Ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ

20/06/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Երեւանում ոսկյա իրերի վաճառքով զբաղվող մի քանի խոշոր առեւտրի կետեր են գործում: Այս շարքում առաջատարներն են համարվում «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն, Մալաթիա տոնավաճառը, Տաշիր առեւտրի կենտրոնը եւ Երեւան տոնավաճառը: Համաձայն «Թանկարժեք մետաղների մասին» նոր օրենքի, ոսկու շուկայում առկա բոլոր իրերը ենթակա են նոր` հայկական հարգադրոշմման: Նշենք, որ նախկինում ոսկյա իրերը հարգադրոշմվել են աստղի պատկերով, իսկ նոր հարգադրոշմի վրա պատկերված է «Սասունցի Դավիթը»:

Հայաստանն ԱՊՀ երկրներից ամենավերջինն է ընդունել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքը: Այս օրենքն ընդունվել է նախորդ տարի եւ ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ին, սակայն դեռեւս պետական մարմինները չեն կարողանում օրենքի կիրառման համար լիարժեք իրավական դաշտ ապահովել: Մինչ օրենքի ընդունումը Հայաստանում թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմի իրավունքը պատկանում էր «Մետաղափորձագիտական տեսչությանը»: Նոր օրենքով այս դաշտն ազատականացվել է եւ արտադրողին էլ է իրավունք տրվել հարգորոշել եւ հարգադրոշմել իր արտադրանքը: Արտերկրում այս պրակտիկան վաղուց է գործում. ամեն մի ոսկերիչ ունի իր լիցենզիայի համարը, եւ իր պատրաստած իրի վրա խփելով իր լիցենզիայի համարը՝ գնորդի համար պարզ է դառնում, թե ում արտադրանքի հետ գործ ունի:Հետագայում, եթե պարզվի, որ նշյալ իրը չի համապատասխանում նշված հարգադրոշմին, հանգիստ կարող է գտնել արտադրողին եւ պահանջել, ասենք` ֆինանսական փոխհատուցում:

«168 Ժամն» անդրադարձել է տեղական ոսկու շուկայում ստեղծված իրավիճակին, որտեղ, ըստ ոլորտը կանոնակարգող պետական պաշտոնյաների, երբեմն ոսկու անվան տակ վաճառվում է ամեն ինչ եւ ոչ ոսկի: Նման բան չեն բացառում նաեւ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի տնօրինությունում: Ընկերության հարգորոշող եւ հարգադրոշմող բաժնի պետ Սամվել Մելիքյանը նշում է, որ երբեմն, եթե անգամ ոսկին համապատասխանում է իր հարգին, կարող է խախտված լինել նրա մեջ առկա թույլատրելի մետաղների քանակությունը: Ասենք, արծաթի փոխարեն ոսկերիչները խառնում են ցինկ կամ «ալոյ», քանի որ արծաթն էլ բավականին թանկ մետաղ է համարվում: Այս կարգի խառնուրդներով իրերը բավականին շուտ են ջարդվում: Չեն բացառում նաեւ, որ շուկայում լինեն իրենց հարգին ընդհանրապես չհամապատասխանող իրեր: Նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն ոսկու շուկայում չես գտնի մի իր, որի վրա նոր հարգադրոշմ լինի: «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանից էլ ճշտեցին դանդաղկոտության պատճառները:

– Ուժի մեջ մտած օրենքը եւ՛ կա, եւ՛ չկա: Մենք ստացել ենք հարգորոշողի լիցենզիա, որը թվագրված է «02», բայց մեզ դեռ չեն տվել անվանանիշը: Իմ կարծիքով, մինչ ոսկու շուկայի կանոնակարգումը, նախ պետք է ոսկու վաճառքով զբաղվողներին հարկային դաշտ բերեին: Ցանկացած պահի կարող են գալ-ստուգել, իսկ ներկայումս վաճառողներն ապօրինի տնտեսվարողներն են համարվում:

– Ըստ պետական մարմինների, մեկ ոսկյա իրի հարգադրոշմման համար պահանջվում է մոտ 1200-2500 դրամ: Ստացվում է` նոր հարգադրոշմի համար ձեր շուկայում վաճառք իրականացնողները պետք է ձեզ այդքան գումա՞ր վճարեն, թե՞ այս ծառայությունն անվճար եք իրականացնելու:

– Ձեր ասած թիվը զգալի բարձր է: Մեր հարգադրոշմը «02»-ն է: Ենթադրում եմ, որ «01»-ը, ըստ երեւույթին, լինելու է «Մետաղափորձական տեսչության» ստեղծած դուստր- ձեռնարկությանը, քանի որ վերջինս, լինելով ստուգող մարմին, գործունեություն անելու իրավունք չունի եւ այս դեպքում այդ գործը կանի իր ստեղծած դուստր-ձեռնարկությունը: Հավանաբար, իրենց ծառայությունը կարող է այդքան արժենալ: Մեր գինը կսահմանվի մրցակցության արդյունքում եւ հնարավոր է` կազմի մոտ 600-1200 դրամ: 2500 դրամ սահմանելը թալանի նման մի բան է: Եթե մարդը 50 հատ իր ունի, ապա ստացվում է, որ նոր հարգադրոշմի համար պետք է մոտ 357 դոլար վճարի: Մենք դեռ չենք հաշվարկել գնագոյացումը: Դեռ պետք է ստանանք անվանանիշը, տեսնենք՝ պետությունը որքանո՞վ է մեզ այն վաճառում, որից հետո էլ կերեւա, թե ինչ կարժենա 1 իրի հարգադրոշմումը:

– Մետաղափորձագիտական տեսչության տվյալներով՝ օրինական ճանապարհով հարգորոշվել եւ հարգադրոշմվել է 10-15.000 ոսկյա իր, որոնք պատկանել են հիմնականում «Երեւանի ոսկու գործարանին», իսկ մնացած իրերի վրայի դրոշմները համարվում են անօրինական: Ովքե՞ր են հարգադրոշմում ձեր շուկայում վաճառվող ոսկյա իրերը:

– Ձեր տեղեկությունը թերի է: Մենք միակ խոշոր տոնավաճառն ենք (ունենք 600 աշխատող, արհեստանոցներ, որտեղ աշխատում է 3200 ոսկերիչ), որ 2001թ. ստեղծել ենք մի ծառայություն, որի նպատակն էր՝ մասնավորի կողմից ստեղծված պատրաստի արտադրանքը տանել «Մետաղափորձական տեսչություն», որտեղ էլ հարգորոշվում եւ հարգադրոշմվում էր:

– Քանի՞ իր է հարգադրոշմվել ձեր ծառայության միջնորդությամբ:

– Այստեղ մի խնդիր կար. քանի որ այս մարդիկ հարկային դաշտում չէին, այս գործարքը ոչ մի տեղ չէր գրանցվում: Սա մենք անում էինք մեր տոնավաճառի վարկանիշի համար:

– «Մետաղափորձական տեսչությանը» բնականաբար վճարել եք իր ծառայության համար եւ հարգորոշված իրերի քանակը պետք է որ հայտնի լինի, թե՞ տեսչությունը ստվերում է աշխատել:

– Մենք տեսչության հետ, բնականաբար, թղթավարությամբ ենք աշխատել, սակայն բարդ խնդիր է այս ամբողջ տարիների համար մեր ծառայության միջոցով հարգադրոշմված իրերի թիվը հիշելը:

– Կարո՞ղ եք նախորդ տարվա թիվն ասել:

– Մենք նման հաշվարկներ չենք արել:

– Որքա՞ն եք վճարել տեսչությանը մեկ իրի հարգադրոշմման համար:

– Մոտ 600-1200 դրամ: Մեր ծառայությունը կամավոր էր, որպեսզի ամեն մարդ, այդքան ոսկին ձեռքին՝ ստիպված չլիներ հասնել տեսչություն: Այստեղ նաեւ անվտանգության խնդիր կար: Մենք լծակներ չունեինք, որ բոլորին պարտադրեինք ապրանքը տալ փորձաքննության:

– Տեսչություն տարած ձեր իրերը շեղումներ ունեցե՞լ են:

– Նման դեպքեր եղել են, եւ տեսչությունն այդ իրերը չի հարգորոշել, եւ այդ իրը վերադարձվել է տերերին: Ոչ ոք ապահովագրված չէ վրիպակներից, թեպետ միտումնավոր դեպքերն էլ չենք բացառում:

– Ներմուծված ոսկյա իրերի համար Հայաստանում ընդունելի է համարվում 2 շրջան պատկերված հարգադրոշմը, այլապես պետք է հարգադրոշմվի տեսչության կողմից: Շուկայում առկա ներմուծված իրերը հարգադրոշմված են մեզ համար անընդունելի դրոշմներով: Ձեր ծառայությունը հարգորոշելու համար ներմուծված իրեր է՞լ է տարել տեսչություն:

– Ոչ ներմուծվածներից չենք տարել, սակայն այս դաշտը կկարգավորվի առաջիկա 2 ամսում, երբ ստանանք անվանանիշը, եւ հնարավոր կլինի շուկայի ողջ տեսականին հարգադրոշմել նոր նմուշի` Սասունցի Դավիթով:

– Որքա՞ն են վճարում շուկայում 1 սեղան զբաղեցնելու համար:

– Մեր վարձը 1 սեղանի համար ամսական կազմում է 35.000 դրամ: Մինչ այժմ օրենքը չէր արգելում պայմանագիր կնքել նրանց հետ՝ որպես ֆիզիկական անձ, սակայն ներկայումս օրենքով նրանք պետք է լինեն իրավաբանական անձ, այլապես մեր կազմակերպությունը կենթարկվի ահռելի տույժ ու տուգանքների: Ներկայում 600 աշխատողներից 490-ը դարձել են անհատ ձեռներեցներ: Հարկային դաշտում նրանք աշխատելու են հաստատագրված վճարով` վարձակալած 1 սեղանի դիմաց վճարելու են 1800 դրամ եւ նվազագույն 5000 դրամ սոցապ վճարը:

Ոսկու շուկայի կամայականություններին առաջինն արձագանքել են ՀՀ բանկերը: Որոշ բանկերի մասնաճյուղեր հրաժարվել են գրավ վերցրած ոսկու դիմաց երկարաձգել վարկի մարման ժամկետները, եւ քաղաքացիներից պահանջել են վերադարձնել վարկի գումարը: Սա էլ այն դեպքում, երբ ընդհանրապես համաշխարհային շուկայում օր օրի բարձրանում է ոսկու գինը: Ոսկու շուկայի նյուանսներին քաջատեղյակ Արմեն Բաղդասարյանը ենթադրում է, որ մի քանի բանկեր «քցվել» էին՝ կեղծ ոսկի ընդունելով: «Եթե մարդն իր ոսկին բերում է շուկա եւ համաձայն է որպես «լոմ» վաճառելու, ապա համաձայն է, որ իր ոսկին ծակեն եւ ստուգեն, թե ներսում պղնձից խողովակ կա՞, թե՞ ոչ, եւ այլն: Սակայն բանկը դրա հնարավորությունը չունի: Նա գույքն ընդունում է որպես գրավ եւ չի կարող այդ գույքը վնասել: Ինձ թվում է` բանկերը կասկած ունեն, թե իրենց գրավ վերցրած ոսկին միայն տեսքից է ոսկի, եւ ուզում են դրանից շուտ ազատվել: Բանկերի համար շատ բարդ է ստուգման մեխանիզմը: Նրանք պետք է ոսկին կշռեն օդում, հետո՝ ջրում, եւ Արքիմեդի օրենքով որոշեն, թե դրա ծավալն ու քաշը համապատասխանո՞ւմ են իրար»,- նշում է մեր զրուցակիցը: Իսկ ահա «Հայէկոնոմբանկի» տնօրեն Դավիթ Սուքիասյանն էլ մեկնաբանում է, որ հնարավոր է տվյալ բանկը փոխել է իր քաղաքականությունը եւ չի ցանկանում տրամադրել փոքր վարկեր: «Հայէկոնոմբանկն» իրեն ապահով է համարում գրավ վերցրած ոսկու առումով, քանի որ հենց բանկում ունեն փորձագետ մասնագետ: