Երեկ ժամը 19:30-ին Մարգարյանի անվան ծննդատան մոտից մի խումբ մարդիկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ միասին շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամը 20:00-ին ելույթ ունեցավ Ն. Փաշինյանը: Նա նշեց, թե մայիսի 12-ի «ընտրություններից» հետո ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, քանզի «Ճոյտին Սեյրան Սարոյանով փոխարինելը որակական փոփոխություն չէ»: Այնուհետեւ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք նախորդ շաբաթ հանդիպումներ են ունեցել Օհանավան գյուղում եւ Շենգավիթ համայնքում: «Մայիսին այստեղ 30.000 մարդ էր հավաքված, այսօր անհամեմատ քիչ ենք: Եթե դա իմ պարտությունն է, ես ընդունում եմ այդ պարտությունը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, թե ոմանք ասում են, որ սա քաղաքական գործչի համար ինքնասպանություն է: «Ես պատրաստ եմ գնալ այդ ճանապարհով, բայց միեւնույն է` քաղաքացին պետք է հաղթի»,- շարունակեց նա: Ն. Փաշինյանն իր ելույթում շատ կարեւորեց այն, որ ընդդիմությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցի մեկ թեկնածուով: «Ժողովուրդը նախագահի ընտրությանը պետք է մասնակցի մեկ թեկնածուով, եւ այդ թեկնածուի անունն է՝ «միասնական թեկնածու»: Ընդդիմությունը պետք է մասնակցի մեկ թեկնածուով, միասնական թեկնածուով, հաղթող թեկնածուով: Այդ թեկնածուն կարող է լինել Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը (առաջին նախագահի անունը ներկաները դարձյալ մեծ ոգեւորությամբ ընդունեցին.- Ռ.Թ.), Ստեփան Դեմիրճյանը… : Եթե հայրենի ընդդիմությունը չի կատարում ժողովրդի պահանջը (հանդես գալ միասնական թեկնածուով:- Ռ.Թ.), ապա չպետք է բողոքի, որ իշխանությունը նույնն է անում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Նրա ելույթի վերջում հավաքված մի քանի հարյուր ցուցարարները «պայքար, պայքար մինչեւ վերջ», «հեռացնենք միասին», «ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը» եւ այլ արտահայտություններ վանկարկելով Թումանյան-Աբովյան փողոցներով երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտվեց երեկվա միջոցառումը: Մյուս ուրբաթ, դարձյալ նույն ժամին Ազատության հրապարակում ելույթ կունենա Ն. Փաշինյանը: