Ի տարբերություն ժամանակակից քաղաքական բառապաշարից գրեթե դուրս մղված «ապստամբություն», «խռովություն», «հեղաշրջում» բառերի, «հեղափոխությունը» շարունակում է գործածվել, բայց` իմաստափոխված կամ շատ ավելի լայն, հաճախ` քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ իմաստով։ Ուրեմն` տարբեր են նաեւ հեղափոխություն անելու ձեւերը։ Այսօր հայաստանյան իրականության մեջ առաջ են եկել քաղաքական պայքարի կամ ընդդիմության, քաղաքական պրակտիկաների նոր ձեւեր կամ առնվազն նոր անուններ` «Այլընտրանք», «Քաղաքացիական անհնազանդություն», «Իմպիչմենտ». հասարակության մեջ կատարված լուրջ փոփոխությունները ստիպում են քաղաքական գործունեության եւ պայքարի նոր ձեւեր փնտրել։
Խորհրդային վերջին տարիներին ազգային-ազատագրական պայքարի արենա դարձած Թատերական հրապարակը, վերանվանվելով Ազատության հրապարակ՝ հեգնականորեն 2000-ականների սկզբին արդեն բարեհաջող կերպով վերածվել էր ժամանցի եւ զվարճության տարածքի։ Կարծում եմ, այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը (առաջին հերթին` «Իմպիչմենտը»), ի թիվս այլ բաների, պայքարում են հրապարակի վերաքաղաքականացման համար։ Եթե այդպես է, ապա պայքարը դուրս է գալիս նեղ քաղաքական շրջանակից, ստանում սոցիալական եւ մշակութային շերտեր, վերածվում պայքարի` հանուն որոշակի արժեքների։ Նման պայքարը, որը բնորոշ է, այսպես կոչված, «նոր սոցիալական շարժումներին», ոչ միայն (եւ հաճախ` ոչ այնքան) մարդկանց համախմբում է որոշակի քաղաքական նպատակի շուրջ, այլեւ ձգտում փոփոխություններ մտցնել կառավարության նպատակների եւ արմատացած մշակութային արժեքների մեջ։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ներկա պայքարը նաեւ Ազատության հրապարակի համար է, նրա նշանակությունը փոխելու, վերաիմաստավորելու կամ նախկին իմաստը վերականգնելու համար։
Պայքար՝ հանուն իմաստի
Ակնհայտ է, որ տարածությունը եւ մասնավորապես` քաղաքային տարածությունը, տարածության կազմակերպման ձեւերն ու միջոցներն ունեն գաղափարաբանական եւ քաղաքական չափում։ Տոտալիտար հասարակությունների ճարտարապետության 20-րդ դարի օրինակները (Մոսկվա, Բեռլին), քաղաքական պայքարի ինչ-ինչ ձեւեր անկարելի դարձնող քաղաքային նախագծերը` Փարիզի լայնամասշտաբ վերակառուցումից (որի լայն պողոտաներն այլեւս պիտանի չէին բարիկադներ կառուցելու համար) մինչեւ 1960-ականների ուսանողական հուզումներից դաս քաղած ամերիկյան համալսարանական կամպուսների նոր ճարտարապետությունը, տարածության կազմակերպման եւ քաղաքականության միջեւ կապի առավել ակնհայտ դրսեւորման օրինակներ են։
Խորհրդային Երեւանում Օպերայի շրջակա տարածքը եւ Լենինի հրապարակը կազմում էին միմյանց լրացնող եւ, միաժամանակ, հակադրվող բեւեռներ։ Եթե վերջինն առավելապես նույնացվում էր մայրաքաղաքի պետական-կուսակցական, ապա առաջինը` հայության արդիականացումը մարմնացնող, արդիական բարձր ազգային մշակույթը (գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն, գեղանկարչություն) ստեղծած մարդկանց արձաններով հանդերձ (Թումանյան, Սպենդիարյան, Կոմիտաս, Թամանյան, Սարյան), ազգային-մշակութային ասպեկտների հետ։ Սա արդիական հավակնությունների ավելի, քան անթաքույց ձեւակերպման եւ ներշնչման, որոշակի արժեքների մարմնավորման եւ տեւականացման տարածություն էր` կազմակերպված ճարտարապետության եւ արձանագործության միջոցներով։ Օպերան` որպես շինություն եւ մշակութային հաստատություն, եւ մշակութային գործիչները, այսպիսով, Թատերական հրապարակին եւ շրջակա հանգստի գոտուն հաղորդում էին որոշակի խորհրդանշային լիցք` ողջ տարածությունը ներգրավելով արդիական-ազգային (որտեղ ազգայինն անբաժան էր խորհրդայինից) գաղափարաբանության հեռանկարի մեջ։
Հենց այս վայրը կարող էր լինել համազգային շարժման կենտրոնը, քանզի շարժումը լիովին տեղավորվում էր այդ հեռանկարի մեջ թե՛ իր պաթոսով, թե՛ պատրանքներով։ Այս շրջանում Թատերական հրապարակը նվիրագործվեց որպես բացարձակ քաղաքական նկրտումների ազդարարության ամբիոն եւ հանրությունը փոխակերպող անցումային ծեսի տարածություն։ Վերջին տարիներին մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու Երեւանի քաղաքային լանդշաֆտի արմատական փոփոխությունների, մասնավորապես` Օպերայի շրջակա տարածքը ժամանցի գոտու վերածելու ընթացքի մասին` ընդգծելով երկու հանգամանք։ Առաջինը սոցիալական տարածության վերաիմաստավորումն է` նվիրական նշանակություններից տարածությունը մաքրազերծելու միջոցով, արդիության տարածական եւ խորհրդանշանային պաշարների շահագործումն առեւտրային նպատակներով։ Երկրորդը` Ազատության հրապարակի քաղաքական չափումը ջնջելու իշխանությունների անթաքույց ցանկությունն է։ Որպես հանրային տարածության մի տեսակ, որը ոչ միայն զուգորդվում էր ազգային ինքնագիտակցության եւ հավաքական կամքի բարձր դրսեւորման, այլեւ ազատ զրույցի, խորհրդածության եւ քաղաքական բանավեճի հնարավորության հետ, Ազատության հրապարակն արժանի էր իշխանությունների հատուկ ուշադրությանը։ Անթույլատրելի էր թողնել այն՝ որպես վիճարկման ենթակա ասպարեզ, բաց պահել քաղաքական նոր հավակնությունների առաջ, որոնք, մուտք գործելով այդ տարածք, ցանկանում են ձեռք բերել հասարակական օժանդակություն եւ լեգիտիմություն։ Այսինքն` 2000-ականների սկզբին այս հրապարակում ընթացքի մեջ էր երկրորդ հեղափոխությունը` դանդաղ, աննկատ, որը վերածեց այն զվարճության եւ ժամանցի գոտու։ Այսօր այդ փոխակերպումն այլեւս փաստ է. մենք ապրում ենք նոր հասարակության մեջ։ Հրապարակում եւ շրջակա տարածքում կատարվող ամեն բան` համերգներ, տոնակատարություններ եւ այլ միջոցառումներ, այս կամ այն չափով ծառայում է սպառողական համերաշխության ամրապնդմանը, ներկա հասարակական կարգի վերարտադրությանը։ Հաստատվել են արժեքներ, որոնք, թվում է, անհնար է փոխել հանրահավաքներով ու երթերով… Տարածությանը որոշակի արժեքներ վերագրելու, նոր իմաստներ խարսխելու կամ հները վերականգնելու համար, ամենայն հավանականությամբ, հարկ է էապես ընդլայնել գործունեության շրջանակը (եթե ենթադրենք, որ տեղը, տարածությունն առաջվա պես զգայուն է նմանօրինակ պրակտիկաների նկատմամբ, մանավանդ, որ նոր արժեքներն ու իմաստներն այլեւս միավորող-համազգային չեն, այլ բաժանում են ազգը տարբեր հատվածների)։
Առայժմ համառոտ թվարկեմ այն դժվարությունները, որոնց, իմ կարծիքով, այսօր բախվում են Ազատության հրապարակի (եւ այդպես` անհատների ու խմբերի) վերաքաղաքականացման կամ այդ տարածության քաղաքական իմաստի վերջին պատառները փրկելու ջանքերը։
Ներկա հայաստանյան հասարակությունը մեծապես զուրկ է խորհրդահայության արդիական հավակնություններից եւ կարողություններից, իսկ երիտասարդությունն աճել է հենց այդպիսի պայմաններում։ Ազատության հրապարակը ոչ միայն ապանվիրականացվել է, այլեւ նոր սերնդին առհասարակ անծանոթ են նրա նախկին իմաստները. քաղաքացին վերածվել է սպառողի։ Փոխվել է տարածությունը, փոխվել է մարդը, փոխվել է հանրության միավորման սկզբունքը։ Մարդիկ շատ ավելի շարժուն են Հայաստանից հեռանալու իրենց հնարավորություններով (թեկուզ` երեւակայական) եւ միասնական ազգային պատկանելության շղթայով առաջվա պես խարսխված չեն «հայրենի հողին»։ Սրան հակառակ` հասարակությունը շատ ավելի տարասեռ է, անհատները` սոցիալական իմաստով նվազ շարժուն, քանի որ արդեն առաջ են եկել սոցիալական խավերն իրարից բաժանող բավական հստակ գծեր։
Վերջապես, վճռական գործոն է էլեկտրոնային մեդիայի ազդեցության հնարավորությունների էական մեծացումը. տասնյակ հեռուստաալիքների մատչելիության եւ բջջային հեռախոսների տարածվածության պայմաններում մարդիկ ապրում են հարաճունորեն մեդիականացվող տարածության մեջ։ Տպագիր խոսքը կորցրել է իր նախկին ուժը, իսկ էլեկտրոնային տեղեկատվամիջոցների բարեհաճությունը չվայելող քաղաքական շարժումը չի կարող ակնկալել նշանակալի զանգվածային ազդեցություն։
շարունակելի
www.hetq.am