Անուղղելի լավատեսը

24/06/2007

«Մենք հույս ունենք, որ նախագահները եւս մեկ անգամ կհանդիպեն մի քանի ամիս անց»,- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա համոզմամբ՝ հակամարտող երկրների նախագահները կարողացել են մեռյալ կետից շարժել երկխոսությունը: Մ. Բրայզան կարծիք է հայտնել, որ հակամարտող երկրներում, ինչպես նաեւ Մինսկի խմբի երկու համանախագահների երկրներում՝ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, կայանալիք ընտրությունները չեն խանգարի բանակցային գործընթացին, ապացույցն էլ՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Բրայզան հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում քննարկվող կարգավորման սկզբունքները կօգնեն վերջնականապես որոշել ԼՂ կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով: «Անհնար է գուշակել, թե ինչպես կքվեարկի ԼՂ-ն: Ես կարող եմ ասել, որ կողմերը մոտ են համաձայնությանը, եւ մենք հույս ունենք, որ գործընթացը կվերսկսվի աշնանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Բրայզան նաեւ հայտնել է, որ անցյալում Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին, եւ հնարավոր է, որ մասնակցի նաեւ ապագայում: