Արտադրությունը նվազում է, սպառումը՝ աճում

15/06/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Էլեկտրաէներգիայի սպառման ծավալները չեն նվազում, այլ հարց է, որ մենք սպասում էինք ավելի մեծ աճի,- երեկ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: -2006թ. 4 % էլեկտրաէներգիայի սպառման աճ է նկատվել, 2007թ. առաջին 5 ամիսներին եւս նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառումն ավելացել է»:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,9 %-ով, իսկ 2007թ. առաջին չորս ամիսներին՝ 2,3 %-ով: Այստեղ բոլորովին էլ հակասություն չկա, եթե արտադրությունը կրճատվել է, ապա դա դեռ ներքին սպառման հաշվին չի եղել: Դա եղել է արտահանման հաշվին: Հայաստանն էլեկտրաէներգիա էր արտահանում Վրաստան: Եթե հիշում եք, անցած տարի Վրաստանը սկսեց էլեկտրաէներգիա ներմուծել Ադրբեջանից: Ուրեմն` արտադրության կրճատումը եղել է արտահանման հաշվին:

«Այլ խնդիր է, որ մենք սպասում էինք սպառման ծավալների ավելի մեծ աճի,- ասում է Ե.Գլադունչիկը: -Սակայն կան մի քանի պատճառներ, թե ինչու են էլեկտրաէներգիայի աճի ծավալները սպասվածից ցածր: Խնդիրն այն է, որ Հայաստանում կատարվել է մեծ ծավալի գազիֆիկացում: Ներկայումս Հայաստանն ԱՊՀ անդամ պետություններից ամենագազիֆիկացվածն է: 2002թ., երբ մենք սկսում էինք աշխատել, հանրապետությունում գազ էր սպառում մոտ 60.000 բաժանորդ, ներկայումս նրանց քանակը հասնում է 400.000-ի: Սա իր ազդեցությունն է ունեցել հատկապես ձմռան ամիսների սպառման վրա: Եթե նախկինում ամռան համեմատ ձմռան ամիսներին էլեկտրաէներգիայի սպառումը 2 անգամ ավելանում էր, ապա այժմ հակառակ միտումն է նկատվում. ամռանն ավելի շատ է էլեկտրաէներգիա սպառվում»:

Իսկ որքան ավելանում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, այնքան ցանցում ավելանում է վթարների քանակը: Ձմեռային շատ ցուրտ եղանակին, երբ միացվում են բոլոր էլեկտրական տաքացուցիչները, եւ ցանցը ծանրաբեռնվում է, վթարները բավականին հաճախակի են լինում: Երբեմն այդ վթարների վերականգնումը ձմեռվա համար բավականին երկար ժամանակ՝ մինչեւ մի քանի օր է պահանջում: Իսկ դա արտակարգ իրավիճակ է ստեղծում միայն էլեկտրաէներգիայով տաքացող բաժանորդների համար: Ընդ որում` վթարներ շատ են լինում հատկապես այն հատվածներում, որտեղ գազիֆիկացման մակարդակն է ցածր կամ ընդհանրապես չկա: Բացի այդ, վթարներ շատ են լինում անձրեւային սեզոնին, երբ թրջվում են հոսանքագծերը: Անձրեւներից հետո, հատկապես Դավթաշեն համայնքից, բազմաթիվ բաժանորդներ են զանգել մեր խմբագրություն, թե հոսանքազրկվել է իրենց շենքը կամ թաղամասը: Իսկ ամռան շոգերին միացվում են օդաորակիչ սարքավորումները, որոնք նույնպես առաջացնում են ծանրաբեռնվածություն ու վթարների պատճառ են դառնում: Բայց սա մեր՝ բաժանորդներիս, կարծիքն է: Իսկ պարոն Գլադունչիկը համաձայն չէ մեզ հետ:

«Անջատումներ, իհարկե, լինում են, սակայն, վիճակագրության համաձայն, վթարների քանակը Հայաստանում չի ավելացել,- ասում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը: -Վթարայնության հետ կապված էլեկտրաէներգիայի անբավարար թողարկումը կազմում է մոտավորապես 0,6 %, թեեւ ձմռան ամիսներին վթարայնության մակարդակն ավելի բարձր է, ինչին նպաստում են կլիմայի փոփոխությունները եւ այլ գործոններ: Պետք է նշել, որ Երեւանում վթարայնությունը կտրուկ նվազել է այն ցուցանիշի համեմատ, որով սկսել էինք: Սա պայմանավորված է նրանով, որ երբ մենք սկսեցինք զբաղվել, այստեղ բացակայում էր էլեկտրաէներգիայի պահուստային մատակարարման ցանցը: Այժմ Երեւանում չի ստեղծվում իրավիճակ, որ չլինի պահուստային մատակարարում: Արդյունքում` որքան էլ աշխատենք վթարների վերացման ուղղությամբ, բաժանորդը դա չի զգում: Երեւանում ավելացել է մոտ 800 մալուխային գիծ, վերանորոգել ենք 50.000 քմ տանիք»:

Էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը հաշվում է մատակարար ընկերությունը՝ ՀԷՑ-ը: Եվ բոլորովին էլ երաշխիք չկա, որ Գլադունչիկի ներկայացրած տվյալները համապատասխանում են վթարների իրական տվյալներին: Եվ եթե նույնիսկ վթարների քանակը կրճատվել է, ապա դա դեռ չի նշանակում, թե այն տեղի է ունեցել կատարած ներդրումների եւ համակարգի վերանորոգման արդյունքում: Պարոն Գլադունչիկն ինքն է շեշտում, որ իրենց գործունեության առաջին տարում ՀՀ-ում գազիֆիկացման մակարդակը շատ ցածր էր, եւ հիմա ավելացել է 6-7 անգամ: Բացի այդ, նրա ասելով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն իրենց ակնկալիքների չափով չեն ավելանում: Իսկ ինչո՞ւ բացառել, որ վթարների կրճատմանը նպաստել է ոչ թե համակարգի արդիականացումը, այլ գազիֆիկացման ավելացումը: Այսինքն` գազիֆիկացումն ինչ-որ տեղ իր վրա է վերցրել էլեկտրաէներգիայի սպառման ծանրաբեռնվածությունը: Պրն Գլադունչիկը նաեւ ասաց, որ վթարների քանակը համեմատաբար քիչ է մարզերում: Հայտնի է, որ մարզերում հատկապես գյուղական համայնքներում բնակիչներն իրենց բնակարանը էլեկտրաէներգիայով չեն ջեռուցում: Նրանք տաքանալու համար վառում են փայտ կամ գազ: Միջին երեւանցին 2 անգամ ավելի էլեկտրաէներգիա է սպառում, քան մյուս համայնքների բնակիչները: Բայց գյուղերում էլ վթարներ շատ են լինում ոչ թե ծանրաբեռնվածության, այլ ուժեղ քամիների եւ ձնաբքերի ժամանակ: Ընկնում են արդեն իրենց դարն ապրած էլեկտրասյուները: Անցած ձմռանը դրա պատճառով հոսանքազրկվել էր Շիրակի մարզի գյուղերից մեկը: Այստեղ արդեն գազիֆիկացումը չի օգնի, լուրջ ներդրումներ են պետք: Անհրաժեշտ է արդիականացնել հնամաշ ցանցը: Ի դեպ, Ե.Գլադունչիկը տեղեկացրեց, որ անցյալ տարի կատարել են 15 մլն դոլարից ավելի ներդրում: Այս տարի մինչեւ տարեվերջ նախատեսում են ներդնել 18 մլն դոլար:

«Դա հիմնականում կուղղվի էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը,- ասում է պարոն Գլադունչիկը: -Ներկայումս մենք ունենք հզորությունների մեծ պահուստային ռեսուրս, քանի որ տրանսֆորմատորների միջին ծանրաբեռնվածությունը 20 % է: Սակայն հզորությունների պակասորդ կա Երեւանում: Մենք նախատեսում ենք այստեղ կառուցել լրացուցիչ 3 հզոր ենթակայան: Մինչեւ հաջորդ տարեվերջ դրանց շինարարությունը կավարտվի: Ինձ ավելի շատ մտահոգում են 100-ից ավելի ենթակայանները, որոնք տեղակայված են շենքերի մուտքերում եւ չափազանց վտանգավոր են բնակիչների համար: Մենք ուզում ենք դրանք դուրս բերել բակեր, սակայն խնդիրներ ենք ունենում բնակիչների հետ: Միաժամանակ մեզ մտահոգում է այն, որ մեր մալուխային ցանցերի վրա կառուցվում են շինություններ՝ բենզալցակայաններ, ավտոլվացման կետեր»: Էլեկտրամատակարարման գլխավոր պատասխանատուն համաձայն չէր նաեւ այն կարծիքի հետ, թե հաշվիչների տվյալների խեղաթյուրման կամ էլեկտրաէներգիայի գողության դեպքերը շատ են: «Դա բավականին փոքր տոկոս է կազմում,- ասում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը: -Մենք Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանավորվել ենք ընդհանրապես շենքերի մուտքերում տեղադրված հաշվիչները եւ դրանց արկղերը փոխել, համապատասխանեցնել սահմանված նորմատիվներին: Բացի այդ, մինչեւ հունիսի 30-ը մենք կկազմակերպենք տեղեկատվական համակարգ, կլինի միասնական հեռախոսահամար, որի միջոցով հնարավոր կլինի պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին»: