Հայաստանն` ըստ «Freedom House»-ի

17/06/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշն անկում է ապրել Հայաստանում»,- մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո սա, թերեւս, հնչած առաջին բացասական գնահատականն է, որի հեղինակը հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերն է: Ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր դիտորդական առաքելությունների կողմից տրված գնահատականներից հետո` ընտրությունների անաչառության, ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման եւ այլն, թվում էր, այսուհետ Հայաստանի մասին գրվող ցանկացած զեկույց կամ գնահատական այլեւս զերծ է լինելու բացասական նկատառումներից:

Իսկ վերոնշյալ գնահատականն արձանագրվել է նաեւ «Freedom House»-ի տարեկան հերթական զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերը, սակայն, սրան զուգահեռ՝ նաեւ նշել է այն ոլորտները, որտեղ ժողովրդավարության անկում կա: «Բարելավման համար մեծ տեղ կա մի շարք հիմնական ոլորտներում` ընտրական գործընթացներ, ազգային եւ տեղական կառավարում, քաղաքացիական հասարակություն, անկախ մամուլ, դատաիրավական ոլորտ, կոռուպցիա: Բոլոր այս ոլորտներում իրավիճակը մնացել է անփոփոխ, բացի երկու ուղղություններից` ազատ մամուլի եւ ժողովրդավարական կառավարման ցուցիչներից, որտեղ հետընթաց է արձանագրվել,- հայտարարել է Քրիս Ուոքերը։ -Անցյալ տարի լրագրողների դեմ բռնության դեպքերի ավելացում է արձանագրվել, մասամբ` Քրեական օրենսգրքում իշխանավորներին վիրավորելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածով, որը շարունակում է մտահոգության առիթ հանդիսանալ»: Ի դեպ, «Freedom House»-ի 2006 թվականի գնահատականներով, մամուլի ազատության տեսակետից Հայաստանն աշխարհի 194 երկրների ցուցակում գրավում էր 137-րդ տեղը: Հիշեցնենք, որ ըստ կազմակերպության չափորոշիչների՝ Հայաստանի մամուլն արդեն 4 տարի է՝ գնահատվել է «ոչ ազատ»: «Freedom House»-ի Եվրասիայի հարցերով պատասխանատուն «Ազատության» թղթակցի հետ զրույցում դժվարացել է կանխատեսումներ անել, թե ինչ գնահատական կստանա Հայաստանի մամուլը 2007 թվականի տվյալներով: Իսկ ինչ վերաբերում է պետական կառավարման ոլորտին, ապա կազմակերպության Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերը նկատել է. «Պետական կառավարման ոլորտում առաջընթացը, ինչպես շատերը հույս ունեին, պետք է արձանագրվեր 2005 թվականին Սահմանադրության փոփոխություններից հետո: Մեր զեկույցն արձանագրեց, որ կոնկրետ քայլեր չեն արվել հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ, եւ սա նույնպես բացասաբար ազդեց գնահատականի վրա»: Սակայն Քրիս Ուոքերը, ով նման գնահատականներ է տվել Հայաստանին` ժողովրդավարության ցուցանիշների անկման վերաբերյալ, վերջում մեղմել է իր գնահատականները, ինչից ենթադրվում է, որ «Freedom House»-ի 2007թ. տարեկան զեկույցում Հայաստանի մասին ավելի լավ կարծիքներ ու եզրակացություններ են գրվելու: «Իհարկե, հույս ունեմ, որ առաջընթաց կարձանագրվի: Հայաստանում բոլորի ցանկությունն է ունենալ որքան հնարավոր է բաց, անկախ եւ բազմակարծություն ապահովող մամուլ,- ասել է «Freedom House»-ի Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերը` հավելելով,- Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ շատերը մտավախություն ունեին, որ լրատվամիջոցները չեն ապահովի կարծիքների եւ դիրքորոշումների բազմազանություն: Հատկապես դա վերաբերում էր հանրային հեռարձակող ընկերություններին, որտեղ, անկասկած, բարելավելու շատ բան կա»: