Գրամոլական հեղեղի տակ

20/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ժամանակակից հայ գրականության խնդիրների մասին երեկ զրուցում էին երկու սերնդի գրողները` ազատաշունչ 1960-ականների մթնոլորտի դրոշմը կրող գրող, թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանն ու երիտասարդ բանաստեղծ, դասախոս Վահե Արսենյանը: Երկու բանախոսները դժգոհ են արդի հայ գրականության հանդեպ ստեղծված վերաբերմունքից ու կարեւորում են «պետական հոգածությունը»:

Ա.Թոփչյանը նկատեց, որ ժողովուրդը ետ է մղվել գրքից այն ժամանակ, երբ միլիոնավոր գրքեր որպես մակուլատուրա` թղթի թափոն, օգտագործվեցին ու մութ տարիներին այրվեցին վառարաններում: Մինչդեռ, ըստ նրա` գիրքը պետք է «պաշտամունքային առարկա» ու երկրի խորհրդանիշ համարվի: Նա ցանկանում է գրախանութներում ոչ թե պահանջարկի ետեւից գնացող հրատարակումներ, այլ ավելի լուրջ գրականություն տեսնել: «Հասարակության մեջ հիմա մեծ պահանջարկ ունի հաշիշը, ի՞նչ է, ուրեմն մենք պետք է հասարակությանը թմրադեղեր առաջարկե՞նք»,- ասաց նա ու կարեւորեց պետության «զսպող ու կողմնորոշող» դերը: 40 գրքերի եւ թարգմանությունների հեղինակ Ա.Թոփչյանն օրինակ բերեց ֆրանսախոս պետությունների մոտեցումը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ֆրանսերեն լեզվով տպագրված գրքերը հայտնվեն աշխարհի ծայրերում: Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում պետությունը նույնիսկ հավելյալ վճարում է այն գրախանութներին, որոնք ֆրանսերեն գրքեր են վաճառում, եւ գումարով խրախուսում է այն հրատարակչություններին, որոնք տպագրում ու թարգմանում են ֆրանսերեն լեզվով: Ա.Թոփչյանն առաջարկեց ազգային դիմանկարը պահպանելու համար հայ գրողների ստեղծած գրքերը վաճառքի դնել տարբեր երկրներում գոյություն ունեցող մեր հյուպատոսարաններում ու դեսպանատներում, նաեւ` Երեւանի օդանավակայանում, որտեղ գրքերն անպայման կգտնեն իրենց ընթերցողին ու Հայաստանի մասին տեղեկություններ կհաղորդեն: «Աշխարհի բոլոր օդակայաններում օծանելիքի, օղու ու սիգարետի հետ մեկտեղ վաճառվում են նաեւ պոեզիայի հավաքածուներն ու ալբոմները: Մեզ մոտ հազար տեսակի օղի կա, իսկ գիրք չկա»,- ասաց նա:

Հայաստանում գրողները շատ են, շատ են տպագրվող գրքերի անվանումները: 2007 թվականի ընթացքում միայն պետության օժանդակությամբ նախատեսվում է 122 անուն գիրք հրատարակել, իսկ եթե հաշվի առնենք անհատ բարերարների ու գրողների սեփական գումարով գիրք տպագրելու փաստերը, կպարզվի, որ տարեկան առնվազն 200-250 նոր գիրք է հայտնվում գրախանութներում: Այդ գրքերից շատերը չեն հասնում ընթերցողին, կամ, ավելի ճիշտ է ասել, ընթերցողին դրանք հարկավոր չեն: Գրքերը մնում, փոշու շերտով պատվում, դեղնում են, եւ ոչ մի կազմակերպություն սոցիոլոգիական հարցում չի անցկացնում` պարզելու համար` ի՞նչ գրքեր ու թարգմանություններ են ուզում գնել տարբեր խավի մարդիկ:

Վահե Արսենյանը սրտնեղեց, որ մարդիկ տեղյակ չեն ժամանակակից հայ գրողների նոր գրքերի մասին, քանի որ նրանք չեն գովազդվում, դրա հետեւանքով էլ` չեն գնվում: «Նույնիսկ գրողներն իրար չեն կարդում»,- ասաց նա: Իսկ Ա.Թոփչյանը գրականության ոլորտում ստեղծված իրավիճակը համեմատեց հեղեղի հետ: «Գրամոլական Նիագարան թափվում է մեզ վրա: Տպագրվող գրքերի մեծ մասը գրամոլուցքից ծնված «զիբիլ» են: Իսկ Հայաստանում գրողները կամ փառաբանում են իրար, կամ էլ լռում են ու «տակից» ստոր բաներ են անում»,- ասաց նա ու գրաֆոմանիան` գրամոլուցքը համարեց այն հիվանդությունը, որով այսօր շատ գրողներ են վարակված: Գրքեր գրելու ու անպայման տպագրվելու բաղձանքը հաճախ ապակողմնորոշում է ընթերցողին, որը նույնիսկ չի ցանկանում գրական նորություններ որոնել գրախանութներում` համարելով, որ գրվածն «աղբ» է լինելու: Վ.Արսենյանը նկատեց, որ գրքերի տպագրման որոշումները հիմա շատերն ընդունում են խաշի սեղանի շուրջ, արդյունքում ծնվում է «կոլխոզային» գրականություն, եւ հրատարակիչները հաճախ շրջանցում են լավ գրողներին: «Գրողները բնական փառասիրություն ունեն, նրանք ուզում են գնահատվել ու միակը լինել»,- նկատեց երիտասարդ պոետը, ով արդեն մեկ հրատարակված գիրք ունի: Նա կոչ արեց գրողներին՝ դուրս գալ տեղական չափանիշներից ու հաշվի առնել գլոբալ չափանիշները: Գրքերի մասսայականացման համար ինտերնետն օգտագործելը լավ միջոց է համարում Ա.Թոփչյանը, ում համար ինտերնետը ոչ թե թշնամի, այլ` դաշնակից է: Գրական աշխարհի նորությունների «դեգուստացիայի» կարիքն ու արժեքավորի գովազդը նա գրական ոլորտի կարգավորման ճանապարհ է համարում: «Գրքերի դեգուստացիան նույնպես տաղանդ է պահանջում, ինչպես, ասենք, գինու դեգուստացիան»,- ասաց նա: Իսկ Վ.Արսենյանը համոզված է, որ պետք է ցույց տալ ընթերցողին` թե որտե՞ղ է «բաբախում արվեստի սիրտն ու զարկերակը», բայց ինտերնետը թանկ ուղի է համարում: Հեղինակ-ընթերցող կապի ստեղծման համար բոլոր ուղիներն են ընդունելի: Միայն պետք է, որ ընթերցողը կարդալուն սովոր լինի, իսկ հեղինակը` հետաքրքիր, այսինքն` տաղանդավոր: