ՀՀ Քաղաքաշինության նախարարության տվյալներով` Հայաստանում տարեկան գոյանում է ավելի քան 700.000 տոննա թափոն: Օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 450-470 տոննա կենցաղային աղբ, տարեկան` 170-180.000 տոննա: Այս տվյալները ներկայացվել են 2006թ. գարնանը` «Խելամիտ մոտեցում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում է
Հայաստանի 60 աղբավայրերից ոչ մեկում աղբի տեսակավորում եւ վերամշակում չի արվում: Փոխարենը գործում է ավելի հեշտ տարբերակը. աղբը դարսվում է տվյալ օրվա համար հատկացված աշխատանքային տարածքում, բուլդոզերներն աշխատանքային տարածքի երկայնական մասով տեղաշարժում են աղբը եւ խտացնում` ստեղծելով մինչեւ 0.3 մ հաստության շերտ: Այդ եղանակով անցած 50 եւ ավելի տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրում կուտակվել է ավելի քան 7.5 մլն տոննա կենցաղային աղբ, որից ճապոնական տեխնոլոգիայով պատրաստվում են 1.4 մգվտ էլեկտրաէներգիա ստանալ: Երեւանի քաղաքապետարանի 2006թ. տվյալների համաձայն` Նուբարաշեն տարվող աղբավայրում թափվող կենցաղային աղբի 10 %-ը թուղթ կամ ստվարաթուղթ է, 25 %-ը` մթերային թափոններ, 3 %-ը` տեքստիլ, 3 %-ը` պոլիէթիլեն, 5 %-ը` ապակի, 43 %-ը` քարեր, նստվածք, տիղմ եւ այլն: Աղբավայրերում շահագործման կանոնները չպահպանելու հետեւանքով կատարվում է թափոնների ինքնայրում` վտանգավոր նյութերի արտանետումներով: Աղբավայրերը, որպես կանոն, տեխնիկապես հագեցած չեն, չի իրականացվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի տոփանում եւ հողածածկում: Բացակայում են թափոնների տեսակավորման, վերամշակման եւ օգտահանման արտադրությունները: Վերամշակման թափոնների` թղթի, ստվարաթղթի, մետաղի, ապակու, պլաստիկի տեսակավորումը կատարվում է տարերայնորեն, հիմնականում աղբավայր մուտք գործող մարդկանց կողմից:
«Մենք չենք թափում ոչ մի բան»
Գործարար Յուրի Սահակյանի մոտեցումը կոշտ թափոնների խնդրում բացառապես գործնական է: Խորհրդային տարիներին արտադրված եւ արդեն հնացած, պլաստմասսայից մասեր ունեցող սառնարանները, լվացքի մեքենաները, լողատաշտակները, կանացի կոշիկների կրունկները, հեռախոսասարքերը եւ ընդհանրապես ցանկացած թափոն, որը կունենա պլաստմասսայից հումք, Յ.Սահակյանի արտադրամասում դառնում է շինարարական նյութ` պրոֆիլ (տրամատ):
«Հայտնի բան է, որ պլաստմասսայե նյութերը կարելի է շատ անգամ վերամշակել, բայց ես միակն եմ Հայաստանում, որ մտածեցի գործարկել մի արտադրամաս, որը կզբաղվի պլաստմասսայե թափոնների վերամշակմամբ երկրորդային հումքից պրոֆիլներ ստանալու համար»,- ասում է «Պոլի Սերվ» ընկերության հիմնադիր, տնօրեն Յուրի Սահակյանը: Արտադրամասն արդեն 8 տարի գործում է Աբովյանի նախկին տրիկոտաժի հիմնարկում, արտադրում է մոտ 100 տեսակի պրոֆիլ եւ Հայաստանում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: «Հումքն ինձ բերում են մարդիկ, որոնք այն հավաքում են տարբեր սառնարանների կամ լվացքի մեքենաների արհեստանոցներից, աղբավայրերից, փողոցներից: Ես այն գնում եմ 1 կգ-ը 1 դոլարով: Վերամշակելով երկրորդային հումքը` ես գումար եմ խնայում, քանի որ առաջնային հումքի 1 կգ-ն արժե մոտ 2 դոլար: Ընդ որում` իմ արտադրանքի որակը չի փոխվում, այլապես մենք չէինք լինի առաջատարների շարքում: Բացի այդ, աշխատելու իմ այս մոտեցումն ունի նաեւ բնապահպանական նշանակություն»,- ասում է պրն Սահակյանը: Արտադրամասն ամսական վերամշակում է 5-10 տոննա հումք, որի կեսը երկրորդային նյութից է: Արտադրամասի 1-ին հարկում շուտով կգործարկվի նոր տեխնոլոգիա, որով կվերամշակվեն պլաստմասսայե շշերն ու տարաները: «Ես 20 օր ապրեցի Գերմանիայում, որտեղ 4 գույնի աղբարկղեր կան տարբեր տեսակի աղբի համար: Դժվար բան չէ սովորել աղբը թափել համապատասխան աղբարկղերում, բայց դրա հնարավորությունը մեզ մոտ դեռ չկա»,- ասում է Յ. Սահակյանը: Հակոբ Բարսեղյանն ամեն ամիս մոտ 500 կգ պլաստմասսայե հումք է հանձնում «Պոլի Սերվ» ընկերությանը: Արդեն 10 տարի այս աշխատանքը նրան որոշակի լրացուցիչ եկամուտ է բերում, եւ նա արդեն հասցրել է ծանոթություն հաստատել սառնարան եւ լվացքի մեքենա վերանորոգողների հետ: «Ես գիտեմ, որ մարդիկ աղբավայրերից գտնում են տարբեր պլաստմասսայե իրեր, նույնիսկ կոշիկի տակացու են հանձնում վերամշակման համար: Եթե միտքդ աշխատացնես, դեռ շատ բան կարելի է գտնել ու վաճառել»,- ասում է Հակոբը:
Աղբավայրերի ինքնայրումը վտանգավոր է մարդու առողջության համար
Կենցաղային թափոններն իրենց բաղադրությամբ եւ տեսակով շատ բազմազան են: Դրանք կարող են լինել գործածությունից դուրս եկած փայտյա, մետաղյա, ապակյա, ռետինե իրեր, թուղթ, սննդի մնացորդներ, այգուց եւ բանջարանոցից գոյացած մնացորդներ, նաեւ պլաստիկ իրեր` միանվագ օգտագործման բաժակներ, շշեր, խաղալիքներ, պոլիէթիլենային տոպրակներ, լինոլեումի կտորներ, շինարարական նյութեր եւ այլն: Աղբավայրերն ինքնայրվում են, ինչի հետեւանքով միջավայր են արտանետվում օրգանիզմի համար վնասակար նյութեր` ազոտի եւ ծծմբի օքսիդներ, ածխաթթու գազ, թերայրման ժամանակ` ածխաթթվի մոնօքսիդ (շմոլ գազ):
«Օդն աղտոտվում է խիստ թունավոր կայուն օրգանական նյութերով` դիօքսիններով: Աղբայրումից գոյացած թունավոր նյութերը մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը: Այսպես` աղբայրման ժամանակ գոյացած հեղձուցիչ ծխից վատանում է սուր եւ քրոնիկ բրոնխիտով անձանց ինքնազգացողությունը: Աղբի թերայրման ժամանակ գոյացած շմոլ գազն արագ կապվում է արյան հեմոգլոբինի հետ եւ կասեցնում թթվածնի տեղափոխումը հյուսվածքներ: Պարալոնի (սպունգի), պոլիուրետան պարունակող իրերի (փափուկ կահույքի եւ ավտոմեքենաների նստատեղերի լցանյութ), նեյլոնե եւ այլ սինթետիկ կտորների այրումից գոյանում են խիստ թունավոր նյութեր` ցիանիդներ: Դրանք խախտում են արյան շրջանառությունը եւ հյուսվածքների ապահովումը թթվածնով, այսինքն` բերում են շնչառական եւ սրտանոթային հիվանդությունների սրացմանը»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը:
7.5 մլն տոննա կենցաղային աղբը հավասար է 1.4 մգվտ էլեկտրաէներգիայի
Երեւանի քաղաքապետարանը 2005-ից համագործակցում է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի օգտահանման մեթոդով էլեկտրաէներգիա ստանալու նախագծի իրականացման համար: Նախագծի նպատակն է՝ աղբավայրում նախկինում կուտակված մոտ 7.5 մլն տոննա աղբից հորատանցքերի միջոցով օգտահանել մեթան գազ, այն այրել եւ ստանալ էլեկտրաէներգիա: ՀՀ կառավարությունը 2005թ. հաստատել է այդ նախագիծը: 2006թ. «Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Բնապահպանության նախարարության եւ «Շիմիձու» կորպորացիայի միջեւ, որի իրականացման արդյունքում աղբավայրում կկանխվեն հրդեհները, եւ կմաքրվի շրջակա օդային միջավայրը: «Անցած շաբաթ «Շիմիձու» կորպորացիայի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների ընթացքում պարզվեց, որ նախկինում կնքված պայմանագրի որոշ հարցեր անհրաժեշտ է վերանայել: Փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու դեպքում աշխատանքները կարող են սկսվել: Ծրագրի տեւողությունը 16 տարի է: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 8 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է արտադրել մոտ 1.4 մգվտ էներգիա,- ասում է Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանը։ -Բացի այդ, մայրաքաղաքում աղբահանության հարցը ճիշտ կազմակերպելու համար մոսկովյան «Ավտոբանինվեստ-ցենտր» ՍՊԸ-ն Երեւանում 2005-2008թթ. ընթացքում կոշտ թափոնների համալիր ուսումնասիրություններ է իրականացնում: Ծրագրով նախատեսվում է Երեւանում կազմակերպել աղբահանության եւ սանմաքրման համալիր աշխատանքներ, նոր հատկացված տարածքում կառուցել կենցաղային աղբի տեսակավորման գործարան: Նշված աշխատանքների համար, ընկերության հաշվարկներով, անհրաժեշտ կլինի իրականացնել 20-22 մլն դոլարի ֆինանսական ներդրումներ»: Այս երկու ծրագրերն առայժմ քննարկումների փուլում են:
www.hetq.am