– Սրբազան, ամեն անգամ, երբ ՀՀ նախագահը պատարագներին ներկայանում է վերջին րոպեին, երբ չի համբուրում կաթողիկոսի պարզած խաչը կամ չի խաչակնքվում, հասարակությունը կարծես համակվում է երկրում տեղի ունեցող բացասական երեւույթները կապել նաեւ Ռոբերտ Քոչարյանի աթեիզմի հետ: Ըստ Ձեզ` երկրի առաջին դեմքի աթեիստ լինելը հասարակության արժեքային համակարգի ձեւավորման առումով լո՞ւրջ գործոն է:
– Մարդու կրոնական հայացքների, հավատացյալ լինելու չափի վերաբերյալ գնահատումներ կատարելիս, կարծում եմ, պետք է զգուշավորություն դրսեւորել: Ես չգիտեմ մի գործիք, որով հնարավոր լինի որոշել մարդու հավատքի չափը, բայց գիտեմ մի ճանապարհ, որով հնարավոր է դատել` մարդն իր հոգում հավատք կրո՞ւմ է, թե՞ ոչ: Բարոյականությունն առաձգական է, բարոյական հասկացությունները՝ պայմանական, եթե հիմնված չեն Աստծո գոյության փաստի վրա: Ուրեմն, որեւէ մարդ, որն իր կյանքում բարոյական որոշակի ընկալումներ ունի, չեմ կարող հավատալ, որ այդ մարդն աթեիստ է: Աթեիստ մարդ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ես չգիտեմ անձ, որ որոշակի բարոյական կրեդո չունենա: Բարոյականությունը մարդու կրոնական, հոգեւոր ընկալումների ածանցումն է: Եթե մենք երբեք հատուցման գաղափարին չհավատանք, ինչո՞ւ պետք է ձգտենք այս կյանքում լինել բարոյական, եթե կարող ենք նաեւ չլինել: Ինչո՞ւ եմ շեշտադրում հատուցման գաղափարը. կրոնը, հավատքը` մարդուց դուրս գոյություն ունեցող ուժի նկատմամբ, անխուսափելիորեն հարաբերվում են հատուցման գաղափարի հետ: Կոնկրետ նախագահի պարագայում, գիտեք, որ նա պատկանում է նախորդ հասարակարգի տարիներին կրթություն ստացած, այդ հասարակարգի կանոններով ապրած սերնդին: Այդ տարիներին որեւէ ձեւով չէր քաջալերվում մարդու կրոնական զգացումի, եկեղեցու հանդեպ դրական վերաբերմունքի արտահայտումը: Կան անձեր, որոնց մեջ անթեղված է կրոնական զգացումը, սակայն այն արտահայտելու մշակույթը տակավին ձեւավորված չէ: Այդ մշակույթը ձեւավորվում է եկեղեցում: Օրինակ` խաչակնքումը, եկեղեցական տոներին մասնակցությունն այդ մշակույթի բաղկացուցիչ մասն են: Բայց կա նաեւ անթեղված հավատք, որը արտաքին բարեպաշտական արտահայտություններ չունի: Այսինքն՝ խորքում գոյություն ունի, սակայն արտահայտման եղանակների մեջ պետք է մշակվի:
– Փոխարենը, մեր օլիգարխներն իրենց նախընտրական տեսահոլովակներում, որպես կանոն, սիրում են նկարահանվել եկեղեցում` մոմ վառելիս եւ խաչակնքվելիս: Եվ մոմի լույսն անդրադարձնում է նրանց ձեռքի եւ պարանոցի ոսկյա զարդերի փայլը: Հետաքրքիր է, նման ցուցադրական հավատքը որքանո՞վ է հաճելի Աստծուն, երբ տհաճ է անգամ մարդկանց:
– Կրոնական զգացումն արտահայտելու կոչված ամեն արտաքին ցույց, կարծում եմ, գերազանցապես պետք է բխի մարդու հոգեւոր զգացումների աղբյուրից: Խաչակնքումը քրիստոնյայի` ներքին հոգեկան պահանջներին արտաքին ազդակներից բխող պատասխանն է: Ես կարծում եմ` մարդու բարոյական կերպարը լավագույն ինդիկատորն է` իր յուրաքանչյուր արարքի անկեղծությունը գնահատելիս: Այս առումով յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել իր առանձին դրսեւորումների մեջ:
– Վերջին հիշարժան դեպքը Գյումրիի քաղաքապետի մատուցած պատարագն էր: Դուք լսե՞լ եք Գյումրիի բարեպաշտ ու աստվածավախ քաղաքապետի մասին:
– Ինչ վերաբերում է պատարագների, եկեղեցական ծեսերի մատուցմանը, գիտեք, որ դրանք մատուցվում են հատուկ հոգեւոր պաշտոնյաների միջոցով, որոնք այդ իշխանությունը ստանում են եկեղեցական ձեռնադրությամբ եւ օծումով: Աշխարհական անձերը չեն կարող նման արարողություններ կատարել: Ես հակված եմ ենթադրելու, որ նման արարողություններ մատուցելու վերագրումները սեփական անձին շփոթություններ են: (Ի դեպ, մինչ օրս եկեղեցին Վարդան Ղուկասյանից ձեռնադրության դիմում չի ստացել.- Լ.Ա.):
– Սրբազան, վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւս կարելի է համարել մեր հասարակության բարոյականության ինդիկատոր: Դուք տեղյա՞կ եք, թե որքան մեծ էր ընտրակեղծիքների մեջ կամավոր ներքաշված անձանց թիվը: Եկեղեցին որեւէ ձեւով, կարծես, չարձագանքեց այդ երեւույթին: Եվ հետո, հետաքրքիր է, անձամբ Դուք մասնակցե՞լ եք ընտրություններին եւ գտե՞լ եք ցուցակներում այն հարմար թեկնածուներին, ովքեր արժանի էին ստանալ Ձեր «այո»-ն:
– Ես, անշուշտ, մասնակցել եմ ընտրություններին եւ փորձել եմ ընտրություն կատարել համեմատաբար երաշխավորված կայունության օգտին: Դժվարանում եմ ընդհանրացումներ կատարել` եթե ընտրակաշառք է բաժանվել, ի՞նչ ծավալով է բաժանվել, ի՞նչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա: Ընտրակաշառքի տրման կոնկրետ փաստերը որտե՞ղ են արձանագրվել: Այդ ինֆորմացիային ես չեմ տիրապետում: ԶԼՄ-ներում, այո՛, նման լրատվություն կա, սակայն նման ինֆորմացիան ես չեմ կարող ինձ համար բավականին փաստացի ճշգրտության տեղեկատվություն համարել եւ ելակետ ընդունելով` որոշակի գնահատականներ տալ:
– Եկեղեցին հասարակության կողմից ընկալվում է որպես մի փակ կառույց, որտեղից եկեղեցական ներքին կյանքի մասին ոչ մի լուր արտաքին աշխարհ դուրս չի գալիս: Որպես օրինակ` կարող ենք նշել որոշակի պարբերականությամբ մամուլում հայտնվող մի քանի տողանոց լուրերը` կարգալույծ է արվել այսինչ քահանան: Սակայն, որպես կանոն, պատճառը չի նշվում:
– Մենք միշտ նշել ենք պատճառը. կարգալույծ են արվել անհնազանդության եւ օրինազանցության համար: Այսինքն` եթե տվյալ քահանան հրաժարվում է իր պարտականությունները կատարել, ասենք, այսինչ աշխարհագրական վայրում, որովհետեւ կլիման այն չէ, կնոջ առողջությունը կամ երեխաների ուսման վայրը թույլ չեն տալիս, եւ նա հրաժարվում է ծառայել իր ուխտին: Սակայն, հոգեւորականը, ինչպես զինվորականը, պետք է հավատարիմ մնա իր ուխտին եւ չզլանա իր պարտականությունները կատարել անգամ իրեն ոչ այնքան հարմար վայրերում:
– Ի դեպ, հոգեւորականների մասին. չե՞ք կարծում, որ հոգեւոր դասի ներկայացուցիչները կամ նրանց մի մասն այնքան էլ աչքի չեն ընկնում ժուժկալությամբ: Հաճախ կտեսնես գիրուկ, թանկարժեք մեքենաներով շրջող հոգեւորականներիգ
– Այսինքն՝ ձեր պատկերացմամբ քահանան պետք է լինի վտիտ եւ տրեխներո՞վ: Գիտե՞ք, մեքենան վաղուց արդեն դադարել է շքեղություն լինելուց: Չեմ ժխտում, որ կան շքեղ մեքենա վարող հոգեւորականներ: Լինել հավատացյալ, չի նշանակում՝ լինել անմեղ: Լինել հավատացյալ եւ հատկապես եկեղեցական, նշանակում է` չթուլանալ մեղքերի եւ գայթակղությունների դեմ պայքարելու մեջ:
– Սրբազան, վերադառնալով հավատքի ցուցադրման թեմային, կցանկանայինք ճշտել` մեր օլիգարխները, խաղատներ, զվարճանքի վայրեր կառուցելուց զատ, իրենց առանձնատների բակերում կամ տնամերձ այգում եկեղեցիներ են կառուցում, եւ այնտեղից շփվում են Բարձրյալի հետ: Բայց չե՞ք կարծում, որ երկնքից տեսանելի է նաեւ կառուցված խաղատունը:
– Եթե մարդը որոշել է եկեղեցի կառուցել, ես չեմ կարող դա բացասաբար ընկալել: Բայց մարդկանց պետք է հասանելի դարձնել այն միտքը, որ եկեղեցու կառուցումը ծիսականացված է` հիմքից մինչեւ խաչը: Վերջին 10 տարիներին Ձեր ասած ձեւով կառուցվել են շատ եկեղեցիներ, որոնք գտնվում են անձնական սեփականության, տնօրինման ներքո, բայց նրանց տերերի հետ զրույցների արդյունքում եկել ենք համաձայնության, որ դրանք փոխանցվեն եկեղեցուն: Կա մեկ այլ վտանգավոր դրսեւորում. կան անձեր, որոնք Տիրոջից անմիջական հայտնություն ստացած լինելու հովերով եւ հավակնություններով (ինչպես մի տիկին` Խարբերդում), Տիրոջ հետ անմիջական կապի ամբիցիաներով՝ ցանկանում են մարդկանց շփոթության մեջ գցել: Կառուցել են եկեղեցի եւ այն դարձրել իրենց նյութական շահագրգռություններին հագուրդ տալու միջոց: Իրականացնում են մոմավաճառություն եւ իբրեւ թե բժշկություն: Առավել վտանգավոր են այս դեպքերը:
– Սրբազա՛ն, թեեւ Ձեզ հետ հանդիպում էինք խնդրել` զրույցի թեմա նշելով վերջերս ընդունված «ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, սակայն հարցը մնաց վերջում: Այնուամենայնիվ, պետությունն ու եկեղեցին կարծես ոչ այնքան վատ հարաբերվում էին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով:
– «Խղճի ազատության մասին» օրենքն ուներ մեկ բաց. Հայ Առաքելական եկեղեցին համահավասարեցվում էր կրոնական գործունեություն իրականացնող մյուս կազմակերպություններին, որոնց մեջ են թե՛ ավանդական մեր քույր եկեղեցիները` ուղղափառ, կաթոլիկ, եւ թե՛ աղանդավորական կազմակերպությունները: Այս առումով` օրենքը հստակ ասում է, որ հայ ժողովրդի ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման առումով Հայ Առաքելական եկեղեցին ունեցել է եւ կունենա իր կարեւոր դերակատարությունը: