Հալչող սառույցներ, տաք քննարկումներ

22/06/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Գերմանիայում «Մեծ ութնյակի» երկրների վերջին հանդիպման ժամանակ օրակարգային հարցերից էր Երկիր մոլորակի գլոբալ տաքացման խնդիրը: Աշխարհի հզորներն անհանգստանալու առիթ ունեն եւ թեպետ այս պրոցեսի կարգավորման համար զգալի միջոցներ են հատկացնում, սակայն UNEP-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքները մարդկությանը լուրջ մտորելու տեղիք են տալիս:

«Երկրագնդի գլոբալ տաքացման արդյունքում սկսել են հալվել Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի դարավոր սառցածածկույթները, որտեղ պահպանվում է մարդկության համար անհրաժեշտ ջրի պաշարների 98-99%-ը: Եթե Գրենլանդիայի սառցային ծածկույթն ամբողջությամբ հալվի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 7 մետրով կբարձրանա: Իսկ եթե անգամ Գրենլանդիայի սառցային ծածկույթը հալվի 20, իսկ Անտարկտիդայինը` 5 %-ով, դա կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման` 4-5 մետրով: Այս ամենը կարող է պատաhել հենց առաջիկա հարյուրամյակում, եթե չսահմանափակվեն դեպի մթնոլորտ ջերմային գազերի արտանետումները: Արդեն իսկ սառցային ծածկույթների, ձյունագագաթների հալման արդյունքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը 1870-2001թթ. բարձրացել է 20 սմ-ով: Ընդ որում` 1990-ից հետո օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրացել է 3 մմ-ով: Օվկիանոսի 1մ բարձրացման դեպքում շուրջ 145 մլն մարդ կհայտնվի ջրհեղեղների գոտում եւ այս երեւույթն առաջնահերթ սպառնում է Ասիա մայր ցամաքին: Հավերժ սառցաբեկորների մակերեւույթը, որոշ գնահատականներով, պարունակում է 750-950 գիգա-տոնն օրգանական ածխաթթու գազ, որի մթնոլորտ ներթափանցումը կարող է կործանարար լինել: Ներկայումս մթնոլորտում առկա է մոտ 750 գիգա-տոնն ածխաթթու գազ: Որոշ գնահատականներով, հավերժ սառած տարածքները կարող են հալվել մինչեւ այս դարի վերջը: Երկրագնդի տաքացումների ֆոնին նվազել է նաեւ ձյան տեսքով տեղումների քանակը: Մարդկության մոտ 40 %-ը` Ասիայում 2.4 մլրդ մարդ, ամառային շրջանում խմելու ջուրը ստանում է լեռնային ձյան հալքի արդյունքում: Ռիսկային գոտում են հայտնվել նաեւ աշխարհի ամենամեծ գետերը, որոնց ափերին ապրող շուրջ 1.3 մլրդ մարդ կարող է խմելու ջրի դեֆիցիտի խնդրի առաջ կանգնել: Կլիմայի փոփոխությունն իր հետ բերում է նաեւ գյուղատնտեսության, բնապահպանության, արդյունաբերության եւ ընդհանրապես բնակչության նոր պայմաններին ադապտացման խնդիր»,- ասվում է զեկույցում:

Միջազգային կառույցների գնահատականով, Հայաստանն իր էկոլոգիական խնդիրներով դասվում է միջինից ցածր երկրների շարքում: Թեպետ մի շարք բնապահպանական հարցերում անդամակցում եւ պարտավորություններ է ստանձնել միջազգային կազմակերպությունների առաջ: Ի՞նչ դասեր է քաղում Հայաստանն աշխարհի հզորների հավաքներից հետո: Մեր այս հարցին ի պատասխան՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, «ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի» նախագահ Կարինե Դանիելյանն ասաց. «Երկրագնդի կլիմայի փոփոխության հետ կապված մի քանի տեսակետներ կան: Ոմանք պնդում են, որ մարդու միջամտության արդյունքում է տեղի ունենում սառույցների հալչում: Որոշներն էլ այս պրոցեսները բնականոն են համարում եւ բացառում են մարդկային գործոնը, սակայն այս տեսակետին քչերն են հակված: Մի խումբ գիտնականների պնդմամբ էլ` բնական ցիկլը տանում է դեպի սառեցում եւ մարդու միջամտությունը կարգավորում է այս գործընթացը: Սակայն բոլորն են ընդունում, որ կլիմայի փոփոխությունն ակնհայտ է եւ երբեմն էլ, ասում են, կլիման «ցնորվել» է: Բնական էկոհամակարգերը ստեղծվել են միլիոնավոր տարիների ընթացքում, որոնք խիստ կապակցված են: Մենք փոխել ենք ամեն ինչ. մարդկությունը բազմացել է, վերափոխել է բնական էկոհամակարգերը: Մենք փոխել ենք կայունության եւ մոլորակի նորմալ կենսագործունեության համակարգը: Փոխում ենք ընդերքը, օդային, ջրային ավազանը, ջերմություն ենք արտանետում, անտառներն ենք ոչնչացնում, նոր նյութեր ենք արտանետում միջավայր: Երկու տարբերակ կա. կամ շարունակում ենք այսպես եւ բնությունն ինքն է կանոնակարգում` երկրաշարժեր, ջրհեղեղներ, տարերային աղետներ, ռեսուրսների պակաս եւ դեգրադացում: Կամ էլ առաջնորդվում ենք ՄԱԿ-ի փորձագետների առաջարկած կայուն զարգացման գաղափարով, որն ընդունվել է համաշխարհային հանրության կողմից: Այսինքն` փորձ է արվում տնտեսական զարգացումը ներդաշնակեցնել էկոլոգիական խնդիրներին: Որքանո՞վ է այս ծրագիրն իրականանալի, դժվար է ասել, սակայն զարգացած երկրները դեգրադացիայի փուլն իրենց երկրներում հաղթահարել են, թեպետ կորցրել են բնական էկոհամակարգերը: Մոլորակը մեկն է, եւ խնդիրները մասնակի հնարավոր չէ լուծել, եւ առաջատար երկրները զգալի ծրագրեր են իրականացնում աշխարհի երրորդ երկրներում»:

«Ութնյակի» նախորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին Հայաստանից մասնակցել են նաեւ Կարինե Դանիելյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունները։ «Մեծ ութնյակը» նայում է իրենց հարցերը եւ ամենաանբարենպաստ վիճակում գտնվող երկրների իրավիճակը: ԱՊՀ երկրների հասարակական կազմակերպությունները հարց են բարձրացրել` անդրադառնալ նաեւ իրենց երկրների խնդիրներին: Հայաստանի մասով ներկայացվել է գիտական ներուժին աջակցելու հարցը: Գիտական ներուժի կորուստը համամոլորակային կորուստ է համարվում, որը հնարավոր չէ վերականգնել մի քանի տարիների ընթացքում, եւ այս վիճակը խիստ տիպիկ է Հայաստանին: Կանադան համաձայնել է գիտական հատվածի վերականգնման մասով աջակցել Հայաստանին: Ճապոնիայում անցկացված Ասիական բանկի 40-ամյակի առթիվ միջոցառումների շրջանակներում հասարակական հատվածի ներկայացուցիչներին հաջողվել է որոշակի ծրագրերի աջակցման հարցում նույնպես համաձայնություններ ձեռք բերել: Միջազգային դոնորների միջոցները հիմնականում սպասարկում են հզոր երկրներին, մանր եւ միջին բիզնեսի շահերը պետք է կարողանա պաշտպանել քաղաքացիական հասարակությունը: Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով ՀՀ-ին տրվող միջոցները ոչ մի կերպ չեն թեթեւացրել տեղական խնդիրները: «Մենք մի ազգ ենք, որ կարծես թե պատերազմ ենք հայտարարել բնությանը: Ոչնչացրինք մեր անտառները: Չնայած բարձրացրինք Սեւանա լճի մակարդակը, բայց չմաքրեցինք ափերը, որի արդյունքում էլ շատ տեղերում սկսել է ճահճացման գործընթացը: Սրան զուգահեռ՝ ձուկն այնպես ենք ջնջում լճում, որն էլ իր հերթին ավելի է նպաստում ճահճացմանը: Անհասկանալի տեմպերով արդյունահանում ենք ընդերքը: Խնդիրն այստեղ ռեսուրսների սպառման մեջ չէ, այլ` շահագործման պրիմիտիվ մեթոդների: Եթե այսպես շարունակեն, Հայաստանի ողջ տարածքը կվերածեն Լուսնի պեյզաժի: Հնարավոր չի լինի զբաղվել գյուղատնտեսությամբ, երկիրը պիտանի չի լինի բնակության համար: Գուցե եւ որոշ մարդիկ շատ հարստանան, սակայն երկիրը կդառնա անմարդաբնակ` հագեցած թափոններով: Մենք արդեն իսկ ունենք Ախթալայի պոչամբարի վտանգը, որն ուղղակի աղտոտում է գետը: Ունենք Դաստակերտի պոչամբարի արտահոսքի նախադեպը, Երեւանից ոչ հեռու գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը, որոնք այնքան էլ հեշտ չէ թույլատրելի նորմերի մեջ պահելը: Մեզ մոտ ամեն ինչ համապատասխան չափանիշներով չի արվել եւ չի արվում: Ի վերջո, խիստ վտանգված են կանաչ տարածքները: Եվ տպավորություն է ստեղծվում, թե մենք գենետիկորեն դեմ ենք բնությանը, բնությունը մեր թշնամին է»,- գնահատական է տալիս մասնագետը:

1967թ. տվյալներով` Երեւանը համարվել է հանգստի գոտի: Կանաչ տարածքները հասել են մոտ 280 հեկտարի կամ 79.4 %-ի: Նախկինում ակտիվ հանգստի գոտի էր համարվում Հրազդանի ձորը: Այստեղ հողհատկացումները վերջնականապես ապականեցին Հրազդան գետը: Հաջորդ դարը ջրի «պատերազմ» է լինելու. ահազանգը դեռեւս չի հասել Հայաստանի տեղական իշխանություններին, ուստի մայրաքաղաքով հոսող Գետառի աղտոտման խնդրից ազատվելու համար քաղաքապետարանը որոշել է կառուցապատել գետը: «Նախկինում գետի ափերին բնական էկոհամակարգ էր ստեղծվել, եւ բույսերն էլ իրենց արմատներով մաքրում էին գետը: Լավ կլիներ` գետն աղտոտված չլիներ, սակայն գետը փակելը շատ ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ: Ճապոնիան, լինելով ամենազարգացած երկրներից, ունենալով նման գիտատեխնիկական առաջընթաց, միաժամանակ իր ամենամեծ հարստությունը համարում է իր բնությունը: Այնտեղ ոչ թե ծաղկանոցներ են քաղաքում, այլ քաղաքն է ծաղկանոցներում: Մեր իրողությունում չեն սիրում կառուցապատում անել ազատ տարածքներում: Նման ակնառու օրինակ է «Հաղթանակ» զբոսայգին եւ հարակից անտառը: Կառուցապատումները կատարեցին անտառի ավերման հաշվին: Աշխարհն այսօր հասել է այն մակարդակին, որ այն ազգերը, որոնք գենետիկական արատներ ունեն, այս մոլորակի վրա տեղ չունեն կամ էլ պետք է ուղղվեն»,- ասում է Կարինե Դանիելյանը: