«Բարի ցարի» եւ «չար բոյարների» մասին լեգենդը Ռուսաստանում արմատավորվել է դեռեւս միջնադարյան ժամանակներից։ Լեգենդի իմաստն այն էր, թե իբր ցարը շատ բարի է, շատ է սիրում հասարակ ժողովրդին, պարզապես տեղյակ չէ, թե «չար բոյարներն» ինչ սոսկալի անօրինություններ են կատարում ժողովրդի նկատմամբ։ Լեգենդը պահպանվել է նաեւ խորհրդային տարիներին։ Փոխվել է միայն ձեւը։ Տեղական չինովնիկների անօրինությունների մասին մարդիկ նամակներ են գրել Կենտկոմ, Կրեմլ եւ նույնիսկ Լենինի դամբարանին։ Եվ որպեսզի լեգենդը կենսունակ մնա, ժամանակ առ ժամանակ այդ բողոքներից մի քանիսին «ընթացք է տրվել»։
Ըստ էության, նույնը կատարվում է նաեւ այսօրվա Հայաստանում։ Իրենց տներից ապօրինաբար վտարվածները («իրացման գոտիների» բնակիչների մասին է խոսքը) դիմում են Սերժ Սարգսյանին, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դիմում է Սերժ Սարգսյանին, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկինը դիմում է Սերժ Սարգսյանին, եւ այդպես շարունակ։ Ընդ որում, եւ՛ իրացման գոտու բնակիչները, եւ՛ Իսրայել Հակոբկոխյանը, եւ՛ տիկին Մելիսա Բրաունը բողոքում են սովորական ապօրինությունների դեմ, որովհետեւ բոլոր երեք դեպքերում էլ ամենակոպիտ ձեւով ոտնահարվել են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Իսկ Սերժ Սարգսյանը, որն ի պաշտոնե որեւէ կապ չունի այդ ամենի հետ (համենայն դեպս՝ վարչապետի ֆունկցիաների մեջ նման լիազորություններ նշված չեն), խոստանում է հետաքրքրվել եւ օգնել։ Այստեղ նույնպես հաջողությամբ աշխատում է «բարի ցարի» սինդրոմը։ Իբր՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ Հայաստանում ընտրություններ են կեղծվում, մարդկանց ապօրինաբար վտարում են իրենց տներից, քաղաքական գործիչների նկատմամբ անհեթեթ քրեական գործեր են սարքվում, եւ այլն։ Եթե իմանա՝ թույլ չի տա։
Բանն այն է, որ մի քանի դեպքերում Սերժ Սարգսյանը երեւի իսկապես «կօգնի» ու մի քանի առանձին հարցեր կլուծի՝ հենց թեկուզ միայն քարոզչական նպատակներով։ Բայց դրանից համակարգը չի փոխվի։ Հո չե՞ն կարող իշխանական տարբեր օղակների ապօրինություններից տուժածները հինգ րոպեն մեկ վազել Սերժ Սարգսյանի մոտ։ Ի վերջո, լավ ղեկավարը նա չէ, ով ընդունում է քաղաքացիներին ու «մեծահոգաբար» լուծում նրանց պրոբլեմները։ Լավ ղեկավարը նա է, ով այնպիսի համակարգ է ստեղծում, որտեղ չինովնիկներն այդպիսի «պրոբլեմներ» չեն սարքում քաղաքացիների գլխին։ Խնդիրը «թագավորի» բարի կամ չար լինելը չէ, խնդիրն այն է, որ մեզ ոչ թե թագավորի, այլ օրենքի իշխանություն է պետք։ Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ Սերժ Սարգսյանը լա՞վ վարչապետ է, թե՞ վատ, բարի՞ նախագահ կլինի, թե՞ չար։ Խնդիրն այն է՝ նա ի վիճակի կլինի՞ կամ կցանկանա՞ հաստատել օրենքի իշխանություն։ Մեր մեջ ասած՝ հազիվ թե ցանկանա։ Այսպես եւ՛ ավելի հեշտ է, եւ՛ ավելի հաճելի։ Ենթականերն ապօրինություններ են գործում, ինքը մեծահոգաբար դրանց չնչին տոկոսը կարգավորում է։
Այստեղ մի ուրիշ պրոբլեմ էլ կա։ Բանն այն է, որ ընդդիմության առաջնորդների հիմնական մասը նույնպես գործում է նույն տրամաբանությամբ։ Այսինքն՝ նրանք փորձում են ժողովրդին համոզել, որ իրենք ավելի բարի «թագավոր» կլինեն, ավելի շատ քաղաքացիների կընդունեն, ավելի շատ պրոբլեմներ կլուծեն, եւ այլն։ Իհարկե, գրեթե բոլորը խոսում են նաեւ «համակարգային փոփոխությունների» մասին, բայց երբ փորձում ես հասկանալ, թե որոնք են լինելու այդ փոփոխությունները, բանից պարզվում է՝ խոսքն ընդամենը կոռուպցիայի դեմ վճռական պայքարի մասին է։
Իսկ ամենացավալին այն է, որ հասարակության մի զգալի մասն էլ է գերադասում օրենքի իշխանության փոխարեն՝ բարի թագավոր ունենալ։ Ցանկացած հարցում ցույց է տալիս, որ հասարակության զգալի մասի համար լավ ղեկավարը նա է, «ով մտածում է էս ժողովրդի մասին»։ Ուշադրություն դարձրեք՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության մեջ, ո՛չ առանձին օրենքներում բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքների եւ պատասխանատվությունների մեջ «ժողովրդի մասին մտածելու» վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Ժողովրդի մասին պիտի մտածեն միայն օրենքները, իսկ իշխանությունները պիտի գործեն բացառապես այդ օրենքների շրջանակներում։ Թուրքական սուլթանները, արաբական խալիֆները կամ ռուսական ցարերն էլ էին մեկ-մեկ հասարակ մարդկանց ընդունում ու ներման հրամանագրեր արձակում, բայց դրանից այդ երկրների ժողովուրդների վիճակը չէր լավանում։