Օրական 70 հազար դրամ՝ հանուն ազատության

29/06/2007

Իշխանությունները պատրաստվում են փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում։ Եթե այդ փոփոխություններն ընդունվեն, այսուհետ «Ազատություն» ռադիոկայանը ստիպված կլինի կամ դադարեցնել հեռարձակումները, կամ յուրաքանչյուր թողարկման համար վճարել 70 հազար դրամ։ Փաստորեն, իշխանությունների մարտավարությունը փոխվել է։ Հիմա նրանք գերադասում են ոչ թե «թույլիկ» անվանել իրենց դուր չեկած լրատվամիջոցը, այլ հսկայական տուրքեր սահմանել եւ այդ ձեւով լռեցնել անաչառ խոսքը։ Իսկ խորհրդարանը, որը պիտի ընդունի այդ փոփոխությունները, հազիվ թե դիմադրի։ Ի վերջո, խորհրդարանի մեծամասնությունը հենց նրանք են, ովքեր նախընտրական շրջանում հասկանալի պատճառներով դժգոհ են մնացել «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից։ Իսկ առջեւում նախագահական ընտրություններ են, որը ցանկալի է անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում։

Ինչպես երեւում է, նախագահական ընտրությունների նախորդող շրջանը Հայաստանում գործող լրատվամիջոցների համար այնքան էլ լավ շրջան չէ: ՀՀ նախագահի նախորդ ընտրությունից առաջ եթերազրկվեցին «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, հիմա էլ՝ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունից առաջ հայրենի իշխանությունները որոշել են «լուծել» նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հարցերը: Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ԱԺ երեկ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին նաեւ «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերը, որոնք ակնհայտորեն ուղղված են «Ազատություն» ռադիոկայանի դեմ: Օրինագծերը պետք է քննարկվեն արագացված ռեժիմով: «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է կատարել հետեւյալ լրացումը. «ՀՀ հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի, հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար բազային տուրքի 70-ապատիկի չափով պետական տուրք է վճարվում»: Փոփոխություն է նախատեսվում նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: 28-րդ հոդվածի 9-րդ մասի բ) կետից հանվում են «առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» բառերը: Առայժմ ձեւակերպումը հետեւյալն է. «Հանրային հեռուստառադիոընկերության օգտագործվող հաճախություններում արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունն առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության»: Այս փոփոխությունների ընդունման դեպքում կդադարեցվի Հանրային ռադիոյի եթերով «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումների վերահեռարձակումը: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե առաջարկվող փոփոխությունները հատուկ նպատակ են հետապնդում: «Հայաստանում ուրիշ որեւէ օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց, որ ունենա ազգային խմբագրություն կամ ծառայություն եւ որը հաղորդումներ թողարկի Հայաստանի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացի «Ազատություն» ռադիոկայանից, չկա: Միայն «Ազատություն» ռադիոկայանն է, որ ունի ազգային խմբագրություն կամ ծառայություն, որի հաղորդումները գնում են Հանրային ռադիոյով: Հետեւաբար, առաջին տպավորությունն այն է, որ այդտեղ մնում էր գրվեր՝ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների յուրաքանչյուր հեռարձակման համար 70-ապատիկ պիտի մուծեն: Քանի որ խորհրդարանական ընտրությունների ողջ գործընթացի մասին ճշմարտությունը «Ազատություն» ռադիոկայանն է ասում, եւ քանի որ մոտենում են նախագահական ընտրություններ, իշխանությունները՝ հատկապես Բաղրամյան 26-ում նստող ջահել չինովնիկները, որ սիրում են ճամարտակել «Ազատություն» ռադիոկայանի՝ իրենց կարծիքով, սուբյեկտիվ լինելու մասին, որոշել են փակել այդ ռադիոկայանի ինֆորմացիան հայ ռադիոլսողների, հայ ընտրողների համար»,- ասել է Մ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանից իր դժգոհությունը չէր թաքցրել նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք նշված օրինագծերն ուղղված չե՞ն կոնկրետ «Ազատություն» ռ/կ-ի դեմ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «ՀՀ-ում անցել են այն ժամանակները, երբ խոսքի ազատությունը վտանգի տակ էր»: Շարմազանովը նաեւ վստահեցրել է, թե ՀՀԿ-ն «երբեք ու երբեք չի քվեարկի խոսքի ազատության դեմ, որովհետեւ Հայաստանում, նաեւ Հանրապետական կուսակցության ջանքերով, խոսքի ազատությունը պաշտպանված է»: «ՀՀԿ-ն կքվեարկի հանուն Հայաստանի ապագայի եւ հանուն խոսքի ազատության»,- վստահեցրել է նա: