Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն անընդմեջ տեղ է զբաղեցնում ԱՄՆ Պետդեպարտամենտի` թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում: Ըստ Պետդեպարտամենտի 2006թ. զեկույցի, Հայաստանը ոչ միայն թրաֆիքինգի աղբյուր է, այլ նվազ չափով նաեւ տարանցիկ երկիր, որտեղից սեռական շահագործման նպատակով՝ կանանց եւ աղջիկների են տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա: Զեկույցում նաեւ ասվում է, որ կանանց եւ տղամարդկանց Հայաստանից տեղափոխում են Ռուսաստան` «ստիպողական աշխատանքներ կատարելու համար»: Պետդեպարտամենտն իր զեկույցում նաեւ ընդգծում է, որ «Հայաստանի կառավարությունը, թեեւ նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ», սակայն լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:
«Երկրում բավարար ջանքեր չեն գործադրվում թրաֆիքինգի զոհերի ինքնության ճշտման եւ նրանց պաշտպանության, ինչպես նաեւ՝ թրաֆիքինգի դեպքերին պաշտոնյաների հնարավոր հանցակցության բացահայտման ուղղությամբ,- ասվում է Պետդեպի զեկույցում,- Հայաստանը պետք է վճռականորեն հետաքննի, դատական հետապնդման ենթարկի եւ դատապարտի թրաֆիքինգին հանցակից կառավարական պաշտոնյաներին»:
Ըստ «Ազատության», որպես թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերի օրինակ` զեկույցում մատնանշված է, որ երկրում ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգն արգելված է Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով, որն այդ հանցագործությունների համար նախատեսում է 3-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում, ինչը «բավական խիստ պատիժ է եւ համաչափ է այլ հանցագործությունների համար սահմանված պատիժներին»:
Ըստ փաստաթղթում բերված տվյալների, 2006թ. Հայաստանում քննվել է թրաֆիքինգի 16 դեպք, ինչը 2-ով ավելի է 2005-ին քննված դեպքերից: Թրաֆիքինգի գործերով անցյալ տարի դատական հետապնդման է ենթարկվել 13 մարդ կամ 2005թ. համեմատ 3-ով պակաս: Բոլոր 13-ն էլ դատապարտվել են, ընդ որում` նրանցից 9-ը ազատազրկվել են 4-5 տարով: