Որքան էլ ազգային հարստությունների հորիզոնականում առաջին հերթին մատնանշվում է հայ ժողովրդի մտավոր ունակությունը, կամ, ինչպես մենք ենք սիրում ասել` մտավոր պոտենցիալը, նույնքան էլ զարմանալի է, որ այսօր մեր մտավոր սեփականության գործունեության բնագավառում նկատելի է պասիվություն: «Իհարկե, ներկայումս որոշակի հանգամանքներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, կա պասիվություն: Տարեկան ստացվում է 200-250 գյուտի հայտ, որտեղ գերակշռում են քիմիային, առողջապահությանը վերաբերող գյուտերը»,- ասում է Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը: Սա՝ այն դեպքում, երբ խորհրդային տարիներին, օրինակ, 1986թ.,Հայաստանից Մոսկվայի Գյուտերի հայտնագործությունների կոմիտե ներկայացվել է մոտ 1200 գյուտի հայտ: «Պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում հիմնարկ-ձեռնարկությունների վրա դրված էր որոշակի պլան: Միեւնույն է` այդ փաստը հաշվի առնելով հանդերձ, 2-3 անգամ հայտերի կրճատում է տեղի ունեցել: Այսօր մեր տնտեսությունում գոյություն ունեցող արտադրությունները հիմնված են որոշակի հոսքագծերի կիրառման վրա: Այսինքն` դրանք կատարելագործելու մեծ պահանջարկ չկա: Ուրախալի է, որ այժմ շատ ճանաչված մի կազմակերպություն փորձում է լուծել մի խնդիր, որն ի զորու չեն այդ հոսքագծերը լուծել: Տվյալ խնդիրը հատուկ է միայն Հայաստանին, եւ տեղում գտնվել են մասնագետներ, որոնք կարող են այն լուծել»,- հավելում է Ա. Խաչիկյանը: Լայն առումով` մտավոր սեփականություն ասելով՝ հասկանում են օրենքով ամրագրված մտավոր գործունեության որոշակի իրավունքներ, որոնք վերաբերում են մտավոր գործունեության արդյունքներին: Սա ամրագրված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրող կոնվենցիայում, որը ստորագրվել է 1967թ. Ստոկհոլմում: Ընդ որում` կոնվենցիայի մեջ հստակ թվարկված է, թե որոնք կարող են լինել մտավոր սեփականության օբյեկտներ: Ա. Խաչիկյանը մտավոր սեփականությունը բաժանում է 2 հիմնական ոլորտների` առաջինն արդյունաբերական սեփականությունն է, այսինքն` գյուտերին, արդյունաբերական նմուշներին, ապրանքային նշաններին եւ ֆիրմային անվանումներին վերաբերող իրավունքները, երկրորդը` հեղինակային եւ հարակից իրավունքների բնագավառն է: Արդյունաբերական սեփականության իրավունքը, որպես կանոն, վերապահված է համապատասխան օբյեկտի պետական գրանցման հիմքի վրա, իսկ հեղինակային եւ հարակից իրավունքները որեւէ գրանցում չեն պահանջում: Ա. Խաչիկյանը նկատում է, որ ԶԼՄ-ների կողմից շատ հաճախ նույնացվում են հայտնագործություններն ու գյուտերը: Այնինչ հայտնագործությունները եզակի դեպքեր են. նշված կոնվենցիայով դրանք նույնպես դասվում են մտավոր սեփականության շարքին, սակայն մտավոր սեփականության արդյունք չեն: Գիտական հայտնագործության սահմանման համաձայն, դրանք բնության մեջ օրինաչափորեն գոյություն ունեցող երեւույթներն են, որոնք մինչ այդ հայտնաբերված չեն եղել: Ա. Խաչիկյանը մեր իրականությունում հիշեց ընդամենը մեկ` 1970-ականներին Մեխանիկայի ինստիտուտում Չոբանյանի` մեթանների եռակցման հայտնագործությունը: Իսկ գյուտերի արտոնագրման համար ողջ աշխարհում 3 նախապայման կա` այն պետք է նորություն լինի, ունենա գյուտարարական քայլ եւ արդյունաբերության մեջ լինի կիրառելի: Հայաստանում գրանցված գյուտերն ավելի շատ պայմանավորված են գիտական կոչումների ստացման հանգամանքով: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ստեղծված գյուտերի առավելագույնը 5-10%-ը կարող են կիրառություն գտնել: Գյուտերի տնտեսական արդյունավետության մասին գործակալության փորձագետները եզրակացություն անելու իրավունք չունեն, այն կարող է որոշվել միայն տնտեսության մեջ կիրառելուց եւ որոշակի հետազոտություններ կատարելուց հետո: Մնացած գյուտերը մնում են ավելի «պահպանողական» հարթությունում` կազմելով հանրամատչելի տեխնիկական տեղեկատվության բաղկացուցիչ մաս: «Այսօր բազմաթիվ գիտաշխատողներ որոշակի գրանտներ ստանալու հիմունքով են աշխատում: Այսինքն՝ կնքված պայմանագրով ստեղծած գյուտի տնօրինման բոլոր իրավունքները փոխանցվում են պատվիրող կողմին: Տվյալ անձը մնում է իբրեւ գյուտի հեղինակ, եւ շատ դեպքերում Հայաստանում հայտ չի ներկայացվում: Այդ մարդկանց դատապարտելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նրանց մտավոր գործունեության արդյունքները դեռ պահանջարկ չունեն մեր տնտեսվարող սուբյեկտների կողմից: Ուրեմն, դրանք պետք է իրացնել այնտեղ, որտեղ դրա պահանջարկը զգացվում է»,- ասում է գործակալության պետի տեղակալը: Ա. Խաչիկյանը տեղեկացրեց նաեւ, որ 2008-09թթ. ընթացքում Հայաստանում կստեղծվի գնահատման գործունության մի համակարգ, համապատասխան իրավական հիմքով, որը կվերաբերի ոչ թե անշարժ կամ շարժական գույքին, այլ մտավոր սեփականության օբյեկտներին: Մասնագետների կողմից գնահատվելուց հետո դրանք կդառնան գրավի առարկաներ, ինչը կմեծացնի մտավոր սեփականության իրացման հավանականությունը: