– Ի՞նչ հիշողություններ է արթնացնում ձեզ մոտ Մոնթե Մելքոնյան անունը:
– Ասեմ, որ ես Մոնթե Մելքոնյանի հետ կապված երեք հիշողություն ունեմ: Պետք է իմանալ, որ 1981-ին նա ներկայանում է որպես բազմադեմ մի անձնավորություն: Այն ժամանակ ես վարչապետ Պիեռ Մորուայի դատական հարցերով խորհրդականն էի: 1981-ի նոյեմբերի 18-ին լուր է ստացվում, որ Միլանից եկող մի ճանապարհորդ տրանզիտի բաժնից հսկողության տակ է: Բեյրութ գնացող ճանապարհորդը ներկայանում էր Ավանիսյան կամ նման մի անվան ներքո (երբ Մոնթեն ձերբակալվում է, ներկայանում է թուրքահպատակ Խաչիկ Ավետիսյան.- Է.Բ.): Կացությունը մի քիչ պղտոր էր. նա գալիս էր Իտալիայից, գնում էր Լիբանան, ուներ թուրքական հպատակություն, ուներ հայկական ծագում եւ կիպրական անձնագիր: Հետեւաբար, նա ուշադրություն էր գրավում: Հետագայում, իմ ստացած տեղեկությունների համաձայն, հետաքննությունը խորացվում է, եւ ֆրանսիական հետախուզական ծառայությունները պարզում են, որ անձնագիրը կեղծ է, մի բան, որ, ի վերջո, նա չի ժխտում: Եվ այդ պահին նա հայտնվում է Դիմիտրիու Ջորջիու անվան ներքո: Սրա համար է, որ ես ասում եմ, թե նա բազմադեմ է: Մի ամիս առաջ ծանր ահաբեկչական արարք էր գործվել հրեական մի սինագոգի դեմ, եւ Ոստիկանությունը հայտնաբերել էր, որ այդ արարքի ենթադրյալ հեղինակը, որին նրանց չէր հաջողվել ձերբակալել, կրում էր կիպրական անձնագիր. եւ՛ այդ կասկածյալի, եւ՛ Մոնթե Մելքոնյանի անձնագրերի սերիաները համանման համարներ էին կրում: Հետեւաբար, ի վերջո Մելքոնյանի շուրջ կենտրոնացան երեք կասկածներ. ա) կեղծ փաստաթղթեր կրելը, ինչը որ անհերքելի է եւ, համենայնդեպս Ֆրանսիայում, դա հանցանք է համարվում,
բ) նա կասկածվում էր Կոպեռնիկոս փողոցի սինագոգի պայթեցմանը մասնակցած լինելու մեջ, եւ գ) նա կասկածվում էր որպես հեղինակ կամ մեղսակից այն արարքի, որ կատարվել էր Հռոմում թուրք դիվանագետի դեմ իր ձերբակալվելուց մոտավորապես մեկ ամիս առաջ: Այստեղ հարկ է նշել, որ սոցիալիստական ձախ ուժը դեռ նոր էր Ֆրանսիայում եկել իշխանության, եւ նա միշտ կասկածվում էր տեռորիստների գործողությունների մեղսակիցը լինելու մեջ: Անմիջապես հիմք դրվեց ապատեղեկատվության մի արշավի, համաձայն որի՝ կառավարությունն ուզում էր նրան ազատ արձակել: Իրականությունը բոլորովին այլ էր, եւ ես դա շատ մոտիկից եմ տեսել: Ինչ վերաբերում է սինագոգի դեմ կատարված արարքի շուրջ ստեղծված կասկածներին, շատ արագ նախնական հետաքննություն արեցինք. մի քննիչ ամենաառաջին օրերին գնաց Կիպրոս՝ անձնագրի հարցը ստուգելու համար, եւ այդ առնչությամբ հնարավոր չեղավ որեւէ բան հարուցել Մ.Մելքոնյանի դեմ: Մենք մտածում էինք, որ Դիմիտրիու Ջորջիուն ավելի շատ քաղաքական, քան ռազմապաշտ ուղղության էր հետեւում, եթե կարելի է այդպես ասել: Հետեւաբար, ի վերջո այս երկրորդ գործն էլ դուրս է գալիս, եւ մնում է միայն ինքնաթիռի ճանապարհորդը, որը բռնվել է կեղծ փաստաթղթերով. մի բան, որ ամեն օր պատահում է: Հակառակ ասվածին՝ նրա գործն ուղարկվեց դատարան, նա դատվեց, դատապարտվեց, կարծեմ չորս ամսվա բանտարկության՝ վճռի հետաձգումով, ինչը որ շատ բնական է, քանզի գոյություն ուներ վճռի հետաձգման հանգամանքը: Դատվելուց հետո նա ազատ արձակվեց եւ ֆրանսիացի ոստիկանների ուղեկցությամբ արտաքսվեց Բեյրութ: Բեյրութ հասնելուց մի քանի օր անց լրատվական գործակալությունների հաղորդագրություններից ես տեղեկացա, որ նա կազմակերպում է մամուլի ասուլիս, ուր առաջին անգամ բացահայտում է իր ինքնությունը՝ հայտնելով, որ ինքը Մոնթե Մելքոնյանն է: Սա է իմ առաջին հիշողությունը: Երկրորդը դրամատիկական էր, բայց քաղաքականորեն շատ հետաքրքիր: Պետք է հիշել, որ դա ԱՍԱԼԱ-ի վրա Հակոբ Հակոբյանի տիրապետության ժամանակաշրջանն էր: Ասեմ, որ ես երբեք էլ չիմացա՝ Հակոբյանը մի՞ անձ էր, թե՞ բազմաթիվ անձերի կեղծանուն, եւ կամ այլ բան: Սակայն ԱՍԱԼԱ-ի որոշ անդամներ աստիճանաբար մեղադրում էին ղեկավարությանը հեղինակապաշտության եւ կույր ահաբեկչության համար. մի բան, որ Ֆրանսիայում իր գագաթնակետին հասավ Օռլիի ահաբեկչությամբ: Որոշ մարդիկ, որոնց շարքում` հատկապես Մ.Մելքոնյանը, հասկացան, թե այս ամենը ինչ աստիճանի կարող էր շրջվել Հայ դատի դեմ, որովհետեւ ահաբեկչական արարքների զոհ գնացող մարդիկ կապ չունեին ոչ միայն Ցեղասպանության ճանաչման հարցի, այլ նաեւ արեւելյան Անատոլիայի կարգավիճակի հարցի հետ: Հիշո՞ւմ եք՝ ԱՍԱԼԱ-ն մի որոշ ժամանակ պահանջում էր բռնագրավված հողերի ազատագրումը եւ այլն: Ֆրանսիայի հայկական համայնքը կամաց-կամաց իրեն շփոթված մի վիճակում էր տեսնում: Նա կարող էր նույնիսկ զոհ դառնալ (կատարվող ահաբեկչության): Այսպես, ուրեմն, ծայր առավ մի երկար գործընթաց, որը, եթե չեմ սխալվում, սկսվեց 1982-ին: Ֆրանսիայի Հայկական ազգային շարժումը (որի ղեկավարն էր Արա Թորանյանը), Անգլիայի եւ Կանադայի Ժողովրդային շարժումները սկսեցին համախմբվել Մոնթե Մելքոնյանի՝ այս շատ ավելի քաղաքական ուղղության շուրջ. սա մի ռազմավարություն էր, որ ներառում էր նաեւ քաղաքականությունը՝ փոխանակ բավարարվելու ռազմապաշտությամբ: Շատ կարեւոր էր, որ Մ.Մելքոնյանի նման անձնավորությունը ստանձներ իրավիճակի քաղաքական վերլուծություն կատարող շարժման ղեկավարությունը: Իհարկե, կողմ չեմ այն ժամանակ նրա բոլոր արածներին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պատմությունը հաստատեց մեր իրավացի լինելը, երբ մենք ի սկզբանե նրան Կոպեռնիկոս փողոցի պայթյունի եւ կամ սրա-նրա սպանության պատասխանատուն չհամարեցինք, ինչի ուղղությամբ մեզ մղում էին հետախուզական որոշ ծառայություններ: Սա իմ երկրորդ հիշողությունն է:
Երրորդ հիշողությունը ծնվեց այն ժամանակ, երբ նրա մասին իմացա մամուլից: Հայաստանի անկախությունից հետո նա գնաց այնտեղ, ԼՂՀ-ի ազատագրության նպատակով անցավ բանակի շարքերը, կարեւոր պատասխանատվություններ ստանձնեց, եթե չեմ սխալվում` երկրի հյուսիսում, հետո հերոսական կերպով ղեկավարեց որոշ զորամիավորումներ: Ինձ նույնիսկ նրա մասին հերոսական դրվագներ են պատմել, երբ իմ տիկնոջ հետ արձակուրդին այցելել էի Ղարաբաղ: Դա շատ հուզիչ էր: Այսպես նա դարձավ հերոս: Տեսնո՞ւմ եք պատմությունը: Երբ սկզբում ես նրան ճանաչեցի, նա մյուսների նման մի ահաբեկիչ էր, իսկ վերջում… Պետք է միշտ էլ մի կերպ վստահել ժամանակին:
– Այս համատեքստում նրա՝ ՀՀ-ի Ազգային հերոս հռչակվելու լուրը Ձեզ, հավանաբար, չի զարմացնում:
– Այդ լուրն ինձ չզարմացրեց՝ նկատի ունենալով այն, ինչ ասացի: Ես չգիտեմ՝ նա հակաթուրքական արարքների արդյոք մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Ես ինքս նման բաների չեմ կարող կողմ լինել: Ես իրավագետ եմ եւ բռնությանը համամիտ չեմ՝ ներառյալ քաղաքական բռնությանը: Կարելի է որոշ բաներ բացատրել, հասկանալ, բայց հասկանալ անպայմանորեն չի նշանակում` համամիտ լինել: Սակայն, նկատի ունենալով Հ.Հակոբյանի ուղղության համեմատ իր զարգացրած ուղին, ինձ չի զարմացնում այն իրողությունը, որ ճակատագիրը նրան տարած լինի իր ազգի ուղղությամբ, որ նա առանց դժվարության մերված լինի երկրի ժողովրդավարական հյուսքում: Չգիտեմ՝ Հայաստանում այս մասին գիտե՞ն, իսկ ինձ թվում է, որ Ֆրանսիայում դա մոռացվել է: Երբ 1982-ին Մոնթե Մելքոնյանի ղեկավարության ներքո այս խմբերը որոշեցին մի ձեւով անջատվել ԱՍԱԼԱից (Ֆրանսիայում ԱՍԱԼԱ-ն ներկայացնող շարժումը կոչվում էր «ԱՍԱԼԱ-ի համակիր Հայկական ազգային շարժում», եւ այն սկսեց առաջ տանել քաղաքական, այլ ոչ թե միայն ռազմապաշտ ուղեգիծը), նրանք արտաքսվեցին ԱՍԱԼԱ-ից: Ֆրանսիայի Հայկական Ազգային շարժումն իր անունից հեռացրեց ԱՍԱԼԱ անվանումը եւ վերածվեց պարզապես Հայկական Ազգային շարժման: Իսկ որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ԱՍԱԼԱ-ի ներսում Մոնթե Մելքոնյանի ուղղությունը վերածվեց ԱՍԱԼԱ-Հեղափոխական շարժման: Այս բոլորը հաշվի առնելով՝ ինձ չի զարմացնում, որ նա հասել է այդ պարգեւներին եւ, իհարկե, այն ճակատագրին, որ նա ունեցավ:
– Հաճախ չէ, որ օտար, հատկապես` արեւմտյան իշխանությունների ներկայացուցիչներն իրենց արձակուրդն անցկացնում են ԼՂՀ-ում: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:
– Նախ պետք է ասեմ, թե ինչպես դա եղավ: Այդ ժամանակ ես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի խորհրդականն էի: Պատահականությունն այնպես արեց, որ ես նախագահ Տեր-Պետրոսյանի, ասենք, ընկերն եմ ու եղա նախագահ Քոչարյանի ընկերը: Ինչպե՞ս դա պատահեց: Գորբաչովի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության ղեկավարի դիրք էր զբաղեցնում երկրում, որի համար էլ ձերբակալվեց, հիշո՞ւմ եք, Մոսկվայում էր: Այն ժամանակ այստեղ հանձնախումբ հիմնվեց: Եվ ահա, նկատի առնելով այն ամբողջ աշխատանքը, որ ես ու մի քանի ընկերներ արել էինք Ցեղասպանության հարցի ու իրեն զորակցելու կապակցությամբ (մենք շատ զգայուն ենք եղել Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ), Ֆրանսիա այցելության առիթով Տեր-Պետրոսյանը մի հավաքույթ կազմակերպեց՝ շնորհակալություն հայտնելու իրեն պաշտպանած ընկերներին: Այս ձեւով ես ծանոթացա նրա հետ: Բացի այդ, երբ նախագահական ընտրությունները մոտենում էին, որոշված էր, որ նա նախագահի թեկնածու էր լինելու, ու բժշկական գաղտնապահությունը ոտնահարած չեմ լինի (որովհետեւ դա հայտնի դարձավ), եթե ասեմ, որ նա կարիք ուներ մի վիրաբուժության, ինչը շատ ավելի լավ պայմաններում կարող էր կայանալ Ֆրանսիայում: Բայց պետք էր լուծել նաեւ այլ հարցեր՝ ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, ֆինանսավորումը: Այս հարցերն այդքան էլ պարզ չէին: Մի խումբ ընկերների հետ այս խնդիրները կարգավորեցինք, եւ վիրահատությունը շատ հաջող ընթացավ, ու երկրորդ այցելության առիթով մենք միասին ընթրեցինք, ուր եւ նա նորից շնորհակալություն հայտնեց: Ապա մի օր ես իմ արձակուրդները ՀՀ-ում անցկացնելու հրավեր ստացա: Մեկնեցի տիկնոջս հետ, ու մենք ութ օր անցկացրինք բարեկամ մի զույգի եւ հատկապես Տեր-Պետրոսյանի տիկնոջ հետ, որն ընկերացավ մեզ: Ես ինքս ցանկություն ունեի ճանաչել ԼՂՀ-ն: Գնացինք այնտեղ, ուր անցկացրինք չորս օր: Ես այդ վայրը հայտնագործեցի ինձ համար: Իհարկե, շատ բան արդեն գիտեի, բայց շատ բան էլ ուղղակի զգացի: Որոշ վայրերում ինձ մի քիչ ճանաչում էին. կային մեզ դիմավորող հանձնախմբեր, երգ ու երաժշտություն եւ այլն: Ահա թե ինչպես ես իմ արձակուրդն անցկացրի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:
– Պրն Ժուանե, անկարելի է չգնահատել այն դերը, որ դուք ունեցաք ԵԽ-ում Հայկական ցեղասպանության ճանաչման գործում:
– Ոչ, ես անմիջական դեր չեմ խաղացել Եվրախորհրդարանում: Իմ դերը եղել է ՄԱԿ-ում: Կարծում եմ՝ Ձեր երկրում գիտեն, որ որոշ ժամանակ գոյություն ուներ 30-րդ պարբերության նշանավոր պատմությունը: ՄԱԿ-ում նշանակվել էր Ցեղասպանության հարցով հատուկ հանձնակատար, որն առաջարկություններ պետք է աներ, որպեսզի Ցեղասպանության կոնվենցիան դառնար ավելի արդյունավետ: Նա իր նախապատրաստական զեկույցում նշել էր ցեղասպանության մի քանի օրինակ, որոնց շարքում՝ Հայերի ցեղասպանությունը: Եվ սա սկանդալ առաջացրեց: Թուրքական իշխանությունները եւ նրանց պաշտպանող այլ ուժեր ցանկացան ջնջել տալ այդ հատվածը: Դրանից հետո նշանակված հատուկ հանձնակատարն ասպարեզից չքացավ: ՄԱԿ-ում հնարավոր չէ հեշտությամբ փոխարինել նշանակված հանձնակատարին. դա տեղի է ունենում միայն վերջինիս հրաժարվելու կամ մահանալու դեպքում: Բայց գտնվեց մի ընթացակարգ, եւ դրանում էր իմ դերը, որը հնարավոր դարձրեց նշանակել նոր հանձնակատար: Դա իմ բարեկամ Բեն Ուիտեքերն էր: Այդ պահից սկսած՝ ես հետեւեցի ամբողջ ընթացակարգին: Ինքս ՄԱԿ-ում ընթացակարգի գծով մասնագետ եմ, եւ մեզ հաջողվեց վերահաստատել այդ 30-րդ պարբերությունը, որը ջնջվել էր: Այս բնագավառում իմ փորձությունը եղավ այն, որ ես մասնակցեցի մի շարք ժողովների ու պետք է ասեմ, որ, վերջին հաշվով, դա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արված մի մեծ քայլ էր: Այսուհանդերձ, եթե մի ցանկություն հայտնելու լինեի, չնայած գիտեմ, որ դա շատ դժվար հարց է, համոզված կասեի, որ եթե մի օր համակերպում (չասենք` հաշտեցում) կայանա հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, դա, իհարկե, անցնելու է Ցեղասպանության ճանաչման ճանապարհով: Կցանկանայի ասել, որ այս հարցում եւս ժամանակ է պետք տրամադրել: Տեսեք Ֆրանսիան. հարկ եղավ սպասել նախագահ Շիրակին, ով քաղաքականորեն, հանդիսավորապես եւ հրապարակայնորեն ճանաչեց Ցեղասպանությունը: Ո՛չ զորավար դը Գոլը, ո՛չ նախագահներ Ժիսկարը եւ Միտերանը չէին արել այդ բանը: Դա Վիշիի ֆրանսիական կառավարության պատասխանատվությունն էր հրեաների տեղահանության, նրանց ցեղասպանության հարցում: Բրազիլիայի նախագահ Գարդոզոն արեց նախագահ Շիրակի նման. այնտեղ էլ բանակի հետ հարցեր էին պատահել, ու նա ճանաչեց պետության պատասխանատվությունը: Միեւնույնը պատահեց Գերմանիայում, մի քիչ այլ ձեւով` նաեւ Հարավային Աֆրիկայում: Ուրեմն, նկատելի է մի գործընթաց: Հուսով եմ, որ այդ քայլը կկատարվի:
– Ի՞նչ եք մտածում Քոչարյան քաղաքական անձնավորության մասին, որը նշանակվեց Հայաստանի վարչապետ:
– Ես նրան ճանաչում եմ, որովհետեւ իմ ճամփորդության ժամանակ նրան հանդիպել եմ բազմաթիվ անգամներ: Մենք միասին ճաշել ենք, սակայն այդ բոլորը քաղաքականությունից դուրս էր: Նրա նշանակումից հետո իմ առաջին հակազդեցությունը եղել է այն, թե արդյոք այդ քայլը բարդացնելո՞ւ է Ադրբեջանի հետ տագնապը, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ԼՂՀ-ն կառավարելու ընթացքում նրա ձեռք բերած փորձը նրան հնարավորություն է տալիս մեկ այլ հմտությամբ ստանձնել իր ներկայիս բարձր պատասխանատվությունը, քան պիտի լիներ առանց այդ փորձի:
– Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները Ղարաբաղի հարցի լուծման կապակցությամբ, մանավանդ նկատի առնելով այն, որ Ֆրանսիան ներգրավվել է այդ հարցի լուծման փնտրտուքի աշխատանքներում:
– Ոչ ոք մարգարե չէ իր սեփական երկրում, բայց կարող է այդպիսին լինել ուրիշների երկրում (ֆրանսիական ասացվածք): Ամեն մի անցնող օր ավելի շատ ճիշտ ուղղությամբ արված քայլ է, քան հակառակ ուղղությամբ: Խաղաղության ռազմավարությունները որոշ չափով մշակութային գունավորմամբ են առաջ գնում: Երբ երկար ժամանակով զինադադար է տիրում, գալիս է մի պահ, երբ բնակչությունները (իմ խոսքը միայն ԼՂՀ-ի բնակչությանը չի վերաբերում) ձգտում են հանդարտության, եթե չասենք՝ խաղաղության: Այս իրողության երկարատեւ առկայությունը չի կարող իր ազդեցությունը չգործել քաղաքական ղեկավարների վրա: Կասեի, որ յուրաքանչյուր օր, երբ արեւը մայր է մտնում եւ վերստին ծագում հաջորդ առավոտ՝ առանց ոչ մի փամփուշտ արձակվելու, դա հարցի լուծման ուղղությամբ լավ բան է հուշում: Սակայն, թե ե՞րբ կգա այդ լուծումը, ես չգիտեմ:
– Չե՞ք կարծում, որ հակասություն գոյություն ունի մարդկային իրավունքների եւ ժողովուրդների իրավունքների հիմնարար սկզբունքների միջեւ. այսինքն՝ մի կողմից՝ ազգային ինքնորոշման իրավունքի, եւ մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ:
– Գիտեք, այս հարցն առաջադրվում է աշխարհի բազմաթիվ վայրերում, յուրաքանչյուրը` իր յուրահատկությամբ: Որքան ես գիտեմ, մինչեւ այս պահը չի եղել որեւէ դեպք, երբ ազգային ինքնորոշման իրավունքը կիրառված լինի համաձայն միջազգային իրավունքի, այսինքն՝ հանրաքվեի ճանապարհով: Միակ բացառությունը երեւի Ֆրանսիայի դեպքում Նոր Կալեդոնիայի պարագան է: ՄԱԿ-ի հասկացած եղանակով իսկական հանրաքվեի դժվարությունն այն է, որ նախապես Ղարաբաղում գտնվող ամբողջ բնակչությունը, ներառյալ` ազերիները, մասնակցեն դրան: Հետեւաբար, կարծում եմ, որ պետք չէ շատ երազել. սրանք ներկայումս անիրապաշտ բաներ են: Կարող եմ ցավ զգալ դրա համար, բայց կարծում եմ, որ լուծումը գալու է ավանդական խաղաղության ճանապարհով, քան ազգային ինքնորոշման հանրաքվեի եղանակով: Եթե լուծումը մի օր հայտարարվի, իմ կարծիքով՝ դա լինելու է արդյունք քաղաքական համաձայնության, այլ ոչ թե հանրաքվեի: Եթե այսօր ներկա բնակչությամբ հանրաքվե կայացվի, անկասկած ազատ ինքնորոշումը կհաստատվի, սակայն դա Ադրբեջանի համար քաղաքական նշանակություն չի ունենա: Հետեւաբար, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ընթանալ քաղաքական, քան ընտրական ուղղությամբ: Սակայն ես հայ չեմ, ես ԼՂՀ-ից չեմ, ես սա ասում եմ համեստորեն ու կարող եմ սխալվել:
Փարիզ, 1997թ.
www.hetq.am