«Օգնեք գտնել հայրիկիս»

29/06/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

«Իմ ամենամեծ երազանքներից է գտնել իմ ծնողներին եւ ապրել մի ընտանիքում»,- ասում է 21-ամյա Կարինեն: Նա մի փոքր շփոթված է ու իրականում չգիտի` ինչպես գտնի իր ծնողներին, քանի որ 11 տարի ապրել է «Զատիկ» մանկատանը եւ ծնողներից շատ քիչ տեղեկություններ ունի: Ասում է, որ վերջերս է սկսել մտածել այդ մասին: Այդ մտքից նորից շփոթվում է, հետո, կարծես արդարանալու համար, որ նախկինում չի մտածել իր ընտանիքի միացման մասին, ասում է, որ «Զատիկում» ապրած տարիների անհոգությունը մոռացնում է ամեն դժբախտություն եւ լքվածություն:

ՀՕՄ աշխատակից Աննա Մնացականյանը, տարիներ շարունակ շփվելով եւ աշխատելով մանկատան երեխաների հետ, նշում է, որ գրեթե բոլոր երեխաները` անկախ նրանից, թե ինչու եւ ինչ հանգամանքներում են հայտնվել մանկատանը, ձգտում են վերագտնել իրենց մորը, պաշտպանում են ասեկոսեներից եւ փայփայում մայրիկին տեսնելու իրենց երազանքը: «Երբեք ոչ մի բարեգործություն, խնամք եւ հոգատարություն նրանց համար ավելի կարեւոր չէ, քան մոր կողքին լինելը: Նրանք պաշտպանում եւ արդարացնում են իրենց մորը` նույնիսկ չիմանալով նրա մասին ոչինչ: Պաշտելու չափ սիրում եւ սպասում են»:

«Սովորաբար, իմ տարիքում երիտասարդ աղջիկներն ու տղաներն ուզում են արդեն ինքնուրույն ապրել, առանց ծնողների, բայց ես այնքան շատ եմ ուզում ապրել իմ ծնողների հետ, որ… գուցե ինձ հաջողվի նրանց գտնել եւ միացնել»,- ասում է Կարինեն: Երբ խոսում է իր երազանքի մասին, սկսում է ժպտալ: Հետո արդեն անիմաստ է դառնում հարցնել` արդյոք հնարավո՞ր է, թեկուզ գտնելուց հետո, միացնել նրանց, որովհետեւ դու էլ անմիջապես վարակվում ես մայրիկին եւ հայրիկին գտնելու երազանքով:

Կարինեի մայրը հիմա Լաչինում է ապրում: Հոր մասին ոչ մի տեղեկություն չունի, նույնիսկ լուսանկարը չի տեսել: Միայն անունն, ազգանունն ու հայրանունը գիտի` Զախարյան Սամվել Աբելի: «Մի քանի ամիս առաջ հայրս զանգել էր Լաչինի ոստիկանություն եւ հարցրել մորս` վարսավիր Անահիտ Հարությունյանին: Նրան այդպես են ճանաչում Լաչինում: Բայց մորս հետ չի կարողացել խոսել: Գիտեմ, որ հարցրել է մեր մասին, ասել է, որ ուզում է մեզ տեսնել, բայց ամաչում է: Մենք երկար տարիներ նրանից լուր չենք ունեցել: Ես չգիտեմ` որտեղից է նա զանգել, նաեւ չգիտեմ` որտեղից եւ ումից է խնդրել զանգի վերաբերյալ տվյալներ, որպեսզի պարզեմ նրա գտնվելու տեղը: Ես պատրաստ եմ ինքս գնալ նրա մոտ, միայն թե իմանամ, միայն թե օգնեք գտնեմ հայրիկիս»,- ասում է Կարինեն:

Զախարյանների ընտանիքը բաժանվել է 1990-ականներին: Կարինեն շատ քիչ բան է հիշում իր անցյալից: «Մինչեւ «Զատիկում» հայտնվելը մենք այնքան էլ լավ չենք ապրել, կարծես թե տուն էլ չենք ունեցել, ապրել եմ մայրիկիս ընկերուհու տանը: Ես հիշում եմ, որ մեզ տանից հարկադրաբար դուրս հանեցին, բայց ես չգիտեմ` դա մե՞ր տունն էր, թե՞ չէ: Չարբախում էինք ապրում: Փոքր քրոջս ու եղբորս տեղափոխեցին «Զատիկ», հետո էլ ինձ բերեցին»,- պատմում է նա: Հիմա Կարինեն արդեն 7 ամիս ապրում է չափահաս աղջիկների համար նախատեսված «Ծիածան» տանը, բայց ամեն օր այցելում է «Զատիկում» ապրող քրոջն ու եղբորը: «Ծիածանն» ու «Զատիկը» հեռու չեն իրարից: «Քույրս եւ եղբայրս միշտ ավելի մոտ են եղել, որովհետեւ միասին են տեղափոխվել «Զատիկ»: Ես որ եկա, նրանք ինձ չէին ճանաչում: «Զատիկում» ինձ հարցրին` արդյոք ուզո՞ւմ եմ ծանոթանալ քրոջս եւ եղբորս հետ: Բայց ես արդեն գիտեի, թե բակում խաղացող երեխաներից ով է իմ քույրը, ես անմիջապես դա զգացի: Հետո երբ ճանաչեցինք իրար, եղբայրս դժվարությամբ ընդունեց ինձ, բայց ես կարողացա շահել նրա սիրտը: Հիմա շատ լավ հարաբերություններ ունենք ու շատ մտերիմ ենք, բայց ես դեռ չեմ ասել, որ ուզում եմ մայրիկին ու հայրիկին գտնել…»,- ասում է Կարինեն:

Շուտով Կարինեն «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում բնակարան կստանա: «Շատ եմ կարոտելու «Զատիկը», այստեղ ապրած տարիներն անասելի անհոգ էին, ես հիմա չեմ կարողանում հավատալ, որ 11 տարին այսքան շուտ անցավ: Գուցե ուրիշ մանկատներում ամեն ինչ այլ կերպ է, քանի որ, երբ մարդիկ լսում են, որ «Զատիկից» եմ, սկսում են կարեկցել, բայց ես հիմա մտածում եմ, որ ավելի անհոգ եմ եղել, քան տարբեր դժվարություններ ունեցող շատ եւ շատ ընտանիքների երեխաներ: Բայց, իհարկե, հիմա ափսոսում եմ, որ անհոգությունս սահման չունենալու պատճառով՝ քիչ եմ մտածել լեզուներ սովորելու, ինքնուրույն կյանքին ավելի շատ հարմարվելու մասին»,- պատմում է Կարինեն:

Մանկատանը վեճեր լինում են հիմնականում այն ընտանիքների նման, որտեղ շատ երեխաներ կան եւ մեկ հեռուստացույց: «Վեճեր էլ են լինում, բայց մենք չենք նեղացել միմյանցից: Մեզ այդպես էին դաստիարակում: Իսկ դպրոց գնում էինք միասին: Մոտակա դպրոցում, որտեղ ես սովորել եմ, 200 աշակերտներից 80-ը «Զատիկից» էին: Պատկերացնո՞ւմ եք` ամեն առավոտ մոտ 80 հոգի միեւնույն հագուստներով. աղջիկները` կարմիր զուգագուլպաներով, իսկ տղաները` կապույտ բաճկոններով, գնում էր դպրոց: Հիշում եմ, որ բոլորս նույն հագուստն ու կոշիկն էինք հագնում: Իսկ դպրոց ծնողի փոխարեն դաստիարակին էին կանչում»: «Զատիկի» դաստիարակչուհիներից մեկը դարձավ Կարինեի կնքամայրը: «Շատերն ասում էին, որ ես համալսարան չեմ ընդունվի, բայց նա ասում էր, որ ես կարող եմ, ու ես կարողացա…»: Հիմա Կարինեն սովորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Մանկավարժություն եւ հոգեբանություն» ֆակուլտետի 1-ին կուրսում:

«Ծիածանում» Կարինեն ապրում է եւս 10 չափահաս աղջիկների հետ: Մի բարեգործական կազմակերպությունից ամսական ստանում է 15.000 դրամ, նաեւ բացիկներ է գործում, որոնք վաճառվում են 500-1000 դրամով: «Շատ մարդիկ պատկերացնում են, որ մանկատանը կյանքը շատ դաժան է, բայց այդպես չէ, համենայնդեպս «Զատիկում» այդպես չէ, ես ուրիշ տեղերում՝ չգիտեմ, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ ծնողների համար դժվար պահերին հայտնվեցի այստեղ, որտեղ ինձ շատ օգնեցին: Բայց հիմա մեծ եմ եւ ուզում եմ տեսնել մայրիկիս, բայց չգիտեմ՝ ո՞նց գնամ, ինչպե՞ս հանդիպեմ…»:

www.hetq.am