Փողոցները լցվելու են երաժշտությամբ

15/06/2007

Հունիսի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ից Երեւանի փողոցներում երաժշտություն է հնչելու: Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այդ օրը մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներում տեղի կունենան բացօթյա ելույթներ, որոնք ոչ թե համերգ կհիշեցնեն, այլ տոնի կվերածեն մեր փոքր-ինչ տխուր ռիթմով ապրող քաղաքը: Երաժշտական նման տոներ հաճախ են տեղի ունենում եվրոպական քաղաքներում, ու անցորդներին առաջարկում մի պահ կանգ առնել ու ականջ դնել երաժշտական տարբեր խմբերի կատարումներին: Հաճախ փողոցի մի ծայրում դասական երաժշտություն է հնչում, իսկ հաջորդ խաչմերուկից կիթառի կամ շեփորի հնչյուններ են լսվում: Երեւանյան երաժշտական տոնը տեղի կունենա Փարիզի, Լոնդոնի ու էլի հարյուրավոր քաղաքների հետ միաժամանակ եւ կընդգրկի Աբովյանի, Սայաթ-Նովայի փողոցները, Մոսկվայի պուրակը, Կոնսերվատորիայի հարակից այգին: Այդ օրը կնվագեն «Սերենադ» նվագախումբը, ելույթ կունենան հայկական ջազ, փոփ եւ ռոք խմբերը:

Ֆրանսիական դեսպանության մշակույթի հարցերի համակարգող Ժյուլի Սորեն ասել է, որ իրենք չեն բացառում նաեւ, որ այդ օրը Երեւանում տեղի կունենան նաեւ ոչ պլանավորված համերգներ, քանի որ օրն իմպրովիզացիաներով լեցուն կարող է դառնալ: Բեմը փողոցն է, իսկ ունկնդիրը` յուրաքանչյուր անցորդ, ով կարող է կանգ առնել՝ որտեղ ցանկանա, ու լսել այն երաժշտությունը, որը կամենում է: Կարեւորը մթնոլորտն է: Հայ-ֆրանսիական ասոցիացիայի նախագահ Ծովինար Չալոյան-Հակոբյանն ասաց, որ իր ցանկությունն այդ օրը ուրախ դեմքեր տեսնելն է: Կազմակերպիչները կփորձեն նման տոներ անցկացնել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում: