Երրորդ նախագահը երկրի նկատմամբ ավելի մեծ պատասխանատվություն կունենա, քան առաջինն ու երկրորդը: Եվ ամեն անգամ այդ պատասխանատվությունն ավելի կմեծանա: Դա երկու պատճառ ունի: 1. Հսկա կայսրության փլուզման իներցիոն գործընթացներն (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության բոլոր բնագավառներում ամեն անգամ հաջորդը պետք է պատասխան տա նախորդի սխալների համար) ավարտվում են: Ոմանց մոտ, օրինակ` լիտվացիների եւ էստոնացիների, այդ գործընթացներն ավելի արագ ավարտվեցին, հիմա եկել է մեր հերթը: 2. Առաջին նախագահն իշխանության եկավ, երբ երկիրը խանդավառված էր ու գտնվում էր հուզական պոռթկման գագաթնակետին, եւ կարեւոր չէր, թե ո՞վ է նախագահը, ի՞նչ կբերի նա իր կառավարման ընթացքում: Այս մասին, ինչպես սարսափելի երազի, կամ մոռացել են, կամ փորձում են մոռանալ ՀՀ-ի այն ժամանակվա քաղաքացիները, որ այժմ բնակվում են աշխարհի տարբեր երկրներում: Նոր-նոր փլուզված երկրի քաղաքացիները, ընկած այն ժողովրդավարական եւ ազատատենչ գաղափարների ազդեցության տակ, որոնք ծնվել էին նրանց երեւակայության մեջ միտինգային պրեսսինգի եւ կոլեկտիվ, պատրանքային վերլուծությունների շրջանում, գնում էին այդ փլուզման եւ ազգային էյֆորիայի հունով: Կատարվածից հետո մնաց միայն փաստը` ՀՀ-ի անկախացումը: Եվ այդ անկախությունը եկավ մեր կամքից անկախ, թեեւ ոմանք կարող են վկայակոչել անկախության հանրաքվեն:
Պետական մեքենան գործում է մարդու դեմ
Առաջին նախագահը (այդպես եղել է շատ առաջինների հետ) ավելի շատ հուզական խորհրդանիշ էր, քան գիտակցված ակտ: Նրա գալը, ինչպես եւ հեռանալը, դժվարությամբ է վերլուծության ենթարկվում. նա ավելի շատ նշան է, որ խորհրդանշում է ոչ այնքան իշխանության գործառույթը, նրա արդյունավետությունը, այլ դեկորացիաների փոփոխությունը: Կհիշե՞ն արդյոք նրան: Հիշում են լավագույններին, ոչ թե առաջիններին, երկրորդներին, տասներորդներին… Երկրորդ նախագահն իր կառավարման սկզբում որոշակի հոգեբանական վստահություն բերեց այն ժամանակվա ամենակարեւոր հարցում, այն է՝ «Ինչպե՞ս են ընթանալու Ղարաբաղի շուրջ բանակցությունները»: Միակ բանը, որ այդ ժամանակ մնացել էր որպես արժեք: Եվ կար պատասխանը. «Ղարաբաղի հարցում մի՛ անհանգստացեք»: Սակայն դա երկար չտեւեց: Եվ Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման հետագա տարիներին Հայաստանն ապրում է դամոկլյան սրի ներքո. ինչպիսի՞ն պետք է լինի փոխզիջումը, կամ ի՞նչ ենք մենք վերադարձնելու Ադրբեջանին: Բազմիցս ասել եմ, որ դա չափազանց վտանգավոր խաղ է, եւ ակնհայտ է, որ երկիրն ու նրա նախագահը միջազգային փորձ չունեն: Չի կարելի անընդհատ աճուրդի դնել ամենանվիրական բանը: Կարծում եմ` երկրորդ նախագահը շատ բան ցանկանում է հասկանալ ու սրբագրել հենց ընթացքում, կյանքի թելադրանքով: Սա շատերին հանգստացրեց, ու շատերը մտածեցին, որ երկրորդ նախագահը պաշտոնավարման երկրորդ ժամկետը կծախսի տնտեսության վրա, որն ավելի կարեւոր զենք է, քան ռազմական ուժը: Սակայն երկրորդ նախագահի ամենակոպիտ սխալը տնտեսության այս կարեւոր խնդիրը չհասկանալն էր: Այո, նա մի պահ ցանկացավ զբաղվել դրանով` հայտարարելով 40.000 աշխատատեղերի մասին, եւ չկարողացավ դրանք ապահովել: Ու հիմա խիստ զգույշ է նման հայտարարություններ անելիս: Բայց պարզվեց, որ նրա ղեկավարումից դժգոհությունը համատարած է դարձել: Ազատության, նաեւ գործարարների ազատության վրա գործադրված գաղտնի ճնշումների բոլոր արատները խիստ ուժեղ են արտահայտվում երկիրը լքող մարդկանց մեծ հոսքում: Նախագծերի թիվը եւս խիստ նվազել է: Օրինակ բերենք ռուսաստանաբնակ եւ այլ երկրներում բնակվող հայերի կապիտալը, որ մի պահ որոշեցին ներդնել ՀՀ-ում, եւ շատ դաժան վերաբերմունքի արժանացան երկրի ղեկավարության կողմից: Սակայն սա նաեւ իր հակառակ կողմն ունի: Մեր պետական մեխանիզմում կառավարման համակարգը չի աշխատում, դրանով էլ բացատրվում են երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները: Այսօր պետական մեքենան գործում է մարդու դեմ: Եվ այստեղ երկրորդ նախագահը շարունակեց առաջին նախագահի կառավարման գիծը:
Բարեկեցությունը բանակից առավել է
Երկրի տնտեսությունն այս բոլոր տարիների ընթացքում եղել է եւ մնում է անուշադրության մատնված: Ֆինանսների հետ մեքենայությունները, առաջին հերթին՝ արտարժույթի կուրսի հետ կապված, հանգեցրին այն բանին, որ արտահանման համար արտադրվող այն քիչ ապրանքներն անգամ ծանր հարված կրեցին: Այնինչ, եթե տնտեսությունը գտնվեր միասնական հայրենիքի երկու կեսերի` Հայաստանի եւ Ղարաբաղի ինտեգրացիայի պատշաճ մակարդակի վրա, ապա ցնցող հաջողություն կունենար. Վրաստանի, Սիրիայի, Ադրբեջանի քաղաքացիները կձգտեին գալ մեզ մոտ աշխատելու (ինչպես մեկնում են Եվրոպա կամ Ռուսաստան) ցածր վարձատրվող աշխատատեղերում, որտեղ Հայաստանի քաղաքացիները գերադասում են չաշխատել: Այդ ժամանակ խորհրդարանը խիստ օրենքներ կընդուներ միգրացիայի մասին, եւ էժան աշխատուժի շնորհիվ (էլ չենք խոսում հոգեբանական գերազանցության մասին) մենք մեր տնտեսությունը կուղղեինք դեպի մեր հարեւանների վրա ռազմավարական գրոհի կողմը: Բարեկեցությունը բանակից առավել է, քանզի այն կարող է իրար կապել ու չեզոքացնել քաղաքականության եւ ռազմական պահանջների շատ ու շատ անտեսանելի կապեր:
Տնտեսական ինտեգրացիա
Ի դեպ, ամենամեծ խնդիրներից մեկը լինելու է հենց անկախ ԼՂ-ի անսասան դիրքորոշումը, երբ նրա շահերը չհամընկնեն ՀՀ-ի շահերի հետ: Ես այս մասին գրել եմ դեռ Հայաստանի Սահմանադրությունն ընդունելու ժամանակ: Չէ՞ որ հենց նույն ազգը ստեղծում է 2 եւ ավելի պետություն: Բերենք օրինակներ. գերմանացիները (ԳԴՀ եւ Ավստրիա), հույները (Կիպրոս եւ Հունաստան), հարավային սլավոնները (մակեդոնացիները, սերբերը եւ այլք), արաբները կամ էլ հենց նույն Կոսովոն երբեք Ալբանիա չի դառնա… Եվ ինչքան շուտ տեղի ունենա մեր երկրի երկու մասերի տնտեսական ինտեգրացիան, այնքան լավ: Այս ամենը պետական քաղաքականության հենց այն բացակայող իմունիտետն է ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացու համար: Դրա փոխարեն խեղճ երկիրը հզորացնում է բանակը: Պատերազմում հաղթած եւ հարեւանների բացահայտ ագրեսիային դիմակայած երկիրը լքում են քաղաքացիները, որոնք կենաց ու մահու կռիվ են տվել այս ծանր ու տանջալի տարիներին: Հայաստանը չի կարող ապրել այնպիսի արժեքային համակարգում, որտեղ ծաղկում է կենդանաբանական կապիտալիզմը: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը կարող է ապրել միմիայն սոցիալապես պաշտպանված, կայուն եւ ինքնաբավ պետության մեջ: Դրա օրինակը հրեա ժողովրդի հրաշալի իրագործած սոցիալական քաղաքականությունն է Իսրայելի պետությունում:
Իշխանության չափանիշ
Հայաստանի երրորդ նախագահը գալիս է իշխանության, որը բառիս բուն իմաստով թաղված է կոռուպցիայի մեջ, այսինքն` քրեականացված է: Ողջ պետական մեքենան աշխատում է մարդու դեմ` խլելով նրանից ամենակարեւորը` ընտրության ազատությունը: Բուհերի ընդունելության քննությունները, ԱԺ կամ նախագահական ընտրությունները ժամանակ առ ժամանակ երեւան են հանում իշխանության ողջ կեղծավորությունը: Ավելի քան 2 դար առաջ ԱՄՆ-ում երրորդ նախագահ էր ընտրվել Թոմաս Ջեֆերսոնը` համաշխարհային պատմության մեջ ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը: Այն ժամանակ երկրում նույնքան շատ խնդիրներ կային, որքան հիմա կան Հայաստանում, ավելին, այն ժամանակ դեռ չկար ո՛չ պետական իշխանության կայացած համակարգ, ո՛չ էլ ամենակարեւորը` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ: Հենց Ջեֆերսոնին է պատկանում նախագահի պաշտոնավարման սահմանափակ ժամկետի սահմանումը` «երկու ժամկետից ոչ ավելի»: Նրա` մի ժամանակ իշխանության գտնվելը հիմա էլ ձեւավորում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքի շատ ու շատ կարեւորագույն դրույթներ, լինի դա ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ թե ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԽՂՃԻ ԱՌԱՋ… Ահա թե ինչ է իրագործել եւ պատգամել այդ արտասովոր մարդը, որ երդվել էր հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին եւ գաղափարներին, որոնք պետք է ծառայեին յուրաքանչյուր մարդու, ով ոտք կդներ նոր մայրցամաք:
Անհատ եւ թիմ
Ցանկացած մարդ ունի թույլ եւ ուժեղ կողմեր` այն խնդիրների շրջանակում, որոնք նա պետք է լուծի` գալով իշխանության: Այս կամ այն բարձր պաշտոնին ընտրվելու համար հարկ է հասկանալ, որ կարեւոր է իմանալ մարդու մասշտաբը, նրա համապատասխանությունը տվյալ պաշտոնին: Պատկերավոր ասած` պետք չէ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ, կիսագրագետ, բայց ագրեսիվ մարդուն նշանակել մանկապարտեզի տնօրեն: Սա վերաբերում է եւ նախագահի թեկնածուներին: Բնական է, որ պատմության յուրաքանչյուր հատվածում կան անհետաձգելի հարցեր ու խնդիրներ, գերակայություններ: Եվ այդ հատվածներից յուրաքանչյուրում, որ չափվում են նախագահական ընտրություններով, ընտրողները նախագահ են ընտրում այն մարդուն, որն ըստ նրանց՝ ամենաշատն է համապատասխանում այդ խնդիրները լուծելու համար: Նախագահի թեկնածուն, այս կամ այն բնավորությունն ունենալով, իր շուրջ ձեւավորում է այնպիսի մարդկանց թիմ, որոնց հնարավորությունները (եւ, առաջին հերթին՝ մտավոր, պրոֆեսիոնալ, մարդկային) պետք է օգտագործի երկիրը կառավարելիս:
Երկրի առջեւ ծառացած խնդիրները Հայաստանից պահանջում են մտավոր բարձր զարգացածությամբ, պրոֆեսիոնալ եւ միաժամանակ եռանդուն մարդկանց: Պետության գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերի բաց եւ թափանցիկ լինելը վստահություն է ներշնչում ներդրողներին (եւ՛ տեղի, եւ՛ օտարերկրյա), առանց որոնց երկիրը չի կարող բարգավաճել: Եվ ամենակարեւորը` ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գիտակցումն է: Սակայն մենք իշխանության մեջ չենք տեսնում ինտելեկտուալ եւ եռանդուն մարդկանց: Դրա փոխարեն տեսնում ենք «ճարպիկ» ու վարժեցված մարդու, որը համարձակ շրջանցում է օրենքը: Իսկ օրենքն ամաչկոտ շրջվում է մեջքով, կարծես նրան զրկել են կուսությունից: Այստեղից էլ գալիս է մտավորականության, նրա հետ նաեւ՝ գիտական ու, առաջին հերթին, ակադեմիական մտքի դեգրադացիան: Ղեկավարությունը հասավ իր նպատակին: Երկրում գիտական միտք ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Կան միայն առանձին գիտնականներ, գիտության այս կամ այն ոլորտում գիտելիքի կրողներ:
Ազգային-պետական շահեր
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը համաշխարհային պատմության մեջ մնացել է իբրեւ ԱՄՆ-ի մեծ նախագահ: Երկրի համար ծանրագույն տնտեսական պայմաններում նա սկսում է իր առաջին նախընտրական քարոզարշավը: Եվ մի անգամ նամակ է ստանում մաֆիայի պարագլուխ Լաքի Լուչիանոյից, որն առաջարկում էր Ռուզվելտին` նախագահ ընտրվելու կապակցությամբ իր օգնությունը: Ռուզվելտը համաձայնում է, եւ Լաքի Լուչիանոն օգնում է նրան… Թե որտե՞ղ հայտնվեց Լուչիանոն Ռուզվելտի ընտրվելուց հետո, գիտեն բոլորը: Քաղաքականությունը կեղտոտ կարող է լինել միայն տակտիկական հարցերում, եւ այն էլ՝ այն դեպքում, եթե պետության առաջին դեմքի ռազմավարությունն անձնային է, այսինքն` կլանային կամ կորպորատիվ, ոչ թե ազգային: Նախագահի աթոռը ենթադրում է հենց ազգային-պետական շահեր, իսկ եթե դրանք չկան, ապա իշխանությունը դեֆորմացված է:
Մտքի ու գաղափարի դեֆիցիտ
Ի՞նչ ցույց տվեցին վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Երեք հիմնական եզրահանգում: 1) Չկան գաղափարներ ո՛չ պետական կառուցվածքի, ո՛չ իշխանության մեխանիզմի, եւ ոչ էլ (որ ամենատարօրինակն է) բիզնեսի հարցում, որոնք պետք է ծառայեն ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու: Ընդ որում, գաղափարներ չկան ոչ միայն իրական իշխանության, այլեւ ընդդիմության մեջ: Սա խոսում է այն մասին, որ երկրում վտանգավոր կառուցվածքային տեղափոխություններ են կատարվում, որոնք իրական խնդիրները տանում են դեպի վերացական դատողությունների ոլորտ: Իսկ եթե այդպես է, ուրեմն կարելի է ասել` ինչ ուզում ես, կամ էլ` պատգամավորը կարող է ուղղակի արհամարհել իր պատգամավորական պարտականությունները… Եվ նախորդ ու ներկա խորհրդարանների շատ պատգամավորներ, այս կամ այն քաղաքական ուժերը, հենց այդպես էլ վարվում էին ու վարվելու են: 2) Ընտրությունները ցույց տվեցին պետական ռեսուրսի ուժն ու ընդդիմության անօգնական լինելը: Կարծում եմ` մի մասի համար այսօր ֆինանսներն ավելին են, քան իշխանությունը, մյուսների համար` իշխանությունն ավելի է, քան փողը: Ապագա նախագահը պետք է ունենա կամք եւ պետական գործչի հեռատեսություն` ջանք գործադրելու եւ վերջ դնելու իրավիճակային վերլուծության այս արատավոր պրակտիկային`առանց մշակված ռազմավարական նպատակների, այս հակասական, բազմաչափ ու բարդ տարածաշրջանում, երկրի ուսերին ծանրացած մի շարք խնդիրներով: 3) Երկիրը տվյալ ժամանակահատվածում ցնցումներ չի ուզում: Երկրում վարքագծի որոշակի սկզբունքներ են մշակվում, եւ հասարակության յուրաքանչյուր խավ իր կողմնորոշիչները պետք է ունենա: Հայ հասարակության մեջ հիմնական շարժիչ ուժը օլիգարխներն են, որոնց միայն առանձին միավորներն են քաղաքակիրթ: Ժողովուրդը հոգնել է եւ ստիպված է ուշադրություն դարձնել միայն մարդկային հատկանիշներին: Հատկապես կարեւոր են հասարակ շփումներն ու սերը մարդու նկատմամբ, ինչն ինքնին վիճելի բան է. դրանց կեղծ լինելը ցույց են տալիս բարձր պարիսպները, նրանց թիկնապահները, եւ այլն: Մտավորականությունը բացարձակ տանուլ է տվել իր դերն իշխանության մեջ: Ոչ ոք չի տեսնում մտքի դեֆիցիտը: Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը հուսահատված է: Հայոց պետության ամենամեծ սխալներից մեկն այն է, որ մի մարդու կյանքը երբեք հաշվի չի առնվել, առավել եւս՝ նրա արժեքը:
Մենք չենք սիրում սեփական հայրենիքը, թեեւ հաճախ ենք նրանով երդվում: Եթե սիրում էլ ենք, ապա՝ կուրորեն եւ հուզականորեն, սեղանի շուրջ եւ հարբած ժամանակ: Արդեն քանի դար է՝ այս դրախտային երկիրը տանջվում է մեր ձեռքը, քանզի մենք անուղեղ կերպով ենք տնօրինում այն: Պատկերավոր ասած` մենք նոր, բարեկարգ ճանապարհներ կառուցելու փոխարեն՝ պատրաստում ենք այնպիսի վարորդների, որոնք կարող են երթեւեկել նման ահավոր ճանապարհներով: Մենք անգամ չենք կարողանում սեփական տարածքում երկրի բոլոր քաղաքացիների միջեւ արդար, ուժեղ եւ երկարատեւ կապեր ստեղծել (հենց սա է բարգավաճման օրենքը): Մենք այսօր էլ մեր երկիրը էկոլոգիական առումով փչացնում ենք մեր ոչ մարդկային հարաբերություններով: Այս կամ այն չափով իշխանություն ունեցող յուրաքանչյուրի ամբիցիաներն ավելի կարեւոր են, քան մարդկային արժանապատվությունը: Վիլյամ Սարոյանն ասում էր, որ հայերը շատ նման են իռլանդացիներին, որոնք մեզ նման տաղանդավոր են եւ մեզ նման ունեն խնդիրների պատմական բեռ: Բայց եկեք լսենք նրանց իմաստուններից մեկին` նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Բաթլեր Յեյթսին` իռլանդացի ժողովրդի ազատարարներից մեկին, Իռլանդիայի Առաջին խորհրդարանի անդամին. «Մարդուն անհարիր է ստելը եւ, առավել եւս սեփական արժանապատվությունը կորցնելը հանուն հայրենասիրության»: Կամ. «Կան բաներ, որ մարդը չպետք է անի հանուն ազգի փրկության»:
Այո, մենք բարի ազգ չենք, քանի որ, եթե բարի լինեինք, սեփական արժեքային, այդ թվում` կառավարման համակարգում, ճիշտ ընտրություն կանեինք եւ օրենքներն էլ կգրեինք ու կիրագործեինք ամեն մի քաղաքացու կյանքին արժանի: Այլ կերպ ասած` ճիշտ կգնահատեինք յուրաքանչյուրին: Իսկ այստեղ սեփական երկրում ապրելու համար մարդը պետք է իր կառուցողական էներգիայի մեծ մասը ծախսի ֆիզիկական գոյությունը պահելու վրա: Ինքներդ դատեք, էլ ի՞նչ է մնում ստեղծագործելու համար: Իսկ նախագահական իշխանությունը նույնպես ստեղծագործական աշխատանք է, եւ դրան պետք է ամբողջովին նվիրվել, հատկապես հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած այն խնդիրները, որոնց մասին խոսեցի: