Մամուլը նրանց «աչքի փուշն» է

24/06/2007

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում փաստել է, որ ԱՊՀ անդամ 12 երկրներից 10-ում, այդ թվում՝ Հայաստանում, մամուլը գնահատվում է «ոչ ազատ»: «Այս երկրները չեն ապահովում հիմնարար երաշխիքները եւ պաշտպանվածությունը իրավական, քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչը բաց եւ անկախ լրագրության հիմքն է»,- փաստում է զեկույցը: Հայաստանը «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր է համարվում 2003 թվականից: 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ եթերից զրկվեց «Ա1+» անկախ հեռուստակայանը: Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին տարիներին ԱՊՀ երկրներում 4 միտում է նկատվում: «Նախ, ավտորիտար վարչակարգերը ուժեղացրել են լրատվամիջոցների վերահսկողությունը՝ հեռուստատեսությունն օգտագործելով որպես իշխանությունը պահպանելու նախընտրելի գործիք: Երկրորդ՝ օրենսդրական պտուտակներն էլ ավելի են ամրացվում տարածաշրջանում՝ լրատվամիջոցների վերահսկողությունն ուժեղացնելու եւ անկախ լրատվությունը սահմանափակելու նպատակով: Ավելի լայն ճնշման երրորդ մասը՝ աճող ուշադրությունն է միջազգային լրատվամիջոցների, մասնավորապես՝ միջազգային հեռարձակման նկատմամբ: Ռուսաստանի իշխանություններն, օրինակ, սեւեռել են իրենց ուշադրությունը «Ազատություն» ռադիոկայանի վրա: Այն ռադիոկայանները, որոնք վերահեռարձակում են «Ազատությունը», ենթարկվում են ստուգումների եւ հետապնդումների: Չորրորդ տարրն ուշադրության վերակողմնորոշումն է դեպի տպագիր լրատվամիջոցները: Վերջին տարիներին անկախ թերթերը դարձել են ավտորիտար իշխանությունների «աչքի փուշը»: Ընդ որում` առաջատար դերն այս հարցում պատկանում է Ռուսաստանին»,- ասված է զեկույցում: