Կովկաս-Փոթի լաստանավի կանոնավոր աշխատանքը շարունակում է ձգձգվել: 50 վագոն տարողունակությամբ այդ լաստանավը կառուցել էր ուզբեկ գործարար Խակիմ Մատչանովը եւ ի սկզբանե մտադիր էր շահագործել վրացական Փոթիից ռուսական Կովկաս նավահանգիստ հայկական բեռներ տեղափոխելու նպատակով: Սակայն լաստանավն ընդամենը երեք ուղերթ է կատարել եւ դրանից հետո կանգնել է փակուղու առջեւ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ասելով, Մատչանովը տարաձայնություններ ունի Կովկաս նավահանգստում գործող ռուսական սահմանապահ եւ մաքսային ծառայությունների հետ: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ ռուսական սահմանապահ ծառայությունը Կովկաս նավահանգստից օգտվելու համար լաստանավին երկարաժամկետ թույլտվություն չի տալիս: Բացի այդ, Մաքսային ծառայությունը հրաժարվում է սպասարկել լաստանավը՝ պատճառաբանելով, թե համապատասխան պայմաններ չունի: Այսպիսով` Մատչանովը հայտնվել է անելանելի վիճակում: Իսկ մեր ունեցած տեղեկություններով, նավահանգստի Մաքսային ծառայությունը հենց այնպես չի ուզում սպասարկել ուզբեկ գործարարի բեռները: Նա ակնկալում է, որ ինքը կկառուցի մաքսազերծման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Պարզ է, որ դա ահագին ծախսեր ենթադրող ակնկալիք է, նաեւ պարզ է, որ Մատչանովը չի ուզենա նման նվիրատվություն անել ռուս մաքսավորներին: Բացի այդ, տեղեկություն կա, որ ռուսներն ուզում են Կովկաս-Փոթի գիծը շահագործելու մեջ «փայ» մտնել, այդ բիզնեսը կիսել Մատչանովի հետ: Ռուսները չեն ուզում հենց այնպես՝ առանց մասնաբաժին ունենալու, Մատչանովին թույլ տալ տեղափոխել իրենց «ռազմավարական գործընկեր եւ բարեկամ» Հայաստանի բեռները: Այնպես որ` խնդիրները լուրջ են, եւ մեր երազների լաստանավը շարունակում է անգործ մնալ ու իր սպասարկման համար վնասներ տալ տիրոջը: Պարզ է, որ նավը պահպանելու համար Մատչանովը պետք է ծախսեր կատարի, եւ անհայտ է, թե մինչեւ երբ: «Այդ մարդը ամեն օր կանգնած լաստանավի 15 հոգուց բաղկացած աշխատակազմին վճարում է, նա իրոք կորուստներ է կրում»,- ասում է պարոն Ղազարյանը:
Ստացվում է` Ռուսաստանը խաբեց ու «քաշեց» ոչ միայն Հայաստանին, այլեւ ուզբեկ գործարարին: Այդ խնդիրը կարգավորելու համար Մատչանովը դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին ու խնդրել Հայաստանի կառավարության մակարդակով միջամտել եւ Ռուսաստանի իշխանությունների հետ կարգավորել այդ խնդիրը: Պարոն Ղազարյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետն ու Անդրանիկ Մանուկյանն այս հարցը կարգավորելու համար դիմել են Ռուսաստանի կառավարությանը: «Այս ռեզինը լավ ձգել է պետք, պետք է մի պահ գա, որ այն կտրվի,- ասում է Ա.Ղազարյանը: -Ռուսական կողմը պետք է զիջումների գնա»: