Աբգարյանը որոշեց թեկնածությունը հանել, բայց փոշմանե՞ց

17/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հունիսի 14-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ԼՂՀ նախագահի բոլոր 5 թեկնածուներին` ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանին, ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանին, ԱրՊՀ դասախոս Վանյա Ավանեսյանին եւ ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին:

Նույն օրը, աշխատանքային օրվա վերջին, նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանը դիմում է ներկայացրել ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ինքնաբացարկ հայտարարելու մասին, իսկ հաջորդ օրն առավոտյան կրկին դիմել է ԿԸՀ-ին` իր ինքնաբացարկ հայտարարելու մասին դիմումը չեղյալ հայտարարելու խնդրանքով: ԿԸՀ-ն նույնիսկ չի հասցրել քննարկել առաջին դիմումը, քանի որ, ըստ ԿԸՀ նախագահի, դիմումն աշխատանքային օրվա վերջին են ստացել:

Թեկնածու Արմեն Աբգարյանը չցանկացավ որեւէ բացատրություն այս առնչությամբ, ուստի դեռ անհայտ է, թե ինչ նպատակով էր դա արվել:

Ղարաբաղում երկու կարծիք կա. ոմանք մտածում են, որ Արմեն Աբգարյանը ընտրությունների ժամանակ Բակո Սահակյանի ձայներից է «խլելու», իսկ ոմանք էլ այն կարծիքին են, թե Մասիս Մայիլյանի «ձայներն են տուժելու»: Իսկ նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը ո՞ր ընտրազանգվածի հետ է կապում իր հույսերը: Այս մասին թեկնածուներից մի քանիսն օրերս պարզաբանումներ են տվել առանձին հարցազրույցներում: Օրինակ, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ակնկալում է հանրության ամենատարբեր խավերի ու շերտերի աջակցությունը, «բոլոր նրանց աջակցությունը, ովքեր համամիտ են, որ երկրում լուրջ ու համակարգային բարեփոխումների կարիք կա»: «Այդպիսիք շատ են թե՛ պետական համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական դաշտում եւ թե՛ շարքային քաղաքացիների մեջ»,- նշել է Մ.Մայիլյանը:

Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը հույսը դնում է ԼՂՀ ժողովրդի վրա: «Ես ոչ մեկին չեմ խնդրելու, որ ինձ ձայն տան: Ներկայացնելու եմ իմ ծրագիրը, եւ այն պաշտպանելու եմ եւ՛ լրատվամիջոցներում, եւ՛ հանդիպումների ժամանակ: Իսկ որոշումը ժողովրդինն է»,- ընդգծել է Հ.Մելքումյանը: Իսկ Արցախի պետահամալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանն այսպես է ներկայացրել իր դիրքորոշումը. «Հույսս ժողովրդի կամքն է: Ես ամեն ինչ անում եմ ժողովրդի համար, եթե չեն ուզում` թող չընտրեն: Եթե ուզում են աղքատ, քաղցած մնալ, պաշտոնյաները չարաշահեն իրենց պաշտոնը` թող չընտրեն: Ես փող չունեմ ծախսելու: Ժողովուրդը կհասկանա` ձայն կտա, չի հասկանա` ձայն չի տա»:

Վանյա Ավանեսյանը համոզված չէ, որ գալիք նախագահական ընտրություններն ազատ ու արդար են լինելու: «Ելնելով նախորդ տարիների փորձից եւ ժողովրդի խոսակցություններից, համոզված չեմ դրանում»,- ասել է նա:

Հրանտ Մելքումյանի կարծիքով՝ ամեն ինչ կախված է ժողովրդից: «Ժողովուրդը խղճով պետք է ձայն տա, ոչ թե հարեւանի, բարեկամի կամ ծանոթի թելադրանքով: Եվ արդարությունն ու ազատությունը դրանից է կախված: Ոչ մեկը ընտրատեղամասերում կեղծումներ չի կարող անել, ես չեմ հավատում դրան»,- շեշտել է Կոմկուսի ղեկավարը: Իսկ Մասիս Մայիլյանը նշել է. «Գործող իշխանության եւ քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրը պիտի լինի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը: Առաջնայինը դա է, որից էլ ածանցյալ է քաղաքական պայքարը: Որովհետեւ դրանից է կախված երկրի միջազգային հեղինակությունն ու հետագա զարգացումը: Թեեւ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները թեկնածուներից մեկին սատարող քաղաքական եւ այլ ուժերի կողմից են ներկայացված, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ բոլորի մեջ կգերակայի պետական մտածողությունը: Լրացուցիչ խթան է նաեւ դիտորդների ու լրագրողների մասնակցությունը: Բայց ամենակարեւորն, ըստ իս, հետեւյալն է՝ շատ բան կախված է լինելու արցախյան հանրության դիրքորոշումից, մարդկանց քաղաքացիական գիտակցության աստիճանից: Եթե հանրային գիտակցությունը պատվար լինի ցանկացած օրինախախտման դեմ, ապա կապահովվեն ազատ եւ արդար ընտրությունները: Գործընթացի պատասխանատուները պիտի համոզված լինեն, որ ցանկացած օրինախախտում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Օրենքի առաջ բոլորը հավասար են, օրենքից վեր միայն Աստված է: Իսկ նման ընտրությունների ամենամեծ խոչընդոտը վարչական ռեսուրսի օգտագործումն է, որի տարրերը, ցավոք, տեսանելի են արդեն այսօր»: