Հայաստանի տիպի երկրներում կրթական բարեփոխումներ անելիս պետք է անպայման հաշվի առնել, թե որքանով է բարեփոխումը նպաստելու կրթության եւ տնտեսության փոխազդեցությանը։ Կրթություն-տնտեսություն կապի արդյունավետ իրագործման դեպքում, տնտեսությունը զարգացման մեծ հնարավորություն ունի։ Սրա արդյունքում կստեղծվի բարձրակարգ կադրերի պահանջարկ, ինչը չի կարող լինել առանց կրթական որակի բարձրացման։
Մինչեւ 2015թ. Կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է հստակ մշակել երկրի կրթական ծրագրերի ռազմավարությունը եւ ստեղծել որակյալ կրթական համակարգ։ Հունիսի 11-12-ն ընթացող «Կրթություն-2015» համաժողովն ուղղված էր հենց այս նպատակին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետները տեղական ոչ պակաս հեղինակավոր գործընկերների հետ քննարկումների, փորձի փոխանակման, կոնկրետ երկրների օրինակների ուսումնասիրությունների միջոցով փորձում էին գտնել ՀՀ կրթական համակարգի զարգացման արդյունավետ ուղին։ Եվ ամենակարեւորը՝ առաջ բերել նոր, թարմ եւ շրջադարձային գաղափարներ եւ հստակ մոտեցումներ։
«Հարավային Կովկասում առկա սառեցված հակամարտությունները միշտ իրենց վատ անդրադարձն են ունենալու այս տարածաշրջանում կրթական, սոցիալական, տնտեսական զարգացման վրա»,- «168 Ժամի» հետ հարցազրույցի ժամանակ ասաց Հակամարտությունների լուծման եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Դենիս Սանդոլին, ով որպես բարձրակարգ մասնագետ՝ հրավիրված էր «Կրթություն-2015» համաժողովին։
Կրթությունն անմիջապես կապելով տնտեսության հետ, Սանդոլին համոզված է, որ միջազգային ներդրողները ներդրումներ չեն անի մի տարածաշրջանում, որտեղ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը, այսինքն՝ որտեղ կա պատերազմի վտանգ։ «Իմ առաջարկը հետեւյալն է՝ կրթական բարեփոխումներ անելու նպատակով Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի ու Վրաստանի հետ միասին։ Այս երեք պետությունները պետք է ունենան կրթական համակարգի ընդհանուր մոտեցում։ Այս պայմաններում, միասնական աշխատանքի շնորհիվ միայն, Հարավային Կովկասը կարող է կտրուկ զարգանալ, եւ կրթական համակարգը կարող է անմիջապես դրական անդրադառնալ Հարավային Կովկասի տնտեսության վրա»,- համոզված է Սանդոլին։
Դ. Սանդոլին, աշխատանքային մեծ փորձ ունենալով կոնֆլիկտների լուծման հարցում, համոզված է, որ Հայաստանը կրթական եւ տնտեսական զարգացում ապրելու ճանապարհին պետք է անպայման բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նրա համոզմամբ՝ այս դեպքում հնարավոր կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի հեշտ լուծում գտնել։ «Թուրքիան Եվրոպական Միությանը (ԵՄ) միանալու ճանապարհին է։ Հայաստանն ու Թուրքիան պետք է վերականգնեն իրենց հարաբերությունները, պետք է բացեն սահմանները։ Ես համոզված եմ, որ դրանից կշահի Հայաստանը, քանի որ ունենալով եվրոպացի հարեւան՝ նա կկարողանա ավելի արագ զարգացնել իր թե՛ կրթական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ սոցիալական համակարգերը»,- ասում է նա։ Դ. Սանդոլին իր տեսության մեջ նշում է, որ Եվրոպական Միությունը կարող է մեծ դեր ունենալ Հարավային Կովկասում կրթական համակարգի զարգացման գործում։ Եթե այս երեք պետությունները նմանատիպ մոտեցումներ եւ հայացքներ ունենան, ապա ԵՄ-ն կսկսի գումարներ ներդնել այս տարածաշրջանում։
Իր աշխատության մեջ նա գրում է, որ «տրավմաներով հարուստ» ազգայնական ծրագիրը, որով կրթվում են հայերը, ադրբեջանցիները, թուրքերը, աբխազները, վրացիներն ու օսերը, պարզապես հակացուցված է այս երկրներում տնտեսական, կրթական, սոցիալական եւ քաղաքական զարգացմանը։ «Այսինքն՝ զարգացում չի լինի, եթե շարունակեն առաջնորդվել նրանով, որ այս հողն իմն է, այս հողը քոնն է, եթե դու մտնես իմ հող՝ ես քեզ կսպանեմ եւ հակառակը… Ստեղծագործական եւ կառուցողական հարաբերություններ են պետք։ Եվ ինչո՞ւ ոչ` այս դեպքում Հարավային Կովկասը կարող է ունենալ շատ հզոր եւ ամուր կրթական եւ տնտեսական համակարգ»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Սանդոլին։
Մեր հարցին, թե կարո՞ղ են արդյոք նմանատիպ համաժողովներում հնչած ճառերն ու քննարկումները կիրառվել գործնականում, Դենիս Սանդոլին պատասխանեց, որ ամեն ինչ կախված է քաղաքական առաջնորդներից եւ նրանց քաղաքական կամքից։ «Իսկ քաղաքական առաջնորդները դրա ցանկությունն ունե՞ն։ Ես կուզենայի նաեւ անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դերակատարմանն այս գործում։ ԼՂՀ հարցի շուրջ շարունակ ընթացող հանդիպումները ոչինչ չեն տալիս, որովհետեւ հարցին մոտենում են նույնատիպ ձեւով։ Այսինքն՝ մի կողմը պահանջում է, իսկ մյուս կողմը հրաժարվում է կատարել պահանջը։ Առաջընթաց չկա»,- ասում է նա։ Սանդոլին, որն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է նախկին Խորհրդային Միության ազգային կոնֆլիկտներում կոնֆլիկտի լուծման եւ պրակտիկայի կիրառումների խնդրին, համոզված է, որ հակամարտության անլուծելի վիճակից շահում են երկրների նախագահները։ «Եթե կրթական, տնտեսական համակարգը կաղում է եւ առաջընթաց չի ապրում, ապա եւ՛ Քոչարյանը, եւ՛ Ալիեւը միշտ կարող են մեղքը բարդել սառեցված հակամարտության վրա։ Նույն բանն ամբողջ աշխարհում է, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ջորջ Բուշին ավելի շատ հետաքրքրում է ահաբեկչության խնդիրը, Իրաքն ու Աֆղանստանը, հետո նոր՝ մնացած սոցիալական խնդիրները»,- ասում է Սանդոլին։
Արեւմուտքն այսօր բաց չի թողնում նախկին ԽՍՀՄ-ի կրթական համակարգը քննադատելու հնարավորությունը՝ որակելով դա որպես «կաղապարված» չարիք։ Եթե մասնագետների մի խումբ պնդում է, որ խորհրդային կրթության առավելությունը բազմակողմանիությունն էր, ապա արեւմտյան մոդելին հարող մասնագետները առարկում են՝ ո՞ւմ է պետք բազմակողմանի գիտելիքով, ամեն ինչից մի քիչ-մի քիչ իմացող եւ ոչինչ հիմնավոր չիմացող մասնագետը։ «Խնդիրն այն չէ, թե կրթական համակարգը խորհրդայի՞ն է, կանադակա՞ն, մեքսիկակա՞ն, թե՞ ամերիկյան։ Դուք պետք է կերտեք այնպիսի համակարգ, որը լավ է ձեզ համար։ Սակայն դրա համար դուք պետք է տեսնեք, թե ինչ են արել այլ պետությունները՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Հյուսիսային Կորեան եւ այլն։ Դուք արդեն ունեք ռուսական մոդելը, որը կարելի է լրացնել՝ ուշադրություն դարձնելով գերմանական, բրիտանական, կանադական համակարգերին։ Այս դեպքում ամենալավ տարբերակը խճանկարային համակարգն է։ Դուք այնպիսի սփյուռք ունեք, որը մեծ աղբյուր է ձեր կրթական եւ տնտեսական համակարգը զարգացնելու համար»,- ասաց Սանդոլին։ Կրթական համակարգի ամենախոցելի տեղը կոռուպցիան է, որն անմիջապես անդրադառնում է մեր կրթական համակարգի որակի վրա։ Ըստ Սանդոլիի՝ մենք միակը չենք, որ տառապում ենք այս խնդրով։ Իսկ մեր այն հարցին, թե աշխարհում գոյություն ունի՞ այնպիսի համակարգ, որ կարող է մարդկային այս թերությունը շտկել, Դենիս Սանդոլին պատասխանեց։ «Կաշառք վերցնող եւ տվող մարդկանց պետք է ամոթանք տալ։ Անպատժելիության մթնոլորտում հանցանքը զարգանում է։ Երբ կաշառակեր մարդուն պատժում ես, բանտարկում, կամ նույնիսկ հասարակության մեջ ամոթանք ես տալիս, ապա դա կարող է ազդել նույնիսկ եթե ոչ իր, ապա գոնե կողքինի վրա»։