– Թատերական ինստիտուտը միշտ տարբերվել է մնացած բուհերից։ Կրթական բարեփոխումների փուլում հնարավո՞ր է պահպանել այդ առանձնահատկությունը։
– Միեւնույն ստանդարտները չեն կարող գործել արվեստի բուհերում։ Ուրիշ բուհերում դասախոսությունը հնարավոր է լինի մոտավորապես 300 ուսանողի շրջանակներում, իսկ մեզ մոտ դա անհնար է, որովհետեւ դասընթացի մեծ մասն անհատական է եւ պրակտիկ դասընթացներ են։ Արվեստում գնահատվում է արվեստագետի անհատականությունը։ Եվ ինչքանով մենք կարողանանք այդ անհատականությունն իմաստավորել, այդքանով տվյալ դերասանը, ռեժիսորը, նկարիչը, թատերագետը հետաքրքիր կլինի։ Ինչ վերաբերում է կրեդիտային համակարգին, ապա դա առանձնապես չի խանգարում։ Ուղղակի պրոցեսը մի քիչ դժվար է. պետք է ոչ միայն հասկանալ, այլեւ յուրացնել։ Գոնե 5-6 տարվա պրակտիկա է պետք։ Սարսափելի ոչ մի բան չկա, սակայն, իմ կարծիքով, դա հարուստ երկրների գործոնն է։ Կրեդիտային համակարգն ապահովում է միջբուհական կապեր (երբ ուսանողը կարող է ուսումը շարունակել արտերկրում.- Ա.Մ.)։ Մեզ համար դա մեծ դժվարություններ է բերելու։ Գուցե 500 հոգուց մեկն այդ ցանկությունը կարողանա իրագործել։ Ֆրանսիայում կամ Անգլիայում սովորել ցանկացողները գուցեեւ շատ են, սակայն քչերը կարող են ապահովել այդ կրթությունը։
– Ֆինանսապես բուհը կարողանո՞ւմ է ինքն իրեն պահել։
– Հասարակության ամենաաղքատ խավը գալիս է այստեղ։ Ֆինանսական ծախսով էլ ենք տարբերվում։ Միայն դեկորացիա պատրաստելը մեծ ծախս է, սակայն տեխնիկապես պետք է հագեցնել, ասենք, կինոռեժիսորական ֆակուլտետը։ Ասում են` դուք պետք է հոգաք, որովհետեւ դուք եք հավաքում փողերը։ Բայց այդ փողերը հազիվ հերիքում են դասախոսների աշխատավարձին։ Ես գիտեմ, որ ուրիշ բուհերի դասախոսների աշխատավարձերը բարձրացրել են, սակայն ես չեմ կարող բարձրացնել, որովհետեւ չեմ կարող ունենալ այդքան ուսանող, որքան իրենք են ունենում, չեմ կարող այդ մասսայական դասախոսությունները կազմակերպել, եւ այլն։
– Աշխարհում ընդունված է, որ մեծանուն դերասանները թատերական բուհերում կուրսեր են հավաքում եւ այսպիսով ստեղծում են այն կադրերը, որոնք հետո պետք է փոխարինեն իրենց։ Մեր հայտնի դերասաններն ու ռեժիսորները, կարծես, մի քիչ պասիվ են այս գործում։
– Հայտնի դերասանը դեռ դասախոս չէ։ Դու կարող ես շատ լավ ռեժիսոր եւ դերասան լինել, սակայն չկարողանաս մատուցել այն ուսանողին։ Մեզ մոտ փորձել են դասավանդել անվանի մարդիկ, սակայն մի տարուց հետո հասկացել են, որ դա իրենց գործը չէ։ Մեր դասախոսական օղակը բավականին պինդ է։ Իհարկե, պետք է թարմացնել, որովհետեւ, եթե մենք ուզում ենք ապագա ունենալ, ապա պետք է ունենանք դասախոսներ, որոնց հետեւից կգնան։
– Անցած տարվա ընդունելության քննությունների ժամանակ նկատեցինք, որ բավական շատ դիմորդ կա։ Ինչո՞ւ են դիմորդները, չնայած թատրոններում աշխատավարձի ցածր լինելուն, ձգտում ձեր բուհ ընդունվել։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք արվեստասեր սերունդ ենք մեծացնում, թե՞ պարզապես հայտնի դառնալու ամբիցիաներն են շատ։
– Ռուսները լավ խոսք ունեն, ասում են «Լիցեդեյստվովատ» (դերասանություն անել.-Ա.Մ.)։ Դա մեր ազգի մեջ կա։ Մենք դա ոչ միայն կատարում ենք, այլեւ հաճույքով ենք կատարում։ Ծնողներին չես կարողանում ապացուցել, որ երեխադ այդ շնորհքը չունի։ Նա ուզում է, որ արվեստն իր երեխայի մեջ լինի։ Նրանք զգում են, որ եթե երեխան դրա պակասն ունենա, կարող է մարդ չդառնալ։ Արվեստ չսիրող մարդը հայ չէ։ Երբ մենք չենք սիրում, մենք շատ բան չենք կարող գնահատել։
– Իսկ ինչո՞ւ այդ նույն երիտասարդները թատրոն գրեթե չեն հաճախում, բայց մեծ սիրով դիտում են տարբեր շոուներ եւ հեռուստատեսային նմանատիպ հաղորդաշարեր։
– Եթե ուզում ես ազգը ոչնչացնել, առաջինը մշակույթը ոչնչացրու։ Մենք դրան ենք գնում՝ ճաշակազրկում ենք։ Այն մարդիկ, ովքեր այդտեղ փող են դնում, մի նպատակ ունեն՝ ոչնչացնել այս ազգը։ Ես հույս ունեմ, որ մի օր մեր հարուստները կհասկանան, որ դրա պատճառով իրենց բիզնեսը կկորցնեն։ Դուք գիտե՞ք ինչ արժեն այդ շոուների տոմսերը՝ «7 օր» է, «7 ու կես» է, ինչ է` 8-10 հազար դրամ։ Մարդիկ գնում են։ Բայց դա արվեստ չի։
– Գուցե այսօր թատրոնը չի՞ բարձրացնում երիտասարդներին հետաքրքրող թեմաները, դրա համար էլ երիտասարդները չեն հավատում թատրոնին։
– Պատկերացնո՞ւմ եք, եթե Մոցարտը մտածեր, որ 2007թ. իրեն Հայաստանում չպետք է լսեն։ Կամ, որ 2007թ. երիտասարդությունը Թումանյան չի կարդացել։ Թատրոնը մեղք չունի, թատրոնը համառորեն անում է այն, ինչ պետք է անի։ Եթե մենք, իբր թե, գնանք ժամանակի ետեւից ու նույն շոուներն անենք, մենք մեր ազգը չենք հարգի եւ կկործանենք այն, ինչ կուտակել էինք։ Եթե ասում են, որ շուկայական հարաբերությունը պարտադրում է այսպես կամ այնպես անել, ուրեմն` մենք պետք է լրիվ մոռանանք Պարոնյանին, Շանթին, Շիրվանզադեին, Սունդուկյանին ու վերցնենք մի բան, որ զվարճալի է, բայց ոչինչ չի նշանակում։ Արդյոք այսօր ազգն ասելիք չունի՞։ Դուք կարծում եք, որ մենք այս շոուներով մի բան ասո՞ւմ ենք։ Կապկում ենք միմյանց եւ վերջ։ Եթե մի օր թատրոններն էլ հոգնեն ու սկսեն զբաղվել նույն բանով, ուրեմն ես անաֆեմայի եմ ենթարկում այդ թատրոնը։ Ես ուրախ եմ, որ այսօրվա թատրոնների լիդերները համառորեն անում են իրենց գործը՝ բեմադրում են բարության, սիրո, ազգասիրության եւ գլոբալ հարցերի մասին ներկայացումներ։ Մենք իրավունք չունենք ծամածռություններ անել այնպես, ինչպես անում են այն մարդիկ, ովքեր դերասանների մեջ ամենահարուստն են։ Եվ ես ուրախ եմ, որ շատ լուրջ դերասաններ չեն գնում այդ ճանապարհով, չնայած նրանց մոտ, կարող է, ավելի հետաքրքիր ստացվեր։
– Ձեր դասախոսներից մեկը մի անգամ մի դիմորդի ասաց, թե «Թատերական ինստիտուտը բանակի բրոնյա չէ»։ Սա, փաստորեն, խնդիր է բուհի համար։
– Իհարկե, այդ խնդիրը կա։ Ամեն ինչ անում են, որ ընդունվեն, բայց հենց գալիս է այն պահը, որ իրենց պետք է դրսեւորեն, երեւում է, որ նա սովորելու համար չի եկել։ Ես համոզված եմ, որ ծնողների մոտավորապես 30 տոկոսը տղաներին բուհ են ուղարկում՝ բանակից ազատելու համար։
– Շուտով «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է լինելու, որի ընթացքում սովորաբար «մաստեր-կլասներ» են կազմակերպվում։ Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ ձեր բուհի ուսանողներին, ինչպես նաեւ շատ երիտասարդ դերասանների եւ ռեժիսորների, նման բաները չեն հետաքրքրում։
– Երբ ես ուսանող էի, հետեւյալ տենդենցը կար. երբ առաջին կուրս են ընդունվում` ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ են, երկրորդում՝ դառնում են ՀՀ ժողովրդական, հետո՝ վաստակավոր: Ավարտելիս հասկանում են, որ իրենք ոչինչ են։ Նույնն էլ այսօր է տեղի ունենում։ Մեր երիտասարդներին թվում է, թե դա իրենց պետք չէ։ Բանն այն է, որ իրենք դուրս գալու շուկա չունեն։ Իրենց հետաքրքրությունների դաշտը տեղայնացված է այս փոքր տարածքի մեջ։ Նաեւ սա տգիտության հետեւանք է։ Ես չեմ ամաչում եւ ասում եմ, որ 90 տոկոսը դպրոցներից դուրս է գալիս անգրագետ։ Ես բոլոր դիմորդներին հարցուփորձ եմ անում, թե ինչ են կարդացել։ Ու լսում եմ, որ նրանք դեռ նոր են սկսել «Սամվելը» կարդալ, եւ դեռ հարց է` կավարտե՞ն, թե՞ չէ։ Էլ չեմ ասում՝ Նար-Դոս, Թոթովենց եւ այլն։ Սա դպրոցի մեղքն է։ Բացի այդ, դաստիարակությունը շատ կարեւոր է։
– Իսկ ձեր բուհի ֆունկցիան մշակութային դաստիարակություն տալը չէ՞։
– Ես մեր ինստիտուտում շատ ջանքեր եմ գործադրում մակարդակը բարձրացնելու համար։ Նույնիսկ տարրական կուլտուրայի հարցում, որպեսզի մարդիկ կարողանան հարգել մեծին։ Մենք անհատականություն ենք մեծացնում, որը պետք է լինի կրթված ու բարեկիրթ։
– Սոս Սարգսյանը տարիքի պատճառով ստիպված եղավ թողնել ռեկտորի պաշտոնը։ Արդարացվա՞ծ որոշում է, որ 65-ն անց մարդիկ պետք է թողնեն այս պաշտոնը։
– Եթե ասեմ` սխալ է, կհասկանան, թե իմ 65-ն էլ է գալիս, դրա համար եմ այդպես ասում։ Ես համարում եմ, որ Սոս Սարգսյանը եթե նույնիսկ լիներ 90 տարեկան, բայց այնպես, ինչպես այսօր է՝ միտքը պայծառ, իհարկե, սխալ է նման որոշումը կիրառելն ու նրան հեռացնելը։ Բայց մի բան էլ կա. շատ անգամ մարդիկ կառչում են իրենց դիրքից եւ չեն կարողանում այլեւս կառավարել։ Իմ կարծիքով՝ կան մարդիկ, որոնք անփոխարինելի են։ Ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց Սոս Սարգսյանն անփոխարինելի է։