Աշուն է գալու, թեժ է լինելու

29/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին նոր ձեւավորված ԱԺ-ն բուռն «քննարկումներից» հետո 94 «կողմ», 7 «դեմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով հաստատել է կառավարության ներկայացրած ծրագիրը:

«Դեմ» են քվեարկել «շինիչ» ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, «ձեռնպահ»՝ «Օրինաց երկիրն» ու «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իսկ կառավարության ծրագրում, որը ներկայացրել է վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք ուղղակի զավեշտի բնագավառից են: Բանից պարզվում է, որ կառավարությունում որոշել են չհանդուրժել կոռուպցիան, հովանավորչությունը, ստվերն ու նման բաները (նույնիսկ գործընկերների, հարազատ-բարեկամների ու կուսակիցների շարքերում): «Հարկերից խուսափելը եւ կաշառակերությունը պետք է դիտարկվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթ։ Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում եւ պետք է սկսենք մեզանից,- այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն է, ով նախօրեին նաեւ ասել է,- Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը եւ ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը»: Ամեն ինչ կարծեք թե շատ լավ է ասված: Բայց եթե աչքի անցկացնենք, ասենք, ՀՀԿ խորհրդի կազմը, բավականին հարցեր են առաջանում: Օրինակ՝ ինչպե՞ս պետք է այդ կազմի որոշ մարդիկ չհանդուրժեն կաշառակերությունը եւ իրենք իրենց, ինչպե՞ս պետք է այդ մարդիկ պայքարեն կոռուպցիայի դեմ, ընդ որում՝ յուրաքանչյուրը սկսելով հենց իրենից… Այս ամենը նույնքան զավեշտալի է, որքան այն, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում հայտնվել են մարդիկ, ովքեր պարզապես անհամատեղելի են այդ հասկացության հետ: Հետաքրքիր է` ՀՀԿ-ում գտնվող բազմաթիվ գործարարներն ու օլիգարխները բարեխղճորեն հարկերը մուծո՞ւմ են, որ հիմա էլ պետք է չհանդուրժեն կոռումպացվածներին: Պարզվում է՝ ՀՀԿ-ում օլիգարխներ չկան: Համենայնդեպս, երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ընդ որում, տվյալ դեպքում «օլիգարխ» ասելով՝ հասկացվում է հետեւյալը. գործարար, որը հնազանդ է քաղաքականության մեջ, անպատիժ՝ տնտեսության մեջ: Իսկ ՀՀԿ-ական գործարարների՝ հարկերը մուծել-չմուծելու մասով էլ ՀՀԿ ներկայացուցիչը երեկ նշեց, թե իրենց կուսակցությունը ՀՀ օրենսդրական դաշտում գործող կուսակցություն է, եւ «բնականաբար, յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի որոշակի քաղաքական նախապաշարումներ եւ ընդունում է ՀՀԿ-ի ծրագրերը, կարող է լինել ՀՀԿ անդամ, անկախ նրանից՝ նա գործազո՞ւրկ է, թե՞ մարդ, ով իր արդար քրտինքով վաստակել է մեծ գումար»: Այնուամենայնիվ, Է. Շարմազանովը վստա՞հ է, որ իր կուսակից բոլոր գործարարները բարեխղճորեն վճարում են հարկերը: «Այն, որ Հայաստանում կա ստվեր, դա փաստ է: Ես հուսով եմ, որ ստվերի դեմ պայքարն է՛լ ավելի արդյունավետ կլինի 2007-2012 թվականներին: Ստվերի առկայությունը չի պայմանավորվում միայն իշխանություններով կամ տվյալ գործարարներով»,- նշեց բանախոսը: Քիչ անց, պատասխանելով նմանօրինակ մեկ այլ հարցի, Է. Շարմազանովն ասաց, թե, բնականաբար, ՀՀԿ-ի համար «ցանկալի չեն մարդիկ (նաեւ` իր կուսակցության կազմում), որոնք կխախտեն օրենքը, որոնք օրենքը չեն հարգի, որոնք չեն հարգի քաղաքացիական հասարակությունը»: Ստացվում է, որ ըստ Է. Շարմազանովի, ՀՀԿ-ում մեր երկրի օրենքները խախտող չկա, այնտեղ բոլորը «հարգում են քաղաքացիական հասարակությունը», որովհետեւ օրենքը խախտողները «ցանկալի չեն» ՀՀԿ-ում: Է. Շարմազանովն առաջարկում է առաջնորդվել փաստերով: Նրա հավաստմամբ՝ «ՀՀԿ-ն գաղափարական գործիչների թիմ է, գաղափարական թիմ է, եւ ոչ թե անհատների»: Սակայն վերադառնանք կառավարության ծրագրին: Այնտեղ նշված է, թե կոռուպցիայի, ստվերային տնտեսության եւ մրցակցային անհավասար պայմանների դեմ պայքարը գտնվում է անարդյունավետ կառավարման ոլորտում: Իսկ նախորդ տարիներին ՀՀԿ-ին ի՞նչն է խանգարել այդ «պայքարն» արդյունավետ կառավարելու համար: Է. Շարմազանովը երեկ այս հարցին այսպես պատասխանեց. «1999-ին, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, այն ժամանակաշրջանում բազմաթիվ չլուծված խնդիրներ կային, եւ ՀՀԿ-ն լուծեց առաջին սերնդի բարեփոխումները: Այն է՝ ստեղծել պետության իրավական, քաղաքական եւ տնտեսական հիմքերը: Եվ չկա մի ոլորտ, սկսած նաեւ կոռուպցիայից, որտեղ հանրապետության նախագահի, ՀՀԿ-ի համատեղ գործունեությունը չհանգեցրեց դրական փոփոխությունների: Մենք հասել ենք որոշակի դրական փոփոխությունների, եւ այս՝ երկրորդ սերնդի բարեփոխումներով ցանկանում ենք ամրապնդել այդ փոփոխությունները, եւ եթե եղել են նաեւ թերություններ, այդ թերություններն էլ շտկել»: Իսկ նախօրեին ԱԺ-ում կառավարության ծրագրի «քննարկման» մթնոլորտն ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ական պատգամավորը: Նրա խոսքերով՝ «մթնոլորտը բավականին նորմալ էր, թեժ էր, եւ նորմալ քննարկումներ եղան»: «Խորհրդարանը նրա համար է, որպեսզի մարդիկ եւ մարդկանց կարծիքները բախվեն»,- բացատրեց պատգամավորը: Իհարկե, ցանկալի չէ, որ խորհրդարանում «մարդիկ բախվեն», բայց այս խորհրդարանում դա ամենեւին էլ զարմանալի չի լինի: Իսկ այն, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը դրական խոսքեր է ասել կառավարության ծրագրի մասին ու «ձեռնպահ» է քվեարկել, Է. Շարմազանովին հույս է ներշնչում, որ այս խորհրդարանը կլինի, ոչ ավել ոչ պակաս, «գաղափարների խորհրդարան», եւ օրենքի յուրաքանչյուր նախագիծ լուրջ կքննարկվի: Մնում է միայն անհամբերությամբ սպասել ԱԺ աշնանային նստաշրջանին, որպեսզի ՀՀ նախագահի ընտրությունից առաջ «գաղափարների խորհրդարանում» ականատես լինենք «թեժ» «քննարկումների»: Կարճ ասած՝ աշուն է գալու, թեժ է լինելու: