ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործն արդեն Եվրոպական դատարանի վարույթում է, եւ անկախ նրանից` նա ազատ կարձակվի՞, թե՞ ոչ, Եվրոպական դատարանը լսելու է Ա. Արզումանյանի գործը: Հիշեցնենք, որ Ա. Արզումանյանը ձերբակալվել է մայիսի 7-ին, իբրեւ «փողերի լվացում» մեղադրանքով, ինչն, իրավաբանների հավաստմամբ, իրավաբանական «կազուս» է:
Երեկ ի պաշտպանություն Ա. Արզումանյանի, նրա կինը` Մելիսա Բրաունը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ «Հետք» կայքէջի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Պրեսսինգ» ակումբում հերթական ասուլիսն էին կազմակերպել:
Մելիսա Բրաունը երեկ նշեց, որ իրեն այդպես էլ մինչ օրս ոչ ոք չի հրավիրել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, ինչպես խոստացել էր Կառավարության աշխատակիցներից մեկը, ով կառավարության շենքի դիմաց Ա. Արզումանյանի համախոհների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ դուրս էր եկել շենքից ու հավաստիացրել, որ եթե նրանք դադարեցնեն իրենց հավաքը, Սերժ Սարգսյանը կընդունի Ա. Արզումանյանի տիկնոջը: «Ես սպասում եմ: Վարչապետին հարցրեք, ինձ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ»,- երեկվա ասուլիսում ասում էր Մելիսա Բրաունը: Իսկ այդ հանդիպման հետ երեկվա ասուլիսի կազմակերպիչները մեծ հույսեր են կապում. «Մենք, ճիշտն ասած, սպասում ենք ընդունելությանը, որովհետեւ դրա հետ նույնպես հույսեր ենք կապում, իմանալով, որ մեր իրականությունում, մեր երկրում, ավելի շատ այդ կարգի հանդիպումները, այդ կարգի զրույցներն են հարցեր լուծում, քան ուրիշ կարգի պրոցեսները»,- ասում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով երեկ պատրաստվում էր փոխանցել իրենց նամակը (այն ստորագրել են Ա. Արզումանյանի տիկինը, Կարապետ Ռուբինյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Վարդան Հարությունյանը) Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Նամակում, ինչպես նշեցին ասուլիսի մասնակիցները, նրանք խնդրում են ընդունել իրենց, մի քիչ զրուցել այդ գործի մասին, որպեսզի «նրանք Ալիկին ճանաչեն որպես քաղբանտարկյալ»: «Ու այնքան, որ կարողանան` օգնեն, հասկանալով մեր խնդիրը»,- նկատում է Մելիսա Բրաունը` հավելելով, թե, ճիշտ է, դեսպաններն ու միջազգային կառույցները չեն կարող պաշտոնապես ինչ-որ հայտարարություններ անել, բայց «նրանք ՀՀ պաշտոնյաների հետ անձնական շփումների ժամանակ բարձրացնում են այդ հարցը»:
Իսկ ինչ վերաբերում է Ա. Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործին, ապա, ինչպես նշեցին բանախոսները, որեւէ նորություն չկա. նույն վիճակն է, ինչ ձերբակալման առաջին օրը: Ոչ ոք գոնե Ա. Արզումանյանի հարազատներին չի տեղեկացնում, թե գործն ինչ ընթացքի մեջ է: Էդիկ Բաղդասարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ Մոսկվայում հարցաքննվել է նաեւ Ա. Արզումանյանի ընկերը` Ալեքսանդր Աղազարյանը, ով նաեւ նամակով տեղեկացրել էր Հայաստանի իշխանություններին, որ Ա. Արզումանյանի բնակարանում հայտնաբերված ու առգրավված գումարն ինքն է փոխանցել Ա. Արզումանյանին: Ըստ Է. Բաղդասարյանի, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներն Ա. Աղազարյանին հարցաքննել ու պարզել են, որ նա Մոսկվայում քրեական գործունեություն չի ծավալում, քրեական անուն չունի, նորմալ գործարար է, ու հարցաքննելուց հետո վերադարձել են Հայաստան: Բայց դրանից հետո էլ, ըստ Է. Բաղդասարյանի, Ա. Արզումանյանին ազատ չեն արձակում: Սակայն սա չէ միայն, որ մտահոգում է Ա. Արզումանյանի հարազատներին ու ընկերներին: «ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Ա. Արզումանյանը պետք է աշխատի իր անունը մաքրել այդ կեղտից, որը կպցրեցին այս իշխանությունները: Նա դիվանագետ է, եւ չի կարող այդ կեղտը վրան պահել: Այս գործը ավարտվելու է, եւ, կարծում եմ, այդպես էլ չենք իմանալու, թե ինչի համար բռնեցին Ալիկին»,- ասում է Է. Բաղդասարյանը: Ասուլիսին ներկա էր նաեւ Ա. Արզումանյանի քույրը. «Ալիկի հարազատներին շատ ավելի հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ են ձերբակալել նրան: Չէ՞ որ դուրս գալուց հետո էլ է նրա կյանքը շարունակվելու, եւ մենք պարտադրված ենք մաքրել իր մաքուր անունը բոլոր տեսակի ասեկոսեներից: Որովհետեւ նա իր 47 տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ բյուրեղյա մաքրություն ունի բոլոր տեսակի փողային խաղերում»,- ասաց նա` նկատելով, թե որեւէ հեռուստաընկերություն չի ցուցադրում նախկին արտգործնախարար Ա. Արզումանյանի վերաբերյալ որեւէ միջոցառում, որը կազմակերպվում է այս օրերին: «Հայկական հեռուստաընկերություններից ոչ ոք չի ուզում այդ մասին տեղեկություն տարածել, ոնց որ ոչինչ չի եղել, այնինչ ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարարին, ով 7 տարի շարունակ եղել է ՄԱԿ-ի հայաստանյան առաջին ներկայացուցիչը: Իսկ երբ ինչ-որ «Ճ» կլասի պաշտոնյա է գալիս Հայաստան ու հանդիպում է Քոչարյանի հետ, նրան անմիջապես ցույց են տալիս»,- ասաց Է. Բաղդասարյանը: