Երեկ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին մի ակնարկ-զգուշացում է արել, որը պետք է լրջորեն անհանգստացնի ՀՀ իշխանություններին: Գոդֆրին հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմամբ: «Մենք տվյալ հարցի կապակցությամբ մեր անհանգստությունը հայտնել ենք Հայաստանի կառավարությանը»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, թե ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայ-իրանական էներգետիկ գործակցության թափանցիկության հանգամանքը: Գոդֆրին նաեւ գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը նախապես տեղեկացնում է գործակցության իր ծրագրերի մասին: Սակայն, հավատարմատարի խոսքերով, ԱՄՆ-ը կոչ է անում ՀՀ կառավարությանն՝ օգնել Վաշինգտոնին եւ միջազգային հանրությանը՝ Իրանին միջազգային պարտավորությունների կատարման հարցում համոզելու համար: Էնթոնի Գոդֆրին նաեւ հիշեցրել է, որ վերջին 16 տարիներին ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է մոտ 1,6 միլիարդ դոլարի օգնություն, եւ ներկայում էլ շարունակում է օգնել մեր երկրին: Նա նշել է, թե Հայաստանում իրականացվող ամերիկյան բոլոր ծրագրերն արդյունավետ են, եւ դրանց արդյունքը կարելի է տեսնել ի դեմս խորհրդարանի ընտրության առաջընթացի, անվտանգության եւ պաշտպանական մակարդակի բարձրացման, տնտեսական աճի: