Իրաքահայերը հիասթափված են

15/06/2007 Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ

Բարսեղ Համբարձումյանի բազմանդամ ընտանիքը երկու տարի առաջ է Իրաքից եկել Հայաստան: 1,5 տարի ապրել են Երեւանի Ավան թաղամասում, սակայն ամսական 180 դոլար տան վարձը շռայլություն է եղել մեծ ընտանիքի համար, եւ նրանք տեղափոխվել են Էջմիածին:

Այստեղ տան համար վճարում են 50 դոլար: Հինգ երեխա ունեն, հինգն էլ` դպրոցական: 16-ամյա Մասիսը լեզվական դժվարության պատճառով հաճախակի է դասերից բացակայում. գերադասում է «աշխատանքային պրակտիկա» անցնել հոր մոտ` էլեկտրիկություն է սովորում: 10-ամյա երկվորյակներ Մինասն ու Մարալը ջանում են ինչ-որ կերպ աչքի ընկնել դպրոցում, իսկ միջին դպրոցում սովորող Ալիսն ու Մորիսը, թեպետ դժվարությամբ, բայց փորձում են հաղթահարել լեզվական արգելքը: Նրանք հավատում են, որ մի օր հայերենին էլ կտիրապետեն այնպես, ինչպես արաբերենին:

Բարսեղի քրոջ դուստրը` 15-ամյա Աիդա Պետրոսյանը, ում ընտանիքը նույնպես հայրենադարձվել է Իրաքից մեկուկես տարի առաջ, Հայաստանում սիրեց միայն ազատ ու խաղաղ կյանքը. «Այնտեղ երեկոյան 6-ից առավոտյան 8-ը տնից դուրս գալն արգելվում էր: Քնել անգամ չէինք կարողանում: Երբ ռմբակոծություններն ավարտվում էին, սկսում էինք զանգել մեր բարեկամներին, որ իմանայինք` կենդանի՞ են, թե՞ ոչ»,- հիշում է աղջնակը: Նրա մայրը` տիկին Արշալույսը, որն այցելության էր եկել եղբոր ընտանիքին, խնդրեց մեր միջոցով իր բողոքն ու վիրավորանքը փոխանցել Հայաստանի իշխանություններին` իրաքահայերի նկատմամբ բացարձակ անտարբերության համար:

«Եղբորս` 7, իսկ իմ 4 հոգանոց ընտանիքները մի կերպ են գոյատեւում: Գոնե լավ է, որ եղբորս Կարմիր խաչի միջնորդությամբ «Վիվա Սելլում» աշխատանքի տեղավորեցին: Իրաքցի եզակի հայերից է, ում այստեղ գործ են տվել, դա էլ` շնորհիվ իր 5 երեխաների»,- նեղսրտեց Արշալույս Եղիազարյանը:

Նրա համոզմամբ` իրենք եւ Հայաստանում բնակվող մյուս իրաքահայ ընտանիքները ապրում են իրենց տուն ու տեղի վաճառքից ստացած փողերով: «Բայց դա էլ է, չէ՞, մի օր վերջանալու: Հաշվել եմ` հինգ ամսում 1000 դոլար միայն տան վարձին ու հարկ ու տուրքերին ենք տալիս: Առանց աշխատանք ո՞նց ենք ապրելու` չգիտեմ»,- տարակուսած հարցնում է Արշալույս Եղիազարյանը: Նրա փոխանցմամբ` աշխատանքի տեղավորման հարցով դիմել են տարբեր գործատուների, բայց միշտ մերժվել են. «Իբր մերոնց շատ տեղ կա՞, հիմա էլ ձեր մասին մտածենք»: Թե ո՞ր կազմակերպությունում են այդպես պատասխանել, դժվարացավ մտաբերել: Բայց հիշեց, որ Երեւանի 8-րդ հիվանդանոցում զոբը (խպիպ) նկարելու համար 2000 դրամի փոխարեն իրենից 6000 դրամ են գանձել: «Այդպես է, եթե Հայաստանի գրանցում չունեք»,- ասել են հիվանդանոցում:

Դպրոցից էլ գոհ չէ տիկին Արշալույսը. «Ամեն օր փող են հավաքում. ո՞նց տամ, եթե ոչ մեկս չենք աշխատում: Չտալն էլ ճիշտ չէ, երեխեքն են խեղճանում»:

Թե՛ Արշալույս Եղիազարյանը, թե՛ Բարսեղ Համբարձումյանը հիասթափված են Հայաստանից: «Այն Հայաստանը, որի մասին մեր ծնողներն օր ու գիշեր խոսում էին, չարդարացրեց մեր սպասելիքները. մեզ անտեր ու արհամարհված ենք զգում: «Հայրենիք, հայրենիք» ասելով եկանք` հույսով, որ այստեղ մեզ տեր կզգանք, բայց, հավատացեք, այդ զգացումն ավելի շատ ունեցել ենք Իրաքում: Եթե չլիներ այդ անիծված պատերազմը, Իրաքից դուրս եկողը չէինք»,- ասաց հայերենին համեմատաբար լավ տիրապետող Արշալույսը: Իսկ ազգությամբ ասորի Մունա Համբարձումյանը` Բարսեղի կինը, ով հայերեն հատուկենտ բառեր էր հասկանում, ամուսնու քրոջ միջոցով փոխանցեց, որ չնայած ռմբակոծություններից վախեցել ու հիվանդություն է ձեռք բերել, բայց հաճույքով ետ կգնար, որովհետեւ այնտեղ գոնե ուտելու խնդիր չունեին: «Ամիսը մեկ անգամ Իրաքի կառավարությունն իր քաղաքացիներին անվճար ալյուր, շաքարավազից սկսած` մինչեւ ձեթ ու օճառ էր տալիս, աշխատանք էլ ունեինք: Իսկ այստեղ միակ օգնողը ՄԱԿ-ն է, այն էլ այնքան սննդամթերք է հատկացնում, որ մինչեւ ամսվա վերջ չի բավականացնում»,- դժգոհեց տիկին Մունան: Տիկնոջ ասելով` իր հինգ երեխաների շնորհիվ ՄԱԿ-ի օգնությունն իրենց կշարունակվի, իսկ ավելի փոքր ընտանիքներին օգնությունը տրամադրվում է մեկ տարի:

Երկու ընտանիքներն էլ ապրել են Բաղդադում: Արշալույս Եղիազարյանը էներգետիկայի ոլորտում մենեջեր է եղել` բարձր աշխատավարձով: Պատմում է, որ երբ մի անգամ Սադամ Հուսեյնն այցելել է իրենց ծառայություն, բոլորը նրան տեսնելով ոտքի են կանգնել, «..միայն ես մնացի նստած: Ինձ հարցրեց, թե ճանաչո՞ւմ եմ իրեն, ասացի` այո: Ասաց` իսկ ինչո՞ւ ոտքի չես կանգնում: Ես էլ պատասխանեցի` գործս կտուժի: Պատասխանս դուր եկավ Սադամին: Ղեկավարությանս կարգադրեց համարձակ պահվածքիս ու սրտացավ աշխատանքիս համար պարգեւատրել 100.000 դինարով»,- հիշեց տիկինն ու ասաց, որ ընտանիքով լաց են եղել, երբ հեռուստատեսությամբ տեսել են, թե ինչպես են Հուսեյնին կախաղան բարձրացնում: Հիմա էլ են հուզված, բայց` այլ պատճառով. ուզում են ետ գնալ: «Մարդը մեկ անգամ է մեռնում: Եթե պետք է հայրենիքում սովից մեռնենք, թող մեռնենք Իրաքում` ռումբի պայթյունից»,- ասաց Արշալույսը: Իսկ եղբայրը` Բարսեղը, որն աշխատանքից հետո էլեկտրասարքավորումներ վերանորոգելու հատուկենտ պատվերներ է ընդունում, ոչ թե Իրաք, այլ Եվրոպա գնալու ցանկություն ունի: «Եթե փող ունենայինք, կգնայինք Սիրիա, Շենգեն վիզա կառնեինք ու կգնայինք Եվրոպա: Գնալու մանրամասներն իմանալու նպատակով եղել եմ ՄԱԿ-ի` այդ հարցերով զբաղվողների մոտ, ասել են` սա քո հայրենիքն է, այստեղ էլ մնա: Հա, ճիշտ է, Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է, բայց այստեղ ապրել չենք կարողանում, բացի այդ` այստեղ մեզ օտար աչքով են նայում»,- ասում է Բարսեղը:

www.hetq.am