«Իմ ծրագիրը գործնական է»

29/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

– Պարոն Սահակյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվել եք եւ՛ դուք, եւ՛ Մասիս Մայիլյանը։

– Թեկնածություն առաջադրել են քաղաքացի Մայիլյանն ու Սահակյանը։ Դա անձնական որոշում է, եւ մեր պատկանելությունը նույն պետական համակարգին չէր կարող խոչընդոտ կամ առավելություն լինել, ինչպես նաեւ` պետական համակարգն իրավազոր չէր որեւէ կերպ միջամտել մեր որոշման կայացմանը կամ չկայացմանը։ Այնպես որ` ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում։

– Ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար։

– Բարեբախտաբար, մեր ժողովրդին խորթ է այդ «տրամաբանությունը»։ Ինչ վերաբերում է «ծանր բեռ լինելուն», ապա ասեմ, որ դա նախ՝ պատիվ է, ապա` պատասխանատվություն։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պահպանել առկա իրավիճակը եւ նոր դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին։ Կարեւորն այստեղ ժողովրդի վստահությունն է, որը նա կարտահայտի քվեարկությամբ։

– Ձեր նախընտրական ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրերից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները։

– Իմ նախընտրական ծրագիրը գործնական է։

– Այնուամենայնիվ, կնշե՞ք ձեր ծրագրի երեք կարեւորագույն եւ առանցքային դրույթները։

– Ինչո՞ւ երեք։ Իսկ առհասարակ` ծրագիրը հասցեագրված է ընտրողին, եւ նա էլ կարող է առանձնացնել առանցքային կամ ոչ առանցքային դրույթները, համեմատել մյուս թեկնածուների ծրագրերի հետ եւ կատարել ընտրություն։

– Ձեր կարծիքով, թեկնածուների համար հավասար պայմաննե՞ր են ստեղծված նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

– Նախագահի թեկնածուների համար պայմանները հավասար են օրենքով, դրանք ոչ ոք չի ստեղծում։