Զոհերը շատ են

12/05/2005

Անցած տարի Ռուսաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է 932 զինծառայող՝ յուրաքանչյուր չորրորդը` վերջ տալով կյանքին ինքնասպանությամբ։ Այս սարսափելի թվերը «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակել է գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բուսլովսկին։ Նա այլ թվեր էլ է նշել։ Օրինակ՝ 2003 թվականին գրանցվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 695 դեպք, իսկ 2004-ին եղել է 807 հանցագործություն։ Ռուսական Զինված ուժերի սպայակազմի 34%-ն ապրում է աղքատության մեջ։ Սոցիալական վիճակը վատթարացնում է նաեւ այն հանգամանքը, որ սպաների կանանց 40%-ը գործազուրկ է։ Գեներալ-լեյտենանտն ասել է նաեւ, որ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հնարավոր է լինում բանակ զորակոչել զինապարտների 4-6%-ին։

Զանգվածային հրաժարումը ծառայությունից եւ ինքնասպանությունների մեծ թիվը կապված է բանակում գոյություն ունեցող «դեդովշչինայի» հետ, ինչն իրենից ներկայացնում է ավագ զինծառայողների կողմից կիրառվող ճնշումների ու ծաղրի մի ամբողջ համակարգ։