Ի՞նչ երաժշտություն են նախընտրում տաքսու վարորդները

22/06/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների շարքը, մենք այս անգամ կներկայացնենք, թե վարորդներն ի՞նչ երաժշտություն են լսում: Վարորդների երաժշտական ճաշակն առանձնապես աչքի չի ընկնում բազմազանությամբ, քանի որ նրանցից շատերը թվարկեցին հետեւյալ երգիչների անունները` Սպիտակցի Հայկո, Արմենչիկ, Արազ, Թաթուլ:

«Հայկական էստրադայի շեդեւրները մոռացվեցին»

Վարորդ Սուրենն, ի տարբերություն մյուս վարորդների՝ նախընտրում է հայկական էստրադան. «Օրինակ, էն օրը «Երկու աստղ» նախագծով Սիրուշոն ու Ավետ Բարսեղյանը երգում էին` «Կարմիր ծաղիկ մը գարունքի» երգը: Էդ ի՜նչ երգ ա, էդ ի՜նչ մեղեդայնություն կա, էդ ինչ ազդեցիկ ա: Ես ուղղակի խելագարվում եմ էդ երգի համար: Լսում ես, ու մարմինդ սարսռում ա: Ա՛յ, իսկական երգն ու երաժշտությունը տենց պետք ա լինի, որ լսես ու ազդվես, շատ սիրեցի էդ երգը: Գիտե՞ք, շատ-շատ եմ ափսոսում, որ հայկական էստրադայի էդ շեդեւրները մոռացության են տրվել: Օրինակ` հիմա երիտասարդությանը մեղադրում են, ասում են` ինչի՞ են Թաթուլ, Թաթա լսում, բայց պետք ա էդ երգերը եթերներով պտտեն, որ երեխեքն իմանան, թե ժամանակին մենք ինչ էստրադա ենք ունեցել,- ասում է Սուրենն ու, ընկնելով հիշողությունների գիրկը, շարունակում է,- Էն ժամանակ մեր երգիչները շատ հարգանք ունեին ժողովրդի կողմից: Ես հիշում եմ` Ռաիսա Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Մարիետա Բադալյանը մեր կուռքն էին, տղամարդիկ ցնդվում էին նրանց համար: Բոլոր հայ տղամարդկանց համար Ռաիսա Մկրտչյանը իդեալ էր, կնոջ իդեալական կերպար: Մի տեսակ ձգտում էինք իրենց տեսնել, հանդիպել: Էն տարիներին արվեստագետների հավաքատեղին «Կազիրյոկն» էր: Ամեն անցնելիս աչքներս չռած նայում էինք, որ տեսնեինք մի երգչի կամ դերասանի ու, եթե տեսնում էինք` գնում, բոլորին պատմում, հպարտանում էինք: Շատ էինք սիրում Ռոզի Արմենին: Ա՛յ, նրա համերգները երեւանցիների համար իսկական տոն էին: Երբ իմանում էինք, որ գալու, ինչ-որ տեղ երգելու ա` մեջներիցս ճղվելով ուզում էինք ներկա գտնվել: Էդ կնոջ ձենն աննկարագրելի ա, բայց ո՞ւր ա, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչի՞ ինքը կորավ ու կորավ: Իսկապես նրա երգերը, ձայնը շատ արժեքավոր էին, ու շատ եմ ափսոսում, որ էլ չի երգում»։ Նա Մշակույթի նախարարությանը կոչ է անում Հայաստան հրավիրել Ռոզի Արմենին, որովհետեւ նրա համերգներին շատ մարդիկ են սպասում: «Ես խոստանում եմ մի 100 տոմսի հարց լուծել»,- վստահեցնում է Սուրենն` ասելով, որ իր «ազգ ու տակը» համերգին կմասնակցի:

«Ֆիլե Գագոն ջիգյարով տղա էր»

Վարորդ Ռաֆայելը` ներկայացնելու համար, թե ինքն ինչ երաժշտություն է լսում, ձայներիզները հերթով տեղադրում է ձայնարկիչի մեջ ու բոլոր երգերի մասին վերլուծություն է անում` ապացուցելու համար, որ ինքը ճիշտ երաժշտություն է լսում: «Օրինակ` Արմենչիկը շատ լավ ա երգում, հալալ ա իրա կերած կաթին: Զարմանում ես էդ երեխու տաղանդի վրա, որ էդ տարիքին տենց բարձունքների ա հասել: Մարդ ասում ա` բա իրա նման երեխա չունենայի՞: Իմ երեխեքը սաղ օրը էն ռուսական այլանդակ ալիքն են միացնում ու էդ փողոցայիններին են նայում: Ախր էդ ի՞նչ թազա կուլտուրա ա եկել, որ աղջիկները երգելուց պետք ա իրանց կրծքերն ու հետույքները բացեն ու խաղացնեն: Ամոթ ա, չէ՞: Էս տարիքիս, որ էդ ալիքն են դնում` ամոթից թողնում-դուրս եմ գալիս: Երգիչը պիտի իրա երգով գերի, ոչ թե տկլորվի, որ մարդկանց ուշադրությունը հրավիրի: Նույնն էլ հիմա հայ երգչուհիներն են անում, բայց առաջ ինչի՞ երգչուհիները չէին բացվում, կարող ա՞ իրանց կրծքերն ու հետույքները պակաս սիրուն էին: Ոչ, որովհետեւ նամուս կար, բարոյականություն կար, ամոթ կար: Երեխեքս ինձ ձեռ են առնում, ասում են` դու ռաբիս ես: Խի ռաբիս լինելը էն ա, որ տկլորների երգը չես սիրում, այլ սիրում ես ժողովրդական, ազգային ե՞րգը: Օրինակ` հիմա ես դնեմ Թաթուլի երգը, ու դու լսի ինչքան լավն ա»,- ասում է Ռաֆայելն ու երթեւեկելուն զուգահեռ իր երաժշտական արխիվն է ներկայացնում: «Իսկական հայկական, ժողովրդական երգ ա, ոնց որ մեր սրտի երգը լինի, թե չէ՝ հիմիկվա էս ֆիքստուլությունը մարդու սրտին չի կպնում, քոնը չի, էլի: Մեկ էլ Ֆիլե Գագոյի երգերն եմ շատ սիրում, շատ ջիգյարով տղա էր, ափսոս, որ էլ մեր հետ չի: Մանավանդ էն թոռնիկի հետի երգը շատ էր դուրս գալիս: Մարդ, որ լսում ա իրա երգերը, կարծես իրա սրտից դուրս գա էդ բառերը: Իրա հաղորդումներին միշտ ընտանիքով հետեւել ենք, էդ տնավարի, հայկական մթնոլորտը շատ ենք սիրում: Իսկականից ափսոս, որ իրա նման տղեն շուտ մահացավ, մեզ շատ էր ուրախացնում»,- ասում է Ռաֆայելն ու երիտասարդներին անխնա քննադատում` ռաբիս երաժշտությունն անտեսելու համար. «Մեկ ա, ինչքան էլ քննադատեն՝ հայ մարդը ռաբիսը սիրում ա»:

«Ղուրան եմ ման եկել, բայց չեմ գտել»

Վարորդ Մեսրոպն իր ասելով՝ «գժվում» է «բլատնոյ» երաժշտության համար. «Դե՛, բլատնոյը տղայական երաժշտություն ա, լավն ա: Բոկա եմ շատ սիրում, ու, եթե ուղեւորներս չբողոքեն, ամբողջ օրն էդ կլսեմ: Մեկ-մեկ կուլտուրականները դժգոհում են, ասում են՝ անջատի, բայց որ ինձ մնա՝ սաղ օրը զլած կլսեմ: Մեկ էլ արաբական երաժշտություն եմ սիրում: Արաբականը որ լսում ես՝ քեզ թվում ա՝ դիմացդ մի կին պորտապար ա պարում, էդ շատ հաճելի երաժշտություն ա: Ընդհանրապես էդ արաբները հետաքրքիր ազգ են, իրանց ավանդույթները, վարք ու բարքը շատ ա դուրս գալիս: Հիշո՞ւմ եք էն «Կլոն» կինոն, որ հիմա էլ կրկնում են, ես ծերից ծեր նայել եմ: Շատ ուժեղ կինո էր: Օրինակ` ես էդ կինոյից հետո Ղուրան եմ ման եկել, որ կարդամ, բայց չեմ գտել: Իրանց օրենքներից մանավանդ դուրս գալիս ա էն, որ տղամարդիկ կարան մի քանի կին ունենալ,- կատակելով ասում է Մեսրոպն ու շարունակում,- Արաբականը շատ հարուստ երաժշտություն ա, մեջը լիքը շախ ու շուխ կա: Բայց ինչի՞ եք զարմանում, որ… Օրինակ` բոլոր գիշերային ակումբներում, բարերում գիշերներն արաբական են դնում ու աղջիկներին պորտապար են պարացնում: Արաբականն իսկական գիշերային երաժշտություն ա, որ պորտապարը նայես ու հետո հավեսով քնես»:

«Սկի Աֆրիկայի նեգրերն էսքան չեն աշխատում»

Վարորդ Արսենն ուղեւորներ սպասարկելու ժամանակ աշխատում է ռադիո լսել, որպեսզի իր նախընտրած երաժշտությունը չպարտադրի ուղեւորներին: «Հիմնականում լսում եմ Լուսինե Թովմասյանի «Նոր ռադիոն», որովհետեւ ռեկլամ չկա, բացի դա, հաճելի երաժշտություն են դնում: Իսկ երբ մեքենայի մեջ ուղեւոր չի լինում՝ լսում եմ իմ սիրած երաժշտությունը: Ես հիմնականում լսում եմ ռուսական երաժշտություն, մասնավորապես «բլատնոյ»: Իհարկե, ռադիո լսելիս միշտ հարցնում եմ, որ եթե ուղեւորի համար տհաճ է` անջատեմ»,- վստահեցնում է Արսենն ու անցնում աշխատանքային խնդիրներին: 25 տարի տաքսու վարորդ աշխատած Արսենը դժգոհում է ուղեւորների ցածր մակարդակից: «Համեմատած Սովետի տարիների հետ՝ կարող եմ ասել, որ ինտելիգենցիա համարյա չկա, ահավոր վիճակ է: Երբ ջահելների խոսակցությունը լսում ես` անկախ քեզանից ուզում ես մեքենայի դուռը բացես ու իջնես: Շատ ժամանակ համբերությունդ հատում է, բայց չես ուզում սաստես, որովհետեւ աղջկա հետ են, անհարմար կզգան: Ահավոր է թե՛ իրենց խոսակցականը, թե՛ պահվածքը… Վախենում ես, ասում ես` էս ի՞նչ տեսակ սերունդ է մեծանում: Ընդհանրապես մենք էլ ենք շատերի հետ շփվել, շրջապատ ընկել, բայց երբեք չեմ փորձել վատն ընդօրինակել: Չնայած, հնարավոր է, որ մեր տարիքին համապատասխան բան չենք տեսնում, դրա համար էլ նեղվում ենք, բայց, որ մարդկանց մակարդակը շատ է ցածրացել` էդ հաստատ: Դա էլ նրանից է, որ արտասահմանում ինչքան զիբիլ կար, եկավ լցվեց էստեղ: Ինչքան նրանք վատ բաներ ունեին՝ բերեցինք, լցրեցինք մեզ մոտ: Ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ են նայում մեր երեխեքը: Օրինակ` իմ երեխաներին ոնց որ հարկն է դաստիարակում եմ, բայց զգում եմ, որ իրենց ամենօրյա հետաքրքրությունը կասետներով ինչ-որ բաներ նայելն է: Էդ տարիքում իրենք պիտի ձգտեին բակում շատ խաղալ, բայց ամբողջ օրը տանը նստած կասետ են նայում: Ես գտնում եմ, որ երեխան չպետք է իր հետաքրքրությունը գտնի հեռուստատեսության մեջ, պիտի ձգտի խաղալ: Հեռուստատեսությունն էլ ինչքան կարողանում՝ էնքան բթացնում է մարդկանց: Հայերը զարմանալի բնավորություն ունեն, երբեք լավ բաները չեն ընդօրինակում, այլ ձգտում են վերցնել վատը: Մեր ազգը կործանման եզրին է, որովհետեւ վաղը-մյուս օրն էս երեխեքը չեն ցանկանալու ընտանիք կազմել: Բոլորն ուզում են փող, ավտո, հեռախոս ունենալ, լավ տղա կամ աղջիկ կպցնեն ու էդքանով իրենք իրենց շատ երջանիկ են զգում»,- մտահոգված ասում է Արսենը` վստահեցնելով, որ քաղաքում կա մի միջավայր, որն ամբողջ գիշեր…,- Ես բառ չեմ գտնում, որ էդ մասսային բնութագրեմ: Իրենց մտածելով` շատ ակտիվ կյանքով են ապրում, բայց իրականում ապրում են շատ լկտի ձեւով: Եթե էսպես շարունակվի՝ ընտանիքիս կվերցնեմ, կգնամ Հայաստանից: Մի օր սփյուռքահայ ուղեւորի էի տեղափոխում: Հարցրեց, թե ո՞նց եք աշխատում: Ասացի` օր ու մեջ սուտկա ենք աշխատում: Շատ զարմացավ, ասաց` սկի Աֆրիկայի նեգրերն էդ գրաֆիկով չեն աշխատում: Ասացի` գիտեմ, ժամանակին, եթե 24 ժամ աշխատում էինք` պիտի 3 օր տանը մնայի, օրենքն էր պահանջում, հիմա էլ է այդպես: Բայց, եթե 24 ժամ աշխատես ու 3 օր տանը մնաս, ուրեմն` արդեն երկրորդ օրվանից պիտի սոված մնաս: Բայց դե՛, աշխատում ենք ավելի շատ աշխատել, դեռ մի բան էլ մտածում ես մի տեղ պահակ ձեւակերպվես, որ մի 2 կոպեկ ավել աշխատես: Խանութները լիքն են, տրաքում են, բայց բաներ կան, որ իմ երեխեքը սկի չեն էլ իմանում, թե դա ինչ է, չեն էլ փորձել ու անունն էլ չգիտեն: Էս աստիճանի վերեւ-ներքեւ չպիտի լինի»:

«Չելենտանո, Անդրե, Ազնավուր, Արտօ…»

Վարորդ Ռուբենն այնքան հիացմունքով է խոսում իր սիրած երաժշտության մասին, որ ուզում ես անպայման ինքդ էլ լսել. «Օ՜, ես շատ երաժշտական մարդ եմ, ամբողջ կյանքում լսել եմ ու լսելու եմ «Աբբա», Ադրիանո Չելենտանո, Շառլ Ազնավուր, «Բիթըլզ», «Սկորպիոնս» ու լիքը տենց որակով երաժշտություն, որոնց մասին հիմիկվա երիտասարդները չեն էլ լսել: Շատ եմ սիրում Ռեյ Չարլզ, Կրիս դը Բուրգ, Կրիս Այզեկ, Կրիս Րի…»,- ասում է նա ու մի քանի րոպե թվարկում է իր նախընտրած երգիչների անունները: Ինչ վերաբերում է ներկայումս մեզ հրամցվող հայկական երաժշտությանն, ապա Ռուբենը նախապատվությունը տալիս է այս երգիչներին. «Արտօ Թունչբոյաջյանին եմ շատ սիրում, Անդրեին էլ: Բայց գիտե՞ք՝ հիմիկվա երաժշտությունը շատ դատարկ ու հեշտ ա: Երաժիշտները չեն աշխատում, շատ հապճեպ գրված երգեր են, որոնք լսելիս մեջդ բան չի շարժվում: Մանավանդ տարիքով ավելի երիտասարդները կրկնօրինակում են արտասահմանյանը` չհասկանալով, որ դրա օրիգինալը էշ երգ ա, էլ ուր մնաց՝ կրկնօրինակած երգը: Ես զարմանում եմ, թե ինչի՞, ասենք, Ռուբեն Մաթեւոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ մյուս ճանաչված պրոֆեսիոնալ մարդիկ չեն կանգնում ասեն` երեխեք ջան, սա երաժշտություն չի, եկե՛ք սա արեք: Էդ մարդիկ քաշվել են մի կողմ, ու չես էլ հասկանում, թե ինչով են զբաղված: Ռոբերտ Ամիրխանյանը Կոմպոզիտորների միության նախագահ չի՞, չէ՞ որ իրանց նմանները պիտի երաժշտական ճաշակ ձեւավորեն, ո՞ւր են…,- հարցնում է Ռուբենն ու ինքն իր հարցին պատասխանում է,- Չնայած հիմա ո՞վ ա արվեստագետներին բանի տեղ դնում»: