Հայկական կինոյի վախճանի մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են

17/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մասնավորեցված «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը համարվող «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», որն ավելի քիչ, քան մեկ տարվա կենսագրություն ունի, երեկ առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց իր ծրագրերը։ Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ «կինոկենտրոնն իր տեսակի մեջ հանրապետությունում կինոմշակութային քաղաքականություն ձեւավորող եզակի կառույց է, որը կինոյի զարգացման հեռանկարներ է նախանշում»։

Կինոկենտրոնը բազմաթիվ ծրագրեր ունի. ցանկանում է ֆիլմերի արտադրությունն ավելացնել եւ խթանել դեբյուտային ֆիլմերի ստեղծումը, քանի որ կինոպրոցեսի մեջ երիտասարդ կադրերի ներգրավումը շատ կարեւոր է համարում։

Կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից իրականացված վերջին ծրագրերից էր մայիս ամսին Գերմանիայում անցկացված «Կարոտ» խորագրով հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրումը, որը ոչ միայն ներկայացրեց հայ կինոյի անցյալն ու ներկան, այլեւ՝ շարունակություն ստացավ քննարկումների տեսքով։ Բեռլինում քննարկման թեման հայկական ֆիլմերում Հայոց ցեղասպանության արտացոլումն էր։ Հայ եւ գերմանացի կինոգործիչները մի շարք հանդիպում-քննարկումներ են ունեցել՝ ուսումնասիրելու համար կինոյի եւ կոլեկտիվ հիշողության պահպանման փոխկապակցված լինելը։ Քննարկման առանձին թեմա է նվիրվել Հայոց եղեռնի տարիներին Գերմանիայի մասնակցության ու պատասխանատվության հարցին։ Հայկական կինոյի միամսյակի ընթացքում մոտ 30 ֆիլմ է ցուցադրվել, իսկ դիտումները կինոգետ Գարեգին Զաքոյանի գնահատմամբ՝ շատ մեծ ուշադրության են արժանացել եւ մեծ թվով հանդիսատես հավաքել։

Երեկ ասուլիսի ընթացքում հայ կինոգործիչներն անդրադարձան նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման տխուր իրողությանը եւ հայ կինոյի «մահվան» լուրերին։ Կինովավերագրող Հարություն Խաչատրյանն ասաց. «Մեզ ներշնչում են, որ հայ կինոն մահացել է, դա շատ խորամանկ, սատանա-մարդկանց մոտեցումն է, որոնք ուզում են հայկական կինոյի գանձերի միակ տերը լինել։ Ոչ, հայ կինոն չի մահացել»։ «Հայֆիլմի» մասնավորեցումը շատ ցավոտ հիշողություններ է արթնացնում շատերի մոտ, եւ շատերի համար պարզ է դարձել, որ լավատեսության պաշարներն արդեն սպառվել են։

Ռեժիսոր Արման Մանարյանը, ով արդեն վեց տարի աշխատում է «Սասունցի Դավիթ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի վրա, ասաց. «Մենք բազմաթիվ տարբերակներ մշակեցինք «Հայֆիլմը» պահպանելու համար, եւ այնքան նաիվ գտնվեցինք, որ հավատացինք խոստումներին…»։ Նա պետական կինոստուդիայի սեփականաշնորհումը հայ կինոյի նկատմամբ իրականացրած «պետական ռեկետ» անվանեց։ «Մենք հիմա ոչինչ չունենք։ Ե՞րբ է այդ կինոստուդիայում հայկական ֆիլմ ծնվելու, եւ ինչպե՞ս այն կարող է ծնվել, եթե չեն հավաքագրվում երիտասարդ ռեժիսորները, օպերատորները, դերասաններըգ»,- հարցրեց նա։ «Հայֆիլմ» կինոստուդիան, որն արդեն երկու տարի է, ինչ օտարվել է պետությունից ու մասնավորի ձեռքն անցել, մինչ օրս էլ հայ կինոռեժիսորների մտահոգությունների ու ափսոսանքի կենտրոնում է։

Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պատմեց, որ մասնավոր դարձած կինոստուդիան տարիների ընթացքում կինոստուդիայում ստեղծված ֆիլմերի ճակատագիրը տնօրինում է այնպես, ինչպես կամենում է։ Կինոստուդիան զբաղված է միայն ֆիլմերի թվայնացումով ու թվային ֆիլմերը բարձր գներով վարձակալության տալով։ Նա պատմեց, որ վերջերս իրեն էին դիմել ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի անդամները, ովքեր ցանկանում էին ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին եւ հայկական ֆիլմերից դրվագներ ձեռք բերել։ Մասնավոր կինոստուդիան մեկ վայրկյան կինոժապավենի համար իրենցից երեք հարյուր ամերիկյան դոլարի չափով գումար պահանջեց։ «Հիմա իմ եւ ուրիշ ռեժիսորների ֆիլմերն աջ ու ձախ վաճառվում են, իսկ մենք ազնիվ ու ախմախ-ախմախ ապրում ենք»,- ասաց Ա. Մկրտչյանը։ Իսկ Գ. Գեւորգյանը պարզաբանեց, որ հասարակության մեջ «թյուր կարծիք» է ստեղծվել այն մասին, որ հայկական ֆիլմերը «Հայֆիլմի» հետ միասին մասնավորին են վաճառվել։ «Վաճառվել է միայն ֆիլմերի իրացման իրավունքը, որը որոշ ժամանակ հետո կրկին կվերադառնա պետությանը»,- ասաց նա։ Սակայն շատերն ավելի հավանական են համարում, որ 50 տարվա ժամկետ ունեցող իրացման իրավունքը 48 տարի հետո կրկին կերկարաձգվի, իսկ մասնավոր կինոստուդիան չի զբաղվի հայկական ֆիլմերի արտադրությամբ, քանի որ կհամարի, որ դա ձեռնտու չէ ֆինանսական առումով։ «Ազգային կինոկենտրոնի» տնօրենը հավատում է, որ «Հայֆիլմը» չի մահացել, այն շարունակում է ապրել է կինոկենտրոնի կառույցի տեսքով, որը Մշակույթի նախարարության հետ մեկտեղ աշխատում է վերջնականապես չսպանել հայ կինոարտադրությունն ու ֆինանսավորել հայկական նոր ֆիլմերը։

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ասաց. «Մենք կորցրեցինք «Հայֆիլմի» շենքը, այն շենքը, որը բոլորիս երկրորդ տունն էր դարձել։ Հիմա ամենակարեւոր տագնապը նրանում է, որ մենք պետք է կարողանանք պահպանել արվեստի այս տեսակը՝ կինոն»։ Իսկ Ա. Մկրտչյանը հանրության ուշադրությունը հրավիրեց կինոթատրոնների բացակայության փաստի վրա, քանի որ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական ֆիլմերը երբեք չեն կարող նույն տպավորությունը թողնել, ինչ լայնէկրան ցուցադրումները։ «Մենք կինո ունենք, այն չի մահացել, պարզապես հանդիսատեսին չի հասնում։ Վաճառվեցին բոլոր կինոթատրոնները, որոնք շուկայի վերածվեցին, ու վերացան կինոցուցադրումները։ Մենք հիմա երկու կինոթատրոն ունենք Երեւանում, մեկ կինոթատրոն` Գյումրիում, եւ մեկ կինոթատրոն` Քաջարանում»,- ասաց նա ու նկատեց, որ պետք է պետությունը մասնավորի հետ նոր կապեր ստեղծի։ Նա հավատում է հայ կինոյի ապագային ու ցավով է կարդում այն հրապարակումները, որոնցում աղաղակվում է հայ կինոյի վախճանի մասին։

Ըստ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի՝ կինոթատրոնների մասնավորեցումը եւ կինոյի մասին օրենքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ հիմա մեծ էկրանին հայկական կինոն գրեթե չի հայտնվում, եւ թուլանում է ֆիլմ-հանդիսատես կապը։ «Ռուսաստանում, օրինակ, յուրաքանչյուր պրեմիերան շատ լավ է գովազդվում, ֆիլմի ստեղծումը դառնում է շոու, տոն։ Մենք իրավունք չունենք մասնավոր կինոթատրոններին ստիպել հայկական ֆիլմեր ցուցադրել, նրանց պետք է հետաքրքրել։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել, եթե մենք անօրեն ենք ու կինոյի մասին օրենք չունենք»,- ասաց նա։ Ա. Մկրտչյանը ցանկացավ, որ կինոպրոցեսը լավ կազմակերպվի ու հայ կինոյին «առաջ վազելու հնարավորություն» տրվի։

Գ. Գեւորգյանը հիշեցրեց, որ անկախության 15 տարիների ընթացքում 90-ից ավելի ֆիլմ է նկարահանվել, բայց հանդիսատեսն այդ մասին տեղյակ չէ։ Վ. Չալդրանյանը նկատեց, որ ֆիլմերի գնահատականը միանշանակ լինել չի կարող, քանի որ «կան եւ՛ լավ, եւ՛ վատ ֆիլմեր»։

Իսկ մենք բոլորս պարբերաբար հանդիսատես ենք դառնում ու սրտատրոփ սպասում նոր, վառ հայկական ֆիլմերի ստեղծմանը։ Եվ շատ հստակ գիտակցում ենք, որ հետաքրքիր, մեզ հուզող թեմայի շուրջ կառուցված, որակով ու պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմերն անպայման հասնելու են մեզ։ Հայ հանդիսատեսն ու հայ կինոգործիչները միմյանց օդի պես հարկավոր են։ Ընդ որում՝ կինոգործիչները միմյանց էլ են հարկավոր, քանի որ նրանց շարքերն այդքան էլ բազմամարդ, կուռ ու բարյացակամ չեն։ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում,- հանդիպման վերջում Պարույր Սեւակի տողերը մեջբերեց Ալբերտ Մկրտչյանն ու ավելացրեց,-Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։ Մենք էլ մեկնաբանում ենք լավատեսորեն։