Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերություններ չկան, սակայն հարեւան երկու երկրներում արտադրված ապրանքներին հաջողվում է շրջանցել փակ սահմանները եւ հայտնվել հակառակ կողմի խանութներում, չնայած պաշտոնյաների` դրանց դուրս մղելու ջանքերին: Նույնիսկ ԼՂ խանութներում կարելի է ադրբեջանական թեյ գտնել: Տեղացիների խոսքերով, դրանից հրաժարվելու համար այն չափազանց լավն է: «Իմ խանութում այս պահին ադրբեջանական արտադրության թեյ կա, որի պահանջարկը մեծ է,- ասում է վաճառող Աշոտ Հայրապետյանը։ -Մենք այդ թեյը գնում ենք Երեւանից եւ այստեղ մեծ թափով իրացնում: Կոնկրետ այդ թեյը մեծահասակ մարդիկ են գնում, եւ ասում են, որ այդ թեյից հետո ուրիշ թեյ չի խմվում»:
Իսկ ադրբեջանական խանութներում ժամանակ առ ժամանակ հայտնվում է հայկական կոնյակը, որը Հայաստանից արտահանվող ամենահայտնի ապրանքն է: Ադրբեջանցի 52-ամյա Սալեխ Մամեդովը, որ գինու եւ պորտվեյնի սիրահար է, ասում է, որ դեմ չէ լավ կոնյակ խմելուն, նույնիսկ, եթե այն Հայաստանում է արտադրված: «Ես դեռեւս հիշում եմ «Արարատի» համը,- ասում է նա` ակնարկելով հայկական կոնյակի հայտնի ապրանքանիշը,- իհարկե, մենք չենք կարող մոռանալ կորցրած հողերը, բայց ապրանքներն այնքան էլ կարեւոր չեն, այդպես չէ՞»:
Սակայն սահմանի երկու կողմում էլ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ կարեւոր են` պնդելով, որ նման ապրանքներ գնելը հավասարազոր է թշնամուն աջակցելուն: «Հայկական ապրանքները հիմնականում ներմուծվում են մաքսանենգ ճանապարհով՝ հայ-վրացական սահմանի մոտ գտնվող շուկաների միջոցով,- ասում է Ադրբեջանի Ազատ սպառողների ասոցիացիայի նախագահ Էյուբ Հուսեյնովը։- Դեպի Բաքու եւ Երեւան մեկնող գնացքները Թբիլիսիի երկաթուղային կայարանից մեկնում են 40 րոպե ընդմիջումով: Այդ ժամանակահատվածում ադրբեջանցիներից եւ հայերից շատերը հասցնում են շփվել եւ նույնիսկ առեւտուր անել միմյանց հետ: Ես անձամբ բազմիցս եմ դա տեսել»:
Ադրբեջանի պետական մաքսատանը հայտնել են, որ նման ոչ պաշտոնական առեւտուրն Ադրբեջանում հայկական ապրանքների միակ իրական աղբյուրն է:
«Այն սակավաթիվ հայկական ապրանքները, որ երբեմն հայտնվում են տեղական խանութներում, հիմնականում ներմուծվում են Վրաստանից, անհատների կողմից՝ թույլատրելի քանակության սահմաններում,- ասել է մաքսատան մամլո խոսնակը։ -Այդ ապրանքները սահմանափակվում են 2-3 տուփ ծխախոտով կամ մի քանի շիշ կոնյակով: Ի՞նչ կարող է անել մաքսատունը նման դեպքերում: Քաղաքացիներն իրենք պետք է բավականաչափ հայրենասեր լինեն, որպեսզի չգնեն այդ արտադրված ապրանքները»:
Անցյալ տարի Բաքվի խանութներից մեկում հայկական սուրճի մեծածախ վաճառքի դեպք էր արձանագրվել: Ամբողջ տեսականին առգրավվել եւ ոչնչացվել էր: «Բոլորովին վերջերս մեր գործակալները Խաչմազ թաղամասի խանութներից մեկում հայտնաբերել են «Մարգարյան Ա.Ե.» ընկերության արտադրության անձեռոցիկներ,- ասում է Հուսեյնովը։ -Խանութի տերն ասաց, որ բերել է դրանք Վրաստանից, իսկ գնելու ժամանակ ուշադրություն չի դարձրել պիտակին»: Նրա խոսքերով, «Հոբելյանական» կոնյակը, «Արենի» գինիները եւ «Սիգարոն» ծխախոտը հայկական արտադրության ամենահայտնի ապրանքներն են Ադրբեջանում:
«Արենի» գինու շշի պիտակի վրա պատկերված է Հայաստանի քարտեզը, որում ընդգրկված է Լեռնային Ղարաբաղը` մեր հողերը,- զայրույթով ասում է նա։ -Ինչպե՞ս են համարձակվում Ադրբեջանի քաղաքացիները գնել այս ապրանքները, եւ ավելին` դրանք մեր երկիր ներմուծել»: Բաքվի կենտրոնում գտնվող գինու խանութի 47-ամյա սեփականատերն ասում է, որ իր խանութում ժամանակ առ ժամանակ հայկական կոնյակ է հայտնվում: «Վրաստանի իմ գործընկերը 3-4 ամիսը մեկ ինձ կոնյակ է ուղարկում,- ասում է նա։ -Երբեմն լինում է, որ միանգամից 10 շիշ է ուղարկում: Պետք է խոստովանեմ, որ հայկական կոնյակը միշտ էլ պահանջարկ է վայելել լավ որակի եւ համային հատկանիշների շնորհիվ: Ես մշտական հաճախորդներ ունեմ, ովքեր գերադասում են այս կոնյակը»:
Թեյն այսօր միակ ադրբեջանական ապրանքն է, որ կարելի է տեսնել Ղարաբաղի խանութներում եւ շուկաներում, թեեւ տարիներ առաջ վաճառքում կար նաեւ ադրբեջանական շոկոլադ, քաղցրավենիք եւ ալյուր: ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության Որակի տեսչության պետ Վալերի Սիմոնյանն ասում է, որ ԼՂ տարածքում արգելվում է այնպիսի ապրանքների վաճառքը, որոնց փաթեթավորման վրա բացակայում է տվյալ ապրանքի մասին հայերեն տեղեկատվությունը: «Մենք միայն իրավասու ենք գրավոր զգուշացնել կամ արգելել տվյալ ապրանքի վաճառքը: Իսկ ապրանքը ներմուծում են անհատ ձեռներեցները, եւ մենք անզոր ենք վերահսկել բոլորին մեկառմեկ»,- ասում է Վ.Սիմոնյանը: Ստեփանակերտի վաճառողուհի Անահիտը հայտնել է IWPR-ին, որ այսօր խանութներում մարդիկ կարող են ընտրել Թուրքիայից ներմուծված թուրքական թեյի ու «Ազերչայի» միջեւ: «Բայց «Ազերչայն» ավելի լավ է վաճառվում, որովհետեւ եւ՛ էժան է, եւ՛ որակյալ»,- ասում է Անահիտը:
«Ազերչայը» հայտնի է նաեւ Հայաստանում, հատկապես զինված հակամարտության ժամանակ Ադրբեջանից արտաքսված հայերի շրջանում: «Ես միշտ այս թեյն եմ գնում, քանի որ նրա թուրմը թունդ է եւ համեղ,- ասում է նախկինում Բաքվում ապրող, այժմ երեւանաբնակ 55-ամյա Տատյանա Բաբայանը։ -Բաքվի հայերը հայտնի թեյասեր են»: «Ամենայն հավանականությամբ, սա մաքսանենգ ապրանք է, որի վաճառքը խանութներում պետք է արգելվի, սակայն շուկան դժվար է վերահսկել,- ասում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության խոսնակ Անահիտ Ոսկանյանը։ -Նույնիսկ եթե մենք բազմաթիվ աշխատակիցներ ուղղենք այդ գործին, նրանք չեն կարողանա վերահսկել ամբողջ Հայաստանը եւ Ղարաբաղը: Նույնը վերաբերում է Ադրբեջանում վաճառվող հայկական կոնյակին»:
Հայաստանի մաքսատան աշխատակիցների խոսքերով, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ապրանքներ չեն ներմուծվել, իսկ դրանց առեւտուրն իրականացվում է անհատների կողմից: «Հայաստանի օրենսդրությունը չի արգելում ապրանքներ ներմուծել մի երկրից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք»,- IWPR-ին հաղորդել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության առեւտրի եւ սպասարկման ծառայությունների բաժնի ղեկավար Գագիկ Քոչարյանը:
«Մենք չենք կարող խուսափել այն փաստից, որ Հայաստանը մեր հարեւանն է,- APA լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ -Իհարկե, մի օր մեր երկրների միջեւ կվերականգնվեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը: Սակայն, քանի դեռ մեր հողերը շարունակում են գրավված մնալ Հայաստանի կողմից, սխալ է հայկական ապրանքները մեր երկիր ներմուծել եւ դրանով օգնել նրանց գումար վաստակել»:
Բաքվի 39-ամյա բնակիչ Աշրաֆ Ալիեւն ասում է, որ չի հասկանում ո՛չ նրանց, ովքեր Ադրբեջանում հայկական ապրանքներ են վաճառում, ո՛չ էլ նրանց, ովքեր գնում են այդ ապրանքը: «Մեզ մոտ որեւէ տեսակի ապրանքի պակասություն չկա: Ինչո՞ւ պետք է մենք հայկական արտադրանք օգտագործենք: Նրանք դեմ չեն լինի թունավորել մեզ եւ կրկին վնաս պատճառել»,- ասում է նա:
Ղարաբաղի բնակիչ 42-ամյա Մարինեն նույն կերպ զգուշանում է ադրբեջանական ապրանքներից: «Նույնիսկ պատերազմի սով տարիներին չէինք օգտվում Բաքվից բերված անվճար ալյուրից, ուր մնաց՝ հիմա գնեմ ադրբեջանական ապրանք,- ասում է նա։ -Չեմ գնի, որովհետեւ նախ՝ կլինեմ իրենց օգուտ տված, եւ հետո՝ ռիսկի հարց է. ի՞նչ իմանաս սննդամթերքի պարունակությունը»:
Սաբուհի ՄԱՄՄԵԴԵԼԻ («Ենի Մուսավաթ» թերթի թղթակից), Բաքու
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ («Դեմո» թերթի թղթակից), Ստեփանակերտ
Նաիրա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ («Առկա» լրատվական գործակալության թղթակից), Երեւան
Այս հոդվածը պատրաստվել է IWPR-ի ԵՄ եւ մյուս դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող Համակովկասյան լրատվության ցանցի շրջանակներում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատուից: