Կրթության վատ որակի պատճարը կրթական հին մոդելն է

17/06/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Այսպես է կարծում ազգությամբ ֆինլանդացի Պասի Սահլբերգը, ով աշխարհի ավելի քան 35 երկրներում ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների ղեկավարման եւ կրթության բարեփոխումների բնագավառում քաղաքականության խորհրդատվության համաշխարհային փորձ ունի։

«Յուրաքանչյուր կրթական համակարգ խնդիրներ ունի։ Այցելելով հայկական դպրոցներ եւ բուհեր, հայկական կրթական համակարգի խնդիրներից կառանձնացնեի ուսուցման շատ հին մոդելը»,- «168 Ժամի» հետ ունեցած առանձնազրույցում ասաց «Կրթություն-2015» համաժողովին հրավիրված մասնագետներից մեկը՝ ֆինլանդացի Պասի Սահլբերգը։ Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի կրթության քաղաքականության գլխավոր փորձագետի կարծիքով՝ ուսուցման այս մոդելն այլեւս չի նպաստում կրթական որակի ապահովմանը։ «Դպրոցի տնօրեններին եւ ուսուցիչներին պետք է տրվի ավելի շատ անկախություն, որպեսզի վերջիններս կարողանան ոչ միայն համակարգային ռեժիմով աշխատել, այլ նաեւ սեփական մեթոդներն էլ գործածեն»,- ասում է Սահլբերգն՝ ավելացնելով, որ Հայաստանում ֆինանսական փոքր ռեսուրսներն են նաեւ խանգարում բարեփոխումների արագ տեմպին։

Համեմատականներ տանելով ֆինլանդական օրինակի հետ, որտեղ կրթական համակարգը որակական արժեքներ է ստացել 70-ականներին, Սահլբերգը նկատում է, որ, ի տարբերություն մոտ 40 տարվա հնության ֆիննական կրթական պատկերի, Հայաստանում այս ոլորտում մեծ ձեռքբերումների հասնելու համար կա դրական մեծ հենք։ Դա այն է, որ հայ հասարակությունը պատրաստ է մեծ գումարներ վճարել կրթության համար՝ անկախ դրա տված որակից։ Իսկ սա արդեն շատ լավ հիմք է՝ կրթական բարեփոխումներ անելու համար։ Հիշելով 60-70-ականների Ֆինլանդիան՝ Սահլբերգը պատմում էր, որ 70-ականների սկզբին ֆինն չորս մեծահասակներից երեքն ուներ միայն հիմնական 9-ամյա կրթություն։ Մասնագիտական եւ տեխնիկական կրթությունը թերզարգացած էր եւ հաճախ, թե՛ ծնողների, թե՛ պատանիների կողմից համարվում էր վերջին ընտրություն, ինչպես նաեւ՝ ուսման մեջ ձախողված լինելու նշան։ «Կրթական նոր տեսլականի էական կողմը կրթական ծառայությունների հասանելիությունն էր՝ անկախ այն բանից, թե որտեղ էին ապրում մարդիկ, ինչպես էր նրանց տնտեսական եւ սոցիալական վիճակը։ Բոլոր ֆինն երեխաները պետք է սովորեին համանման ուսուցիչներ ունեցող դպրոցներում՝ համանման ծրագրով»,- պատմում էր նա՝ ավելացնելով, որ կրթությունն ամբողջությամբ անվճար դարձավ, այդ թվում՝ դասագրքերը, փոխադրումները, ամենօրյա սնունդն ու առողջապահական ծառայությունները։ Եվ 70-ականների վերջում բարեփոխումը տվեց իր արդյունքը. Ֆինլանդիայում համալսարաններ ընդունվողների թիվն աճեց։

Իսկ մեր երկրում բարեփոխումների ընթացքում ոչ ոք անգամ չի մտածում անվճար կրթական համակարգի ներդրման մասին։ Սա մի տեսակ աբսուրդ միտք է պետական չինովնիկներից շատերի համար։ «Անվճար կրթություն» արտահայտությունը լսելիս՝ չգիտես ինչու, նրանք հիշում են Օքսֆորդի, Քեմբրիջի հեղինակավոր համալսարանները, որտեղ կրթությունը նույնպես վճարովի է։ «Որակը գումար է պահանջում» արտահայտությունն անհեթեթ է այս դեպքում. ինչն ինչի հետ են համեմատում։ Բացի այդ, որակի եւ գնի հետ կապված՝ համեմատություններն անիմաստ են դառնում, երբ հիշում ես Ֆրանսիայի Սորբոնի համալսարանը, որտեղ կրթությունն անվճար է, իսկ որակի մասին խոսելն՝ ավելորդ։

Ըստ ֆինն մասնագետ Պասի Սահլբերգի՝ Ֆինլանդիան եւ Հայաստանն ինչ-որ տեղ նման են իրար. երկու պետություններում էլ չկան բնական պաշարներ կամ աշխարհագրական առանձնահատկություններ, որոնք տնտեսական զարգացման եւ աճի հնարավորություններ կընձեռեին։ «Այսպիսի փոքր եւ համեմատաբար աղքատ պետությունները պետք է օգտագործեն իրենց ողջ մարդկային ռեսուրսը՝ բարգավաճ, մրցունակ եւ բարեկեցիկ պետություն կառուցելու գործում»,- ասում է նա։

Համոզված լինելով, որ կրթական հին մոդելը միայն վնասում է կրթական առաջընթացին, ֆինն մասնագետն, այնուամենայնիվ, քննադատորեն է մոտենում այն տեսակետին, թե բարեփոխումների ընթացքում պետք է փոխվի ամբողջ համակարգը։ «Շատ բաներ հին համակարգից կարեւոր ու արդյունավետ են: Մենք պետք է անպայման արժեւորենք դրանք։ Օրինակ՝ Ֆինլանդիան 70-ականներին այս խնդիրն ուներ։ Մարդիկ մի բան էին պահանջում համակարգից, ստանում էին լրիվ այլ բան։ Աշխարհը փոխվում է, մարդկային պահանջները փոխվում են, եւ պետք է հին համակարգը պարզապես լրացնել մարդկային նոր պահանջներին համապատասխանող նորմերով»,- ասում է նա։

Հայաստանի կրթական համակարգի խնդիրներից է նաեւ համագործակցության, մտքերի փոխանակման պակասը, որոնք, ըստ մասնագետի, չպետք է ամփոփվեն միայն մայրաքաղաքում կազմակերպված համաժողովներով։ «Պետք է հետեւողական լինել, եւ չկենտրոնանալ միայն մայրաքաղաքի վրա, այլ գնալ մարզեր, շրջաններ եւ այնտեղ տեսնել՝ ինչպես են արձագանքում նորամուծություններին»,- հորդորում է նա։

Անդրադառնալով կրթական համակարգի կոռուպցիոն վտանգներին՝ Սահլբերգը նշեց, որ կոռուպցիան լուրջ խնդիր է ամբողջ հասարակության համար։ «Ես չեմ կարող հավատալ, որ կոռուպցիան կարող է վերանալ կրթական համակարգից, սակայն կրթական համակարգը շատ բան կարող է անել այն նվազեցնելու համար,- ասում է ֆինն մասնագետն՝ ավելացնելով,- Պարզապես այս դեպքում հարձակումը պետք է շատ ակտիվ լինի»։