Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիները «ոչ» ասացին ծայրահեղականությանը քաղաքականության մեջ եւ այն ուժերին, որոնք տառապում էին քաղաքական նիհիլիզմով: «Հայացք» ակումբում երեկ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Եվ պատահական չէ, որ նաեւ ընդդիմադիր ճամբարից, ի դեմս նաեւ «Ժառանգություն» կուսակցության, ԱԺ մտան այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանությունների հետ կառուցողական գործունեության կողմնակից էին»,- շարունակեց նա: Շնորհակալություն հայտնելով «Ժառանգության» հասցեին ասված «բարի խոսքերի» համար՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե ինչպես ընդդիմությունը կարող է լինել «կառուցողական» եւ որոշ հարցերում համագործակցել իշխանությունը ներկայացնող ուժերի հետ, այնպես էլ իշխանությունը պետք է լինի կառուցողական եւ որոշ դեպքերում սեղմի ընդդիմության մեկնած ձեռքը: «Ժառանգությունը», ինչպես հասկացանք, պատրաստվում է լինել «կառուցողական» ընդդիմություն ու որոշ հարցերում չի բացառում նաեւ համագործակցությունն իշխանությունների հետ: Այդ հարցերի թվում երեկ Ս. Սաֆարյանը նշեց մասնավորապես «Հայրենադարձության մասին օրենքը», «աշխատավարձերի ու կենսաթոշակների վերաբերյալ որոշ մոտեցումներ», որոնք համընկնում են իշխանությունը ներկայացնող ուժերի տեսակետների հետ:
Է. Շարմազանովի խոսքերով էլ՝ այն ընդդիմությունը, որը միայն հայհոյում է, «պետության շահն ու ազգային անվտանգության խնդիրները հաշվի չի առնում», «վայ» ընդդիմություն է, իսկ այն ընդդիմությունը, որը կարողանում է այլընտրանք առաջարկել իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, կառուցողական ընդդիմություն է: ՀՀԿ-ական պատգամավորը տվեց նաեւ «վայ իշխանության» սահմանումը: Ըստ նրա, եթե կա իշխանություն, որը «միայն կառչում է նախարարական պորտֆելներից, միայն կառչում է պաշտոններից, այո՛, այդ իշխանությունը «վայ» իշխանություն է»: «Մեր ժողովուրդը պետք է կատարի այնպիսի ընտրություն, որպեսզի զերծ մնա եւ՛ «վայ» ընդդիմությունից, եւ՛ «վայ» իշխանությունից»,- հայտարարեց Է. Շարմազանովը: Ս. Սաֆարյանը սակայն նկատեց, թե նման բաժանումը քաղաքական կատեգորիաների մեջ չի տեղավորվում: «Եթե ինչ-որ բանի անվանում ենք «վայ», դա ենթադրում է, որ պետք է սրբել-տանել դա, եւ մեր իրականության մեջ հենց այդպես էլ գնում են գործընթացները»,- կարծում է Ս. Սաֆարյանը: Նրա այս խոսքից ոգեւորվեց ՀՀԿ-ական բանախոսն ու նշեց, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր ձայնը չտալով այդ ուժերին՝ սրբեց-տարավ նրանց: Այստեղ էլ Ս. Սաֆարյանն այլ տեսակետ ուներ. նա գտնում է, որ այդ «սրբել-տանելու գործում» ժողովրդի դերակատարումը շատ փոքր է եղել, քանզի «ընտրությունները» չեն եղել օրինական եւ չեն արտացոլել ժողովրդի կարծիքը: Իսկ թե հատկապես ո՞ր ուժերն են եղել Է. Շարմազանովի կողմից «վայ ընդդիմություն» որակվածներին «սրբող-տանողները», ըստ Ս. Սաֆարյանի, բոլորի համար պարզ է: «Ժառանգության» ներկայացուցիչը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանում առկա կառավարող կոալիցիայի ձեւաչափը վկայում է այն մասին, որ երկրում չկա իշխանությունների ձեւավորման մեխանիզմ: Նա գտնում է, որ ընտրված ձեւաչափը՝ «կոալիցիա+ՀՅԴ», Հայաստանի առջեւ ծառացած ռազմավարական խնդիրները լուծելու լավագույն միջոցը չէ, քանի որ իշխանությունների ձեւավորումն իրականացվել է «պարտավորությունների հավասար բաժանման սկզբունքով», իսկ Հայաստանում էլ, ինչպես գիտենք, կոալիցիայի ձեւաչափը ենթադրում է անպատասխանատվության մթնոլորտ եւ երկրում տեղի ունեցածի համար պատասխանատվությունից խուսափելու վարք: Է. Շարմազանովն էլ վստահեցնում էր, թե ՀՀԿ-ում գտնում են, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն այլընտրանք չունի, եւ այլն: Նրա հետագա խոսքից էլ պարզ դարձավ, որ, ի թիվս այլ բաների, ՀՀԿ-ն ցանկանում է նաեւ, այսպես ասած, «բարի դաշտ» ստեղծել: Եթե հիշում եք, նման դաշտ ստեղծելու ջատագով է նաեւ Տիգրան Կարապետիչը: Թե ի՞նչ ասել է՝ «բարի դաշտ», Կարապետիչը մինչ օրս չի բացատրել: Երեկ «բարի դաշտի» իմաստը չասաց նաեւ Է. Շարմազանովը, սակայն դատելով իշխանական պաշտոնները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ մեջ-մեջ անելու գործընթացից, կարելի է փաստել, որ արդեն ոմանց համար ստեղծվել է «բարի տաշտ» (գուցե «բարի դաշտ» ասողները հենց սա՞ նկատի ունեն): Բայց վերադառնանք վերոնշյալ բանավեճին: Եթե հիշում եք, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից 1-2 օր հետո հայտարարեց, թե իրականում իրենք ստացել են 250 հազար քվե, սակայն իրենց օգտին «գրվել է» դրա մեկ երրորդը միայն: Բայց այսքանից հետո «Ժառանգությունը» Սահմանադրական դատարանում չվիճարկեց ընտրության արդյունքները: Ինչո՞վ սա բացատրել: Ս. Սաֆարյանը երեկ դա բացատրեց հետեւյալ կերպ. նա նշեց, թե բոլորիս է հայտնի մեր երկրի դատական համակարգի վիճակը, եւ,բացի դա էլ, քանի որ ընտրությունից 1-2 օր հետո իրենք օրինախախտումների մասին ունեցած իրենց փաստերն արդեն տվել էին «Հանրապետություն» կուսակցությանը, ուստի իմաստ չկար այդ 1-2 օրից հետո իրենց ձեռքի տակ հայտնված համեմատաբար սակավ եւ թույլ փաստարկներով դիմել դատարան, որովհետեւ հիմնական եւ հզոր փաստարկներն արդեն տրվել էին «Հանրապետությանը» եւ իրենք եւս, ըստ էության, բողոքող կողմ են եղել, պարզապես հայցվորն իրենք չեն եղել: Իսկ հարցին, թե ի՞նչ հիմքեր ուներ 250 հազար քվեի մասին պնդումը, Ս. Սաֆարյանը պատասխանեց, թե ընտրության օրը «Ժառանգության» շտաբում մի քանի թիմերով գործող մոնիտորինգի խմբի աշխատանքի արդյունքներն իրենց թույլ են տվել գնահատել (իհարկե, ոչ շատ ճշգրիտ), թե որքան են եղել իրենց ստացած ձայները: Ահա այսպես էլ ծնվել է 250 հազարի մասին պնդումը: