Դոլարի արժեզրկման պատճառով որոշ ծրագրեր դուրս կմնան

13/06/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ պաշտոնապես բացվեց «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» (ՀՄՀ) պետական ոչ առեւտրային կազմակերպության գրասենյակը, որը գտնվում է կառավարության եւ Հանրապետական կուսակցության գրասենյակի հարեւանությամբ:

Գրասենյակի բացման առիթով Հայաստան էր եկել «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը: Ներկա էին նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը, ՀՄՀ գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ով նաեւ ՀՄՀ ծրագրի կառավարման խորհրդի անդամ է: Սա Դանիլովիչի երկրորդ այցելությունն էր մեր երկիր: Առաջին անգամ նա Հայաստան է եկել անցած տարվա մայիսին` մեր իշխանությունների հետ քննարկելու ՀՄՀ ծրագրի մանրամասները: Բացի այդ, Ջ.Դանիլովիչը մի քանի անգամ էլ նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանին եւ շեշտել, թե Հայաստանին անհրաժեշտ է արդարացի կառավարում, հակառակ դեպքում ՀՀ-ն կարող է զրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գումարներից: Որ ամերիկացի հարկատուների հատկացրած գումարը պետք է ծախսվի նպատակային՝ աղքատության կրճատման համար ժողովրդավարության ուղի ընտրած երկրում:

Երեկ գրասենյակի բացման ցուցադրական արարողությունից՝ ելույթներից ու ժապավենը կտրելուց հետո լրագրողները հնարավորություն չունեցան Դանիլովիչից ստանալ իրենց հուզող հարցերի՝ ծրագրի եւ դրա շարունակականության, նախապայմանների բավարարման եւ այլ հարցերի պատասխանները: Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները նշեցին, թե հարցեր չեն լինի, քանի որ այդպիսին է իրենց աշխատաոճը: Լրագրողներին թույլ չտվեցին նաեւ մտնել շենք: Ի դեպ, նախապես հայտարարվել էր, թե գրասենյակի բացումը Դանիլովիչի հետ միասին կանի վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն նրա փոխարեն եկել էր Վարդան Խաչատրյանը: Վարչապետը երեկ զբաղված էր նորանշանակ նախարարներին իրենց աշխատակազմերին ներկայացնելով:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ԱՄՆ պետական կազմակերպություն է, որը խոշոր դրամաշնորհներ է տալիս ամենաաղքատ երկրներին: Հայաստանի հետ միասին կորպորացիան աշխատում է նաեւ մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում: ՀՄԿ-ն 2006թ. մարտի 27-ին Հայաստանի հետ պայմանագիր է կնքել՝ գյուղական աղքատությունը կրճատելու համար հատկացնել 236 մլն դոլար: Ծրագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել անցած տարվա սեպտեմբերի 29-ին եւ տեւելու է 5 տարի, մինչեւ 2011 թվականը: Այս մեկ տարվա ընթացքում դեռ մեծ հատկացումներ չեն եղել, եւ բուն աշխատանքները դեռ չեն սկսվել: ՀՄԿ-ն մինչեւ հիմա հատկացրել է ընդամենը 5,7 մլն դոլար, որը հազիվ բավարարել է գրասենյակի եւ ծրագրի նախապատրաստական աշխատանքների համար: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ գյուղական ճանապարհների բարեկարգում, ոռոգման համակարգի վերականգնում եւ աջակցություն ֆերմերային տնտեսություններին: Նախատեսվում է 67 մլն դոլարով վերանորոգել 943 կմ գյուղական կամ, այսպես ասած, կյանքի ճանապարհներ, որը կազմում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի մեկ երրորդը: Գումարի մյուս՝ ավելի մեծ մասը հատկացվելու է ոռոգման ցանցի վերանորոգմանը: Ծրագրի ավարտից հետո գյուղական համայնքները պետք է ունենան ոռոգման բարելավված համակարգ, ինչը պետք է բարձրացնի գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը, մեծացնի ոլորտի մրցունակությունը: Գյուղական համայնքները ելքի հնարավորություններ կունենան դեպի շուկաներ եւ հիմնական ճանապարհային ցանց: ՀՄՀ պատասխանատուները հաշվարկել են, որ ծրագիրը «շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750.000 հոգու կամ գյուղական բնակչության 75 տոկոսի համար»: Եվ հույս ունեն, որ արդյունքում 5 տոկոսով կկրճատվի Հայաստանի աղքատությունը:

Անցած մեկ տարվա ընթացքում կորպորացիան եւ ամերիկյան մի քանի այլ կազմակերպություններ հայտարարում էին, թե նախատեսված 236 միլիոնը չի հատկացվի, կամ ծրագրի իրագործումը կկասեցվի, եթե Հայաստանը չպահպանի ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշները, եւ եթե մայիսյան ընտրությունները չանցնեն ազատ, արդար ու թափանցիկ: Այդ մեկ տարվա ընթացքում միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց զեկույցներում Հայաստանի համար մտահոգիչ վերլուծություններ էին անում: Մանավորապես «Ֆրիդոմ Հաուզը» շեշտել էր, որ մեր երկրում վտանգված են մարդու իրավունքները, մամուլի ազատությունը: Բայց Ազգային ժողովի մայիսյան ընտրությունները միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից դրական գնահատվեցին: Այդ հանգամանքը կարծես թե դրական ազդեցություն հաղորդեց անցած բոլոր բացասական կարծիքների վրա: Եվ հենց սկզբից էլ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, թե «Հազարամյակի» ծրագրի հիմնական ֆինանսավորումը կլինի միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե ընտրություններն աղաղակող կեղծիքներով անցկացվեն՝ ֆինանսավորումը կդադարեցվի, եթե ամեն ինչ հարթ ու խաղաղ ընթանա՝ կորպորացիան փողերը կհատկացնի: Ինչպես տեսնում ենք` ընտրությունները հիմնականում հարթ ու խաղաղ անցան, եւ ֆինանսավորումն էլ կլինի: Թեպետ Դանիլովիչի ելույթի տեքստում գրված էր. «Միաժամանակ մենք ողջունեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրությունները եւ շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրություններ ունենալու համար: Այս ընտրությունները կարծես թե դրական տեղաշարժ էին միջազգային չափանիշների ուղղությամբ, սակայն մենք շարունակում ենք ուշադիր հետեւել խախտումների մասին հնչած մեղադրանքների հետաքննման ընթացքին»:

Ջոն Դանիլովիչը նաեւ տեղեկացրեց, որ արդեն 25 մլն դոլարի պայմանագրերը կան, «որոնց ֆինանսավորումը շուտով մատչելի կդառնա»: Սակայն, «ինչպես «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ ծրագրի մասնակից բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի մասնակցության շարունակման վերաբերյալ ՀՄԿ խորհուրդը որոշում կկայացնի դեկտեմբերին՝ երկրների ընտրության հարցով կայանալիք ամենամյա նիստի ժամանակ»,- նշված է Դանիլովիչի ելույթի տեքստում: Իսկ վերջում Վարդան Խաչատրյանն ավելացրեց, որ մինչեւ տարեվերջ կավարտեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները, եւ հույս ունեն այդ ժամանակ սկսել նաեւ բուն ծրագիրը: Հիշեցնենք նաեւ՝ ՀՄԿ-ից ֆինանսավորում ստանալու համար մեր իշխանությունները 2-3 տարի առաջ երբ ծրագիր էին գրում եւ բյուջե կազմում, դոլարը բավականին բարձր արժեք ուներ: Միայն անցած տարվա մարտին, երբ արդեն կնքվում էր պայմանագիրը, 1 դոլարն արժեր 470 դրամ: Այս մեկ տարվա ընթացքում դոլարն արժեզրկվել է 125 դրամով: Դրամական արտահայտությամբ դոլարի գնողունակությունն ընկնում է, այդ պատճառով էլ ծրագրի որոշ հատվածներ կկրճատվեն:

«Կորպորացիան հավելյալ գումար չի ավելացնելու, աշխատելու ենք եղած գումարների շրջանակում,- ասաց Վ.Խաչատրյանը: -Այն ծրագրերը, որ կմնան 5-րդ տարում, դրանք էլ երեւի դուրս կմնան»: