Չի կարելի Ռուսաստանից ընդօրինակել վատագույնը

15/06/2007

Ռուս ազատական հեղափոխության համահեղինակներից մեկը` Բորիս Նեմցովը, հայ ազատական բարեփոխիչներին խորհուրդ է տալիս չվհատվել. «Ռեֆորմիստները, բարեփոխիչներն ամենուր բախտակից են, նրանք հայտնվում են նույն դժվարությունների առջեւ»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի Աջ ուժերի միության հիմնադիրներից մեկը խոսում է բարեփոխիչների, այդ թվում՝ հայ ազատականների դժվարին ճակատագրի մասին:

«Բարեփոխիչներն ամենուր անիծված են: Նրանք անիծված են ոչ միայն հետկոմունիստական տարածքում, նրանք անիծված են նաեւ զարգացած երկրներում: Մարգարեթ Թետչերը, որը շատ հիվանդագին բարեփոխումներ էր անում Մեծ Բրիտանիայում, եղել է ամենաատելի անձնավորություններից մեկը: Նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց միայն այն բանից հետո, երբ բրիտանացիները տեսան, թե որքան արդյունավետ է զարգանում երկիրը,- ասել է Նեմցովը` շարունակելով,- Ռուսաստանյան բարեփոխիչների պատմությունը շատ ավելի դրամատիկ է: Օրինակ, Ալեքսանդր Երկրորդ ցարը ռուս ժողովրդին ազատեց ստրկությունից` վերացնելով ճորտատիրական իրավունքը. միլիոնավոր մարդիկ ստացան հող, ազատություն: Չնայած դրան, վեց անգամ մահափորձ է եղել Ալեքսանդր Երկրորդի դեմ, եւ, ի վերջո, սպանել են նրան: Գորբաչովը եւ Ելցինը, որոնք թեեւ իրար չէին սիրում, բայց միասին փորձեցին ազատականացնել երկիրը, նույնպես անիծվել են: Նրանք, բարեբախտաբար, չեն սպանվել, բայց իբրեւ քաղաքական գործիչներ ոչնչացվել են»:

Նեմցովի խոսքերով, Հայաստանն այս հարցում բացառություն չէ. այստեղ էլ «բարեփոխիչներն անիծված են», եւ «այն մարդիկ, ովքեր չնայած դժվարություններին գնում են դրան, արժանի են հարգանքի»: «Կարծում եմ, հայ ժողովուրդն ինչ-որ ժամանակ անց, գուցե դա անմիջապես չլինի, կգիտակցի ազատական տնտեսական վերափոխումների կարեւորությունը: Հայ բարեփոխիչները, որոնք ստեղծեցին մասնավոր դասակարգը, որոնք աջակցեցին մասնավոր ձեռներեցությանը, անիծված են, բայց նրանց գործն ապրում է»:

Բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, ըստ Նեմցովի, կոռուպցիա է. «Ռուսաստանում փոխվել է կապիտալիզմի տեսակը: 90-ականներին դա օլիգարխիական կապիտալիզմ էր, խոշոր բիզնեսը շատ ուժեղ ազդեցություն ուներ իշխանության վրա, այդ թվում նաեւ` քաղաքական, կադրային եւ տնտեսական որոշումների վրա: Բայց Պուտինի եւ չեկիստների գալով իշխանությունը եւ բյուրոկրատիան սկսեցին ազդել բիզնեսի վրա: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն առանցքային դիրքեր զբաղեցրին խոշոր ընկերություններում»:

Նրա կարծիքով, հարեւան երկրներից շատերն ուղղակի կրկնօրինակում են այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում. «Պուտինի համար հիմա բոլորը թշնամի են, նույնիսկ Լուկաշենկոն է թշնամի: Միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի, Հայաստանն է: Այդ բարեկամությունը, սակայն, առաջին հերթին բյուրոկրատիայի մակարդակով է, եւ այդ բարեկամությունը, ես կասեի, թութակի ընդօրինակման բնույթ ունի: Այսինքն` երբ մարդիկ ընդօրինակում են ոչ թե ամենալավը, այլ ամենավատը»:

«Այն, որ Հայաստանի խորհրդարանում նստած են գործարարները, եւ այն, որ առանց վարչական, իշխանական ռեսուրսի շատ դժվար է բիզնեսով զբաղվել Հայաստանում, ինձ մոտ զարմանք չի առաջացնում: Բայց չի կարելի Ռուսաստանից ընդօրինակել վատագույնը: Ես կարծում եմ, որ բյուրոկրատիայի եւ բիզնեսի սերտաճման կոռումպացված մոդելը Հայաստանը տանում է դեպի հետ,- շարունակում է Բորիս Նեմցովը:- Չէ՞ որ հայերը խելոք են: Ինչո՞ւ հայերը Ռուսաստանից պետք է վերցնեն ամենավատը, այսինքն` բյուրոկրատների եւ չեկիստների սերտաճումը բիզնեսի հետ: Հայաստանը փոքր երկիր է` մեծ պրոբլեմներով, եւ բյուրոկրատական կապիտալիզմի կառուցումը երկիրը տանում է դեպի աղետ»:

Իսկ ի՞նչ խորհուրդ է տալիս ռուս բարեփոխիչն իր հայ համախոհներին. «Նախեւառաջ` նրանք չպետք է վհատվեն: Երկրորդ` նրանք չպետք է մանրանան եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն: Լավ է, որ լինի ինչ-որ միացյալ թիմ: Երրորդ, նրանք, հասկանալի է, որ պարտվեցին ընտրություններում: Թող հիմա զբաղվեն մանր գործերի քաղաքականությամբ` ասենք, փոքր քաղաքների, ավանների մակարդակով: Պետք է առաջադրել ձեռներեցության աջակցության, ցածր հարկերի, բյուրոկրատական վերահսկողության մակարդակի նվազեցման, կոռուպցիայի նվազեցման գաղափարներ: Ահա այսպիսի փոքր նախագծեր պետք է առաջարկել եւ իրականացնել եթե ոչ ողջ երկրի մասշտաբով, ապա գոնե փոքր քաղաքների մակարդակով: Կարծում եմ, այսպիսի փոքր դրական օրինակները կարող են ցատկահարթակ դառնալ ապագա հաղթանակների համար»,- եզրափակել է Բորիս Նեմցովը: