Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը որոշել է հարկային օրենսդրության մեջ հաստատագրված վճարին վերաբերող փոփոխություններ կատարել: Մասնավորապես, կառավարությունն առաջարկել է առեւտրի իրականացման վայրերում՝ տոնավաճառներում, մինչեւ 7 քմ տարածք զբաղեցնելու դեպքում՝ 1 քմ-ի դիմաց գանձել ամսական 1815 դրամ հաստատագրված հարկ: Ի՞նչ է սա նշանակում: Բոլոր դեպքերում՝ տոնավաճառները հաստատագրված հարկ վճարում են, ուրեմն՝ սա ի՞նչ նոր փոփոխություն է եւ ի՞նչ գանձումներ է ենթադրում:
Պարզվում է` այս փոփոխությունն անմիջականորեն վերաբերում է տոնավաճառներում որոշակի տարածք զբաղեցնող եւ առեւտրային գործունեություն իրականացնող վարձակալներին: Եթե այս նախագիծը հաստատվի Ազգային ժողովի կողմից եւ օրենքի ուժ ստանա, ապա մինչեւ 7 քմ տարածք վարձակալողները զբաղեցրած յուրաքանչյուր քմ-ի համար ամսական պետք է վճարեն 1815 դրամ: Այսինքն` այսուհետ տոնավաճառներում գործող տաղավարները նույնպես պետք է հարկվեն: Մինչեւ հիմա այդ տաղավարների վարձակալները որոշակի վարձավճար էին տալիս միայն տոնավաճառների տերերին, բայց հարկեր չէին վճարում: Անցած տարիներին հարկային մարմինները բազմիցս փորձեցին հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրել այդ տաղավարներում եւ գոնե այդպես նրանց բերել հարկման դաշտ: Սակայն վարձակալներն ընդդիմացան, բողոքի ակցիաներ կազմակերպեցին, դիվիդենտներ հավաքելու համար նրանց պաշտպանեցին նաեւ որոշ քաղաքական ուժեր, եւ հարկային մարմինների նախաձեռնությունը ձախողեցին: Հետո հարկային ծառայությունները փորձեցին նրանց հաշվառել: Դա էլ չհաջողվեց: Վարձակալները հարկային դաշտ չմտնելու իրենց ցանկությունը բացատրում էին տոնավաճառների տերերին առանց այդ էլ բավականին մեծ վարձավճար տալու պատճառաբանությամբ: Այս գործընթացը մեկ անգամ եւս նախաձեռնվեց այս գարնանը, սակայն մեր իշխանությունները որոշեցին հետաձգել եւ ԱԺ ընտրություններից հետո գործնական նոր քայլեր ձեռնարկել: Եվ ահա օրենսդրական այս նախաձեռնությունն արդեն գործնական քայլ է դարձել եւ, կարելի է ասել` իշխանություններն այս անգամ հաստատ որոշել են տոնավաճառների վարձակալներից բավականին զգույշ, առայժմ՝ մեղմ պայմաններով, բայց, այնուամենայնիվ, հարկեր հավաքել:
«Նախ՝ մենք ուզում ենք, որ տոնավաճառներում գործունեություն իրականացնողները գտնվեն նույն վիճակում, ինչ վիճակում որ տոնավաճառի սահմաններից դուրս գտնվող տնտեսվարող սուբյեկտներն են,- ասում է Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:- Նրանք պետք է գործեն նույն հավասար դաշտում: Երկրորդ` բոլոր քաղաքացիները, ում հետ մենք զրուցել ենք, մտովի չեն ուզում ապօրինի գործունեություն իրականացնել: Փորձագիտական գնահատմամբ, շուրջ 10.000 քաղաքացիներ հաշվառման կկանգնեն եւ կդառնան նորմալ հարկ վճարողներ»:
Օրենսդրական այս նախաձեռնությունից հետո կարծիք ստեղծվեց, թե այդպիսով փորձ է արվում ապահովել բյուջեի հարկային մուտքերը: Չէ՞ որ այս տարի հարկային մարմինները 48 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքեն: Իշխանությունների կողմից ի սկզբանե հայտարարվեց, որ այդ հավելյալ գումարը հավաքագրվելու է տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին: Եվ այս առումով տոնավաճառների վարձակալները համարվում են ստվերում աշխատողներ:
«Մենք խնդիրներ չունենք, որ նրանց միջոցներով բյուջե համալրենք: Այստեղ խնդիրը օրինականության ու հավասար տնտեսվարման պայմանների ապահովման մեջ է,- բացատրում է Ա.Ալավերդյանը: -Այսօրվա դրությամբ՝ հազարավոր քաղաքացիներ կան, ովքեր այդ տարածքներում բիզնեսով են զբաղվում, թեկուզ եւ փոքր ձեռնարկատիրությամբ: Մինչեւ հիմա նրանք պետական գրանցում չեն ստացել եւ Հարկայինում հաշվառված չեն: Ստեղծվում է անհավասար վիճակ: Այն քաղաքացիները, ովքեր տոնավաճառների տարածքից դուրս են գործունեություն իրականացնում եւ զբաղեցնում են նույնքան տարածք, հաշվառված են եւ ինքնուրույն հարկ վճարողներ են հանդիսանում, իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ տոնավաճառներում են աշխատել, հաշվառված չեն եւ ինքնուրույն հարկ վճարողներ չեն: Մենք ուզում ենք այս երկու տիպի տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովել»:
Տոնավաճառներում կան նաեւ շատ վարձակալներ, ովքեր զբաղեցնում են 7 քմ-ից ավելի տարածք: Արմեն Ալավերդյանը նրանց առաջարկում է մտնել նորմալ հարկային դաշտ եւ դառնալ պարզեցված կամ այլ տիպի հարկ վճարողներ: Հարկային մարմինները չեն ընդունում, որ մանրածախ առեւտրի մյուս վայրերը՝ խանութները, պետք է նորմալ հարկ վճարեն, իսկ տոնավաճառներում մեծ տաղավար ունեցողները` միայն հաստատագրված վճար մուծեն:
«Ինչո՞ւ պիտի տոնավաճառների վարձակալների նկատմամբ ավելի մեղմ հարկային կլիմա գործի,- հարցնում է Հարկային ծառայության պետի տեղակալը: -Պարզեցված հարկ են վճարում այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 մլն դրամը: 50 միլիոնի դեպքում պարզեցված հարկի գումարը կազմում է 3,5 %, դա անում է 1 մլն 750.000 դրամ: Պատկերացրեք, որ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող եւ տոնավաճառում 7 քմ տարածք զբաղեցնող մուշտակ վաճառողը տարեկան վճարում է մոտ 180.000 դրամ: Դա 8 անգամ ավելի ցածր է, քան պարզեցվածը հարկը: Դրա համար էլ մենք աստիճանաբար պետք է գնանք հավասար պայմանների ապահովման: Նախ` առեւտրի կազմակերպման վայրերում պետք է բոլորը գրանցում ունենան, հետո հաստատագրված վճարներով պետք է հարկվեն միայն փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Փոքրերից բարձրերը միանշանակ պետք է սովորական հարկ վճարեն, մանավանդ նրանց մոտ հաճախորդները բավականին շատ են: Այս ամեն ինչի համար ժամանակ է պետք, եւ ես համոզված եմ, որ 2-3 տարի հետո այս դաշտում բավականին լուրջ կարգավորում կլինի»:
Բազմիցս է քննարկվել, որ իրենց ստացած շահույթին համապատասխան հարկեր չեն վճարում հատկապես տոնավաճառների տերերը: Նրանք հատկացրած յուրաքանչյուր քմ-ի համար յուրաքանչյուր ամիս վերցնում են 10-25 հազար դրամ, սակայն հաստատագրված հարկ են վճարում մոտ 3000 դրամ: Կազմակերպիչների հաստատագրված հարկի չափը սահմանված է օրենքով: Իսկ հարկային մարմինները դեռ հարկ չեն համարում այդ դրույքաչափը բարձրացնել, որովհետեւ, իրենց ասելով, դեռ չեն կարող ապացուցել, որ նրանք գերշահույթ են ստանում: Սեփականատերերը վարձակալների հետ պայմանագրերում ֆիքսում են 5-6 անգամ ավելի փոքր գումար, քան իրականում վերցնում են: Այդ մասին լսել է նաեւ Արմեն Ալավերդյանը, սակայն դեռ ոչ մի վարձակալ բացահայտ կերպով չի խոստովանել, որ ինքն ավելի շատ է վճարում: Հարկայինի պետի տեղակալն ասում է, որ վարձակալներին հարկման դաշտ բերելուց հետո իրենց հաջորդ քայլը լինելու է տոնավաճառների կազմակերպիչների ծախսերի վերլուծությունը: Եվ եթե ապացուցեն, որ նրանք 5-6 անգամ ավելի վարձավճար են հավաքում, քան ներկայացնում են, ապա կբարձրացնեն նրանց նկատմամբ գործող հաստատագրված հարկի գործակիցները: