Պարզապես թողեք աշխատենք

22/06/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու գաղափարն առաջին իսկ օրից չուներ այն հարցերի պատասխանը, թե ինչպես են հայտնաբերելու թաքնված զբաղվածությունը: Կասկածյալ աշխատողի մասով Աշխատանքային տեսչության տեսուչի կասկածամտությունը գործատուն կարող է փարատել` ասելով, որ տվյալ անձն իր մտերիմն է եւ այս պահին իր հյուրն է: Աշխատանքային տեսչության պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանն էլ հավելում է, թե երբեմն էլ կասկածելի օբյեկտն իրենց ներկայության ժամանակ հանգիստ լքում է աշխատավայրը: Գործատուն խնդիրը հարթում է կրկին հյուրի մասին պատմությամբ: Աշխատանքի տեսչությունն արդեն 3 տարի է, գործում է, եւ այս կառույցի կատարած աշխատանքների մասին էլ զրուցեցինք պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանի հետ:

– Թաքնված զբաղվածությունն ունի երկու բնորոշում. առաջինն՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքների կատարումն է, երկրորդը` օրենսգրքի եւ այլ իրավական խախտումներով աշխատանքային պայմանագրերով կատարվող աշխատանքը: Այս խախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով գործում է միեւնույն հոդվածը:

– Որքա՞ն է կազմում առավելագույն տույժը:

– Առավելագույնի համար սահմանափակում չկա: Տվյալ դեպքը կարող է կրկնվել մի քանի աշխատողների համար: Օրինակ, յուրաքանչյուր անօրինական աշխատողի համար տուգանքի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը` 50.000 դրամ: Տուգանքի ամենացածր շեմն օրենքով սահմանված է սոցիալական քարտի կամ քարտին փոխարինող այն տեղեկանքի վրա, որով քաղաքացին հավաստում է, որ հրաժարվել է սոցքարտից, բացակայության համար` 20.000 դրամ:

– Ունե՞ք ուսումնասիրություններ, թե որքան է կազմում հանրապետությունում թաքնված զբաղվածությունը:

– Թաքնված զբաղվածության մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու համար անհրաժեշտ տվյալներ չունենք, քանի որ երկրում գրանցված մոտ 120.000 գործատուների մոտ Աշխատանքի տեսչությունը մոտ 4000 ստուգում է իրականացրել: Նշյալ քանակի ստուգումները բավարար չեն թաքնված զբաղվածության պատկերը ռեալ ստանալու համար: Մեր իրավական դաշտի անկատարության պատճառով մենք լիարժեք ապացուցելու իրավասություններ չունենք: Ասենք, գնացինք-տեսանք, եւ այդ աշխատողները հեռացան այդտեղից: Չկա ոչ նկարահանելու եւ ոչ էլ ապացուցելու, ոչ էլ բերման ենթարկելու հնարավորություն: Անգամ հարցնելու դեպքում էլ կարող է եւ ընդհանրապես չպատասխանել մեզ: Ավելի հեշտ է հիմնավորել աշխատանքային պայմանագրի էական խախտումները: Խնդիրը լուծելու համար ցանկալի է, որ օրենքում փոփոխությամբ հնարավորություն տրվի կատարել տեսանկարահանումներ:

– Ինչպե՞ս եք ընտրում` ո՞ր կազմակերպություններում ստուգումներ անցկացնել: Օգտվո՞ւմ եք Հարկային պետական ծառայությանը ներկայացրած հաշվետվություններից:

– Ստուգումները սահմանվում են նախարարի կողմից, համաձայն ժամանակացույցի: Նաեւ օգտվում ենք հարկայինի տեղեկատվությունից: Միեւնույն կազմակերպությունում ստուգումը թույլատրվում է տարին 1 անգամ, եթե հետագայում այդ կազմակերպության վերաբերյալ չլինեն բողոք-դիմումներ:

– Խոշոր ձեռնարկություններին ինչպիսի՞ խախտումներն են տիպիկ:

– Այդ ձեռնարկություններում թաքնված զբաղվածությունն այնքան էլ մեծ չէ: Սրանց հատուկ է աշխատավարձերի վճարման ուշացումը:

– Վերջերս ստուգումներ եք անցկացրել «Հայ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում եւ հայտնաբերել եք լրացուցիչ աշխատողներ: Տուգանքի ի՞նչ շեմ է կիրառվել այս դեպքում: Եվ ո՞ր ձեռնարկության պարագայում եք գրել ամենամեծ տույժը:

– Համատեղությամբ աշխատանքի օրենքի խախտման դեպքեր հնարավոր է ցանկացած կազմակերպությունում, սակայն այս պահին չեմ մտաբերում կոնկրետ դեպք: Վարչական տույժն այս դեպքում 100.000 դրամ է սահմանված: Իսկ ամենամեծ տույժը կազմել է մոտ 17 մլն դրամ, իսկ ձեռնարկության անունը նշելն էթիկայի տեսանկյունից նպատակահարմար չեմ գտնում:

– Աշխատանքի տեսչությունն այսօր գործատուների համար մի նոր կոռումպացված մարմնի համբավ է հանել, երբ կարելի է տեսուչներին վճարել ու հանգիստ շարունակել գործունեությունը:

– Ցանկացած վարչարարություն իրականացնող մարմնի վերաբերյալ նման խոսակցություններն անխուսափելի են:

– Տեսչությունում որքա՞ն է կազմում ամսական միջին աշխատավարձը:

– Մոտ 100.000 դրամ:

Գուրգեն Մալխասյանն արդարացված է համարում Տեսչության գոյությունը: Պետական բյուջեն այս միավորին ծախսերի համար տարեկան հատկացնում է 220մլն դրամ, իսկ Տեսչության հավաքագրած տույժերը կազմել են մոտ 400մլն դրամ: Իր գործունեության ընթացքում Տեսչությանը հաջողվել է աշխատանքային դաշտ բերել մոտ 1000 աշխատողի: Այս նվազ թվի առկայությունը Մալխասյանը բացատրում է նրանով, որ Տեսչության հիմնական գործառույթը ոչ թե ստուգելն է, այլ` ուսուցանելը: Յուրաքանչյուր հինգշաբթի Տեսչությունը գործատուների համար սեմինար է կազմակերպում` մեկնաբանելով Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումներն ու նրբերանգները: Պարզվում է` «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից» կարգախոսը Հայաստանում միայն Աշխատանքային օրենսգրքին չի վերաբերում: Նման տրամաբանությամբ գործատուն կարող է պահանջել, որ Հարկային, Մաքսային մարմիններն իրեն տեղյակ պահեն օրումեջ փոփոխվող օրենքներին, կամ էլ` հասարակությունը կարող է պահանջել պետական մեղադրողից վերծանել Քր.օրի «որոգայթները»: Եվ այս ամենը՝ պետական բյուջեի հաշվին: Մեր իրողությունում հավերժ վեճի թեմա է, թե որքա՞ն է Հայաստանում գործազուրկների թիվը, եւ դեռեւս մեծ խնդիր է աշխատատեղերի հարցը: Ու այս ֆոնին կառավարման համակարգը գործատուների վրա տույժ ու տուգանքի ահռելի բեռ է դնում միայն այն բանի համար, որ գործավարական մատյաններում կան թերություններ: Առանց այդ էլ 120.000 պաշտոնապես գրանցված ձեռնարկություններից փաստացի 60 տոկոսն է գործում: Աշխատանքի տեսչությունը մատյաններից չի կարող այն կողմ անցնել, քանի դեռ շուկան աշխատողի պահանջարկ չունի: