ՀՀՇ-ն կառաջադրի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը

22/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Հայոց Համազգային Շարժում» կուսակցությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու է սեփական թեկնածուով: Մի քանի ամսից կուսակցությունը համագումար կհրավիրի, որտեղ էլ կառաջադրի իր թեկնածուին: Այդ թեկնածուի անունն արդեն այսօր հայտնի է. դա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

«Երբ կսկսվեն առաջադրումները, այդ ժամանակ բոլորդ ականատես կլինեք, որ լրիվ ուրիշ մրցապայքար է գնալու, եւ ընտրություններն ամբողջությամբ այլ հունով են ընթանալու: Այս ընտրությունները (ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունը.- Ռ.Թ.) իշխանությունների սպասված հունից դուրս են գալու եւ խստագույնս տարբերվելու են»,- վստահեցրեց Ա. Զուրաբյանը: Նա փաստեց, որ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն նախապատրաստվում է նախագահական ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը գտնում է, որ Ս. Սարգսյանին չի հաջողվի հաղթել այդ ընտրություններում: «Երբ մենք խոսում ենք Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուի մասին, մենք ելնում ենք հետեւյալից. ակնհայտ է, որ Ս. Սարգսյանին հաղթելու համար պետք է կանգնած լինի անհատ եւ քաղաքական ուժ, որը կարող է այդ խնդիրը լուծել: Եթե թվարկենք բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, ապա կտեսնենք, որ դրանց մեջ չկան մարդիկ, որ կարող են հաղթել: Այսինքն՝ հաղթել կարող է յուրաքանչյուրը, բայց արձանագրել հաղթանակի արդյունքը, կարծում եմ, նրանցից որեւէ մեկը չի կարող»,- նշեց Ա. Զուրաբյանը: Խոսելով ընդդիմադիրների միասնականության մասին՝ նա նշեց, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում` ընդդիմության մի որոշակի հատվածը միասնակա՞ն է լինելու, թե՞ ոչ, որովհետեւ ընդդիմության այդ հատվածի «տեսակարար կշիռը քաղաքական պրոցեսների վրա՝ ազդեցության առումով զրո է կամ զրոյին մոտ»: «Կարող է լինել 50 թեկնածու, որովհետեւ Ս. Սարգսյանը գոնե 50 հոգու կարող է ֆինանսավորել, որ առաջադրվեն, որ ասի՝ տեսաք՝ միասնական թեկնածու չեղավ: Խնդիրը սա չէ: Խնդիրը սա է. կարողանալ ձեւավորել ծանրության կենտրոն, որը կարող է հակակշիռ լինել իշխանական թեկնածուին»,- գտնում է նա: Եվ ամենակարեւոր հարցը. իսկ առաջին նախագահն իր համաձայնությունը տվե՞լ է՝ իրեն նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Ի պատասխան այս հարցի՝ ՀՀՇ վարչության նախագահը նշեց, թե «համաձայնեցման գործընթացը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կարող է ընթանալ առաջադրումից մի քանի օր առաջ»: Ա. Զուրաբյանը նկատեց, որ 10 տարի առաջ առաջին նախագահի նշած մարտահրավերներն ու խնդիրներն այսօր էլ առկա են, իսկ նրանք, ովքեր այն ժամանակ խոսում էին 8 հազար քառակուսի կիլոմետրանոց անկախ Ղարաբաղից, «թող այսօր հատ-հատ պատասխանեն ամեն օր Ադրբեջանի կողմից հնչող ռազմական սպառնալիքներին»: Այդ սպառնալիքներին իշխանությունների փոխարեն երեկ պատասխանեց Ա. Զուրաբյանը՝ նշելով. «Լինելով ՀՀ քաղաքացի, ներկայացնելով քաղաքական ուժ, որը ռազմական հաղթանակ է տարել՝ ես հայտարարում եմ, որ ՀՀՇ-ն պատրաստ է ռազմական իրավիճակում ստանձնել քաղաքական պատասխանատվությունը եւ եւս մեկ անգամ հաղթել ցանկացած՝ մեզ պարտադրվող պատերազմում»: Անդրադառնալով օրերս «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի հայտարարությանը, թե աջ ուժերը պետք է ինքնալուծարվեն ու ձեւավորեն մի հզոր կուսակցություն՝ Ա. Զուրաբյանը երեկ ասաց. «Սուրենյանցը նշում է, թե պետք է ստեղծվի «խաղաղության կուսակցություն»: Կարծում եմ՝ հղում է արվում Տեր-Պետրոսյանի համապատասխան հոդվածին, եւ կարծում եմ՝ բոլորին հասկանալի է, որ այնտեղ, երբ խոսվում է «պատերազմի եւ խաղաղության կուսակցությունների մասին», որ կուսակցություններն են դրանք: Այսինքն՝ «խաղաղության կուսակցությունն» ի սկզբանե եղել է. դա ՀՀՇ-ն է»: Հետագայում, բանախոսի խոսքերով, աջ-ազատական դաշտում յուրաքանչյուր քաղաքական ուժ ստեղծվել է ՀՀՇ-ից դուրս եկած մարդկանց կամ այնտեղ որոշակի առնչություններ ունեցող մարդկանց կողմից: Ըստ Զուրաբյանի, այս առումով լավագույն օրինակը «21-րդ դար» կուսակցությունն էր, որը մի քանի տարի առաջ ինքնալուծարվեց եւ միացավ ՀՀՇ-ին: «Մեզ մոտ պետք է գոնե մեկ անգամ այն տրադիցիայից դուրս գալ, որն իշխանություններն են թելադրում: Իսկ այդ տրադիցիայի հիմքում ընկած է հետեւյալը, որ յուրաքանչյուր ընտրական պրոցեսից առաջ ձեւավորվում են ինչ-որ քաղաքական նոր կուսակցություններ, ուժեր, որ ինչ-որ հայտ են ներկայացնում: Պետք է այդ տրամաբանությունից դուրս գալ եւ գնալ այլ ճանապարհով: Համոզված եմ, որ որեւէ հակասություն չկա ՀՀՇ, «Հանրապետություն» եւ մի շարք այլ քաղաքական ուժերի գաղափարական սկզբունքների, մոտեցումների միջեւ։ Ըստ այդմ՝ պետք է ինչ-որ տեղ առաջնորդվել նրանով, որ ՀՀՇ-ն գործում է 1988-ից, արդեն որոշակի ավանդական բնույթ ունի, այդ առումով, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ այս կուսակցությունները գնային այդ ճանապարհով»,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը: Վերջինս գտնում է նաեւ, որ 2008-ին ՀՀ նախագահի ընտրությունից հետո պետք է լուծարվի մայիսի 12-ին «ընտրված» ԱԺ-ն եւ պետք է վերանայվեն սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Հիշեցնելով, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հաջողվեց Հայաստանը մաքրել որոշակի քրեական տարրերից եւ «թաղի լավ տղաներից», Ա. Զուրաբյանը նկատեց, որ հիմա գնում է «այդ տիպի վերականգնողական աշխատանքը»: Նրա խոսքերով՝ դա արվում է, որովհետեւ երբ իշխանություններն իրենք անօրինական են, պետք է փորձեն ձեւավորել այն անօրինական ստրուկտուրաները, որոնց հիման վրա էլ կարողանան իրենց խնդիրները լուծել: «Ասենք, որեւէ շենքի բնակիչներին ընտրության տանելու համար անհրաժեշտ է որեւէ մեկը, որից վախենում են, եւ այս մեխանիզմը հղկված ձեւով իրականացվում է: Սրա հետեւանքով տեղի են ունենում բազմաթիվ քրեական հանցագործություններ, որոնց մասին մամուլը գրում է, սակայն մի քանի օր հետո հարցը դառնում է ոչ արդիական, եւ գնում է գործի կոծկման փուլ: Օրինակ, Գյումրիի վերջին դեպքերը»,- նշեց նա: Բանախոսը երեկ պատասխանեց նաեւ «Որքանո՞վ էր սպասված ՕԵԿ-ի ու «Ժառանգության» մուտքը խորհրդարան» հարցին՝ ասելով, թե, բնականաբար, պառլամենտում ինչ-որ ընդդիմադիր ուժեր պետք է հայտնվեին: «Ակնհայտ է նաեւ, որ եթե նայենք նույն իշխանություններին, թե ո՞ւմ ավելի հարմար կգտնեին տեսնել պառլամենտում, հաստատ համոզված եմ, որ նրանք իրենց համար հարմար չէին գտնի պառլամենտում տեսնել, ասենք, ՀՀՇ-ին, որովհետեւ ակնհայտ է, որ այստեղ լուրջ քաղաքական բանավեճի խնդիր կառաջանար: «Ժառանգություն» կուսակցությունը խոսում է այն մասին, թե պետք է համագործակցի բոլոր ուժերի հետ… : Ինչ-որ տեղ դա նման է ՀՅԴ-ի դիրքորոշմանը, որն ինչ-որ տեղ հայտարարում է, թե ինքն իշխանություն է, եւ մասնակիորեն էլ ընդդիմություն է: Անհասկանալի պրոցես կա այստեղ»,- թեման եզրափակեց Ա. Զուրաբյանը: