Դոլարի կուրսի տատանումները կարծես թե մեզ համար դարձել են սովորական երեւույթ: Իսկ այդ տատանումների մասին մեկնաբանություններ տալն արդեն ձանձրացնում կամ զվարճացնում է պատասխանողներին: Անցյալ շաբաթ դոլարը 5 դրամով արժեզրկվեց, իսկ այս շաբաթ արժեւորվեց մինչեւ 348 դրամ: Երեկ փորձեցինք ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանից մեկնաբանություն ստանալ, թե ի՞նչ պատահեց ՀՀ տնտեսությանը, որ փոխարժեքի այդպիսի տատանում տեղի ունեցավ: «Ես այդ հարցի վերաբերյալ տվել եմ արդեն հարյուրից ավելի մեկնաբանություններ, եւ սա արդեն 101-րդն է,- լայն ժպիտով ասաց ԿԲ նախագահը: -Հիմա հին ֆայլերից ուզում եմ ձեր հիշողությունը թարմացնել եւ մեջբերում անել Հոլանդիայի ԿԲ-ի մեր գործընկերոջ պատասխանը ձեր հարցին: Նա ասաց, որ եվրոպական լավագույն փորձը եւ ավանդույթը կայանում է նրանում, որ ԿԲ-ները խուսափում են փոխարժեքի տատանումները մեկնաբանելուց: Դա պետք է անեն շուկայի մասնագետները, որովհետեւ երբ ԿԲ-ն սկսում է մեկնաբանել փոխարժեքի վարքագծի պատճառները, հետեւանքները, դրանք ազդակներ են շուկայի մասնագետներին, եւ կարող է մտցնել շուկայական շեղումներ: Դրա համար լավագույն պահվածքն այն է, որ մենք խուսափում ենք մեկնաբանություններից, ինչը ձեր թույլտվությամբ ես պետք է այսօր անեմ»: Իսկ մենք ուզում ենք «թարմացնել» պարոն Սարգսյանի հիշողությունը եւ հիշեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի 2006թ. զեկույցի դիտողությունները: Անցյալ տարվա համար ԿԲ-ն սահմանել էր 3%-անոց նպատակադրված գնաճ, սակայն երբ տարեկեսին պարզ դարձավ, որ այդ ցուցանիշը հնարավոր չէր պահպանել, ԿԲ-ն գնաճի համար նոր շեմ սահմանեց՝ 5%: ԱՄՀ-ն խորհուրդ էր տալիս չփոխել գնաճի նպատակադրված ցուցանիշը: Սակայն «գործընկերների» խորհուրդը լսող Տ.Սարգսյանը չլսեց ԱՄՀ խորհուրդը: Ինչեւէ, թեեւ Տ. Սարգսյանը եւ իր հոլանդացի գործընկերը խուսափում են փոխարժեքի տատանումների վերաբերյալ բացատրություն տալուց, այնուամենայնիվ, այս երեւույթը շարունակում է մնալ հայաստանյան տնտեսության գլխավոր ֆենոմենը: Բացի Տ. Սարգսյանից, շատ քչերը գիտեն, թե իրականում ինչով է պայմանավորված փոխարժեքի անկայունությունը: Այնպես որ` մենք ոչ թե մեղրաջրի, այլ պարզ մասնագիտական եւ տրամաբանական բացատրության կարիք ունենք: