնչյան սերտումների, մեկնությունների ժամեր»: Պաշտամունքները տեղի են ունենում Կոմիտաս 47/2 հասցեում, «Կոնվերս» բանկի ետնամասում գտնվող վարձակալած մի բնակարանում: «Ես գնում էի տարեցների խումբ, որոնցից բոլորն էլ շատ կարիքավոր են: Եկեղեցու սպասավորները, տվյալ դեպքում՝ Արմեն Հակոբյանը, մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում բնակարանային, կենցաղային պայմանների հանդեպ: Ասում էր` կա ամերիկյան բարեգործական մի հանձնաժողով, միություն, որը, եթե տեսնի ձեր վատ պայմանները` նյութապես կօգնի: Ասում էր` մինչեւ հանձնաժողովի այցելությունը` պետք է անձամբ ինքն այցելի բնակարաններ, տեսնի, հավաստիանա, որից հետո հանձնաժողովին բերի»,- պատմում է Սագիրովն` ասելով, որ ինքն ամաչել է հրավիրել Ա. Հակոբյանին, որովհետեւ բնակարանում անգամ մարդավայել սանհանգույց չկա, սակայն նա համառորեն ձգտել է այցելել իր տուն: Ինչեւէ, Ա. Հակոբյանն այցելել է Սագիրովի տուն, հուզվել է՝ ծանոթանալով քարե դարին հատուկ նրա ծանր կենսապայմաններին, ապա առաջարկել է իր օգնությունը: Սագիրովի վստահությունը կորզելու համար նախ ցուցաբերել է դրամական օգնություն` 10.000 դրամի չափով, ինչպես նաեւ՝ կենցաղային մի քանի իրեր է տվել: Սագիրովն ասում է. «Մի քանի անգամ էլ փոքրիկ հյուրասիրություն է եղել: Բնակարանս քարե շենքում է, 1 սենյականոց, եւ ինչ-որ չափով համարվում է կենտրոն: Ես էլ շատ վաղուց գրանցված եմ եւ ունեմ սեփականության իրավունք: Շատ վատառողջ եմ, նյարդային, սրտային, տեսողական հիվանդություններ ունեմ: Պարբերաբար նյարդային բռնկումներ եմ ունենում, որոնք առաջացնում են անջատում, անտարբերություն, տրանսի երեւույթներ եւ այլն: Դեղորայքով` դեպրեսանտներով, քնաբերներով, հանգստացնողներով եմ գոյատեւում: Դրանից բացի, իրավաբանական հարցերից շատ անտեղյակ եմ»: Այնուամենայնիվ, Ա. Հակոբյանը Սագիրովին առաջարկել է բնակարանը կտակել իրեն` հետագա խնամքի խոստումներով: Սագիրովն առաջարկել է գնալ եւ կոնսուլտացիոն կարգով կտակի նախապայմաններին ծանոթանալ: Սագիրովն ու Ա. Հակոբյանը գնացել են Նոր Նորքի 7-րդ զանգվածի նոտարական գրասենյակ. «Ես այն աստիճանի անտարբերությամբ վարվեցի այդ փաստաթղթերի հետ, որ նվիրատվությունը կտակից չտարբերեցի: Ձեւակերպեցինք որպես նվիրատվություն, սակայն նա ընթացքում համոզում էր, որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում: Խոստանում էր թղթաբանությունը ձեւակերպելուց հետո իմ օգտին գործել»,- պատմում է Սագիրովն` ասելով, որ Ա. Հակոբյանն իրեն հավաստիացրել է, թե իր ծանր կյանքից դուրս գալու միակ ելքը նվիրատվությունն է, քանի որ կտակելու պրոցեսը երկար է տեւում: Ա. Հակոբյանը Սագիրովին խոստացել է բարձր գնով` 60.000 դոլարով վաճառել բնակարանը` փոխարենը ծայրամասում 4 սենյականոց բնակարան գնել, որտեղ կապրի Ա. Հակոբյանը կնոջ եւ երեխայի հետ, ինչպես նաեւ՝ Սագիրովը՝ խնամակալության կարգավիճակով: «Ոսկե սարեր խոստացավ, թե՝ ես քեզ շատ եմ հարգում, սիրում, քեզ լավ կխնամենք եւ այլն: Ինքը լավ ծանոթ էր նոտարական գրասենյակի պետի հետ, արագ-արագ ձեւակերպեցին: Փաստաթուղթն այնպես էր ձեւակերպված, որ իր` երկրորդ կողմը ոչ մի պարտավորություն չունի: Իմ պարտավորությունները մանրամասնորեն ամրագրված էր փաստաթղթում, իսկ իրենից` ոչինչ: Միայն բանավոր ոսկե սարեր: Հոգեբանական ճնշումով, բռնի կերպով կորզեց իմ ստորագրությունը,- ասում է Սագիրովը` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե մասնավորապես ինչպե՞ս են իրեն բռնացել: -Ասում էր` քո միակ փրկությունը նվիրատվությունն է, որ դա ոչ մի հետեւանք, բարդություն չի կրի: Գրասենյակում քաղաքացիների մեծ հերթ կար, բայց նոտարի հրահանգով մեզ արտահերթ թույլ տվեցին մուտք գործել: Ես գնում էի կտակի պայմաններին ծանոթանալու, բայց այնպես էին դասավորել, որ նվիրատվությունը ձեւակերպեցինք, դուրս եկանք: Ամեն ինչ ակնթարթային արագությամբ արեցին»: Սագիրովին անգամ փաստաթղթերի կրկնօրինակը չեն տվել, հորդորել են, թե նրան այդ թղթերը պետք չեն գա: Սագիրովն ասում է, որ ինքը շատ վատ է տեսնում եւ լսում, եւ դրանից օգտվելով՝ Ա. Հակոբյանը փորձել է իրենից շորթել բնակարանը, խլել է Սագիրովի բնակարանի օրդերը, եւ կադաստրում այն դարձրել է իր անունով: «Նրա վերաբերմունքն այդ ընթացքում շատ սիրալիր էր, բայց օրդերը ստանալուց հետո կտրուկ փոխվեց: Սկսեց կոպտել, նոր ինչ-որ հանգամանքներ մեջբերել: Պայմանավորվածության համաձայն` բնակարանի վաճառքից եւ 4 սենյականոց բնակարան գնելուց հետո ավելացած գումարով նա պետք է բանկում իմ անունով հաշվեհամար բացեր եւ գումարը փոխանցեր իմ հաշվեհամարին: 4 սենյականոց բնակարանն էլ իմ անունով պիտի ձեւակերպեր, սակայն ոչ մի նման բան: Գնորդներ են գալիս, բնակարանս ուսումնասիրում են: Պարզվում է` իմ բնակարանը վաճառելով նաեւ ուզում է իր համար մեքենա, ավտոտնակ գնել: Ինձ ասում է` բնակարանդ 50.000-ով է վաճառվում, տակը ոչինչ չի մնում, դու էլ մնում ես օդի մեջ, այսպես ասած` խաղից դուրս: 4 սենյականոցն էլ արդեն ճարել է: Արդեն դիմակը պատռվում է, ասում է` բնակարանը վաճառվում է, եւ դու թռիր այստեղից, թե չէ` Ոստիկանություն կկանչեմ»,- պատմում է Սագիրովը` վստահեցնելով, որ իր բնակարանի հանդեպ իրավունքներ ստանձնելուց հետո Ա. Հակոբյանը սկսում է սպառնալիքներ տեղալ իր վրա: Սագիրովը հասկանալով, որ հայտնվում է փողոցում` բողոքում է գրեթե ամենուր` Ոստիկանություն, թաղապետարան, Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ հայցադիմում է ներկայացնում դատարան: Ա. Հակոբյանը հասկանալով, որ իր առջեւ արգելքներ են ստեղծվում՝ Սագիրովին այս անգամ էլ առաջարկում է 1 սենյականոց բնակարան գնել ծայրամասում եւ ամսական վարձ վճարել: Ա. Հակոբյանը ներկայումս Սագիրովի բնակարանը վաճառելու իրավունք չունի, քանի որ դատարանը մինչեւ հայցի քննվելն արգելանք է դրել այդ բնակարանի վրա:
Ինչեւէ, Սագիրովը հույս ունի, որ դատարանի որոշմամբ` բնակարանի նվիրատվության պայմանագիրը չեղյալ կհամարվի եւ իր բնակարանի սեփականության իրավունքը կրկին կվերապահվի իրեն: Սագիրովն այս դեպքից հետո այլեւս չի հաճախում «Ավետարանական-մկրտական» եկեղեցի. նա իրեն խաբված է զգում: Թե ի՞նչ կլինի Գ. Սագիրովի հետ` կորոշի դատարանը: Բայց Սագիրովի հետ կատարվածն այն փաստի ապացույցն է, որ աղանդավորները խաղում են սոցիալապես անապահով ու միայնակ մարդկանց զգացմունքների հետ: