Կնճիռների՝ ժամանակից շուտ առաջանալը պետք է եւ կարելի է կանխել։ Պետք է սկսել այն ժամանակ, երբ դրանք դեռ չեն երեւում, թեեւ, երբ էլ սկսեք, ուշ չէ։ Խնամված մաշկը, նույնիսկ կնճռոտ, ավելի գրավիչ ու հաճելի է, քան չխնամվածը։ Կարեւոր է ոչ միայն քսուքի ընտրությունը։ Առավել կարեւոր է, թե որքան հետեւողական կլինեք։ Բայց միեւնույն քսուքները եւ դիմակները չեն, որ մաշկը պահպանում են կնճռոտվելուց։ Կան նաեւ այլ միջոցներ։
Ծիծաղը։ Սա առողջություն է։ Ծիծաղը երկարացնում է կյանքը։ Կնճռոտվելուց վախենալով չպետք է զսպել ծիծաղը, թեեւ կնճիռները նախ եւ առաջ ի հայտ են գալիս աչքերի անկյուններում, ըստ որում՝ ծիծաղից։ Ավելի լավ կլինի ցույց չտալ, որ վատ տրամադրություն ունեք, հոգնած եք, բարկացած։ Ավելորդ տեղը մի ծամածռեք դեմքը, բարկացայտ մի հավաքեք հոնքերը։ Դա նույնպես կնճիռներ է առաջացնում աչքերի շուրջը։
Աշխատեք չկկոցել աչքերը։ Եթե դուք կարճատես եք, հարկ է ակնոց կրել։ Արեւի պայծառ լույսից աչքերը պաշտպանեք մութ ակնոցներով։
Ամռանը մի չարաշահեք արեւի վաննաները։ Արեւը չորացնում է մաշկը, այն դարձնում է զգայուն։ Պայծառ լույսը խորացնում է արդեն հայտնված կնճիռները եւ ավելացնում նորերը։ Արեւայրուքից դեմքի կնճիռներն ավելի որոշակի են գծագրվում։
Հսկեք սնվելու ռեժիմը։ Չե՞ք չարաշահում, արդյոք, սննդարար քաղցր ուտելիքները։ Հնարավոր է՝ շատ եք ծխում, քիչ եք լինում մաքուր օդում, վատ եք քնում։ Քիչ շարժունությունը նույնպես երբեմն դառնում է վատ եւ անկումային տրամադրության պատճառը։ Իսկ դրանից կորչում է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, տեղ գնալու ցանկությունը։ Սա մի տեսակ կախարդական օղակ է, բայց աշխատեք դուրս պրծնել դրանից եւ ունենալ լավ տրամադրություն։ Իմացեք. վատ տրամադրությունն անպայման անդրադառնում է դեմքին։ Այնուամենայնիվ, մի՞թե սա անհնար է։ Ո՛չ։ Լավ տրամադրությունը հրապուրիչ արտաքինի երաշխիք է։ Կնճիռների պրոֆիլակտիկան սկսվում է մարդու ներքինից։