Ինչո՞ւ է ուրախ Ռիչարդ Կիրակոսյանը

15/06/2007

Ամերիկահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանում ընդամենը երեք քաղաքական գործիչների է տեսնում, ովքեր, ըստ նրա, կարող են փոխել «Հայաստանի համար ամենամեծ վտանգը` ներքին վտանգը. կոռուպցիան եւ կառավարման արդյունավետության խնդիրը»:

Այդ երեք անձանցից մեկը, ըստ ամերիկահայ վերլուծաբանի, Դավիթ Հարությունյանն է, մյուսը` Արթուր Աղաբեկյանը, երրորդը` 25 տարեկանից ԿԲ-ում աշխատած, ներկայումս ՀՀ արդյունաբերության նախարար Ներսես Երիցյանը: «Դ.Հարությունյանն այս նոր ԱԺ-ում նոր ասպարեզ է ձեռք բերում: Ինչ-որ բարեփոխում իրականացրեց որպես արդարադատության նախարար, Սահմանադրության փոփոխություն եւ այլն, այժմ շատ ավելի կարեւոր, ավելի փայլուն քայլեր անելու հնարավորություն է ստանում, իբրեւ օրենսդիր մարմին: Ինձ համար այս նոր Ազգային ժողովը տարբեր է, քան առաջ: Տարբեր է ամբողջական առումով, ոչ թե անհատական,- նոր ձեւավորված ԱԺ-ի մասին իր մտորումները երեկվա ասուլիսում բացահայտել է Ռիչարդ Կիրակոսյանը։ -Այդ տեսակ մի մարմին եմ ուզում, այսինքն` մարմին, ոչ թե մարդ: Խորհրդարան, քան թե ինչ-որ Սահակաշվիլի: Երկրորդը կտամ Արթուր Աղաբեկյանի անունը: Գեներալ Աղաբեկյան, որովհետեւ շատ ուրախ եմ, որ այդ երկուսը ԱԺ-ի հանձնաժողովների նախագահ են, որովհետեւ հատկապես գեներալ Աղաբեկյանը, իբրեւ իրական բարեփոխիչ՝ հիմա այս ԱԺ-ի մեջ ռազմական բյուջեով ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի հետ շատ ավելի հզոր քայլեր կարող է անել»: Իսկ ինչ վերաբերում է Ներսես Երիցյանին, ապա ամերիկահայ վերլուծաբանը նկատել է. «Եվ վերջին անունը. մի փոքր նոր անուն, եւ այդ տեսակ նոր անուն, որովհետեւ ինձ համար ոչ միայն անունն է կարեւոր, այլ, որ նոր անուն է: Այդ անունը Ներսես Երիցյանն է՝ որպես Առեւտրի եւ տնտեսության զարգացման նոր նախարար: Ինձ համար դա մի քիչ անակնկալ էր, բայց որպես պրոֆեսիոնալ, նոր սերնդի մարդ՝ ես բրավո եմ ասում, որովհետեւ Երիցյանին իբրեւ ապագայի միտված մարդ եմ տեսնում, քանի որ Հայաստանի հզորանալու համար շատ կարեւոր է ունենալ այդ տեսակ նոր սերունդ, ոչ կեղտոտ, ոչ վատ եւ մասնագետ, ամենակարեւորը՝ տնտեսական հարցով: Որովհետեւ Հայաստանի ապագայի համար այդքան կարեւոր չէ բանակը, զինվորները, այլ շատ ավելի կարեւոր է տնտեսական ուժը»:

Այնուհետեւ ամերիկահայ վերլուծաբանն անդրադարձել է Հայաստանի, այսպես ասած` ապագային` ասելով, թե այդտեղ էլ խիստ կարեւոր է ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը: «Այս ընտրությունը, որ տեղի ունեցավ մայիսին, ես իրականության մեջ չեզոք եմ ուզում դիտարկել: Ուզում եմ հայտնել, որ շատ կարեւոր բան եմ տեսնում իբրեւ Սփյուռքից եկած,- հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով,- ՀՀ ԱԺ ընտրության արդյունքով ձեւավորված խորհրդարանը ես դիտարկում եմ իբրեւ ամբողջություն, ոչ թե այս կամ այն ուժի հաղթանակ, հզորացում կամ թուլացում»: