Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը վաղուց արդեն հայտնի է իր լղոզված, «հա՛մ նալին, հա՛մ մեխին» տրամաբանությամբ ընդունած որոշումներով, կիրակի օրը գերազանցեց ինքն իրեն ու այս անգամ խփեց միայն նալին (կամ՝ միայն մեխին, ինչպես կուզեք): ՍԴ-ն կիրակի օրը հրապարակած որոշմամբ, ինչպես եւ սպասվում էր, մերժեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումը եւ անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին ընդունած որոշումը համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելու մասին: Դատարանի որոշման մեկ այլ կետով՝ մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովների արձանագրություններում կատարված փոփոխություններին առնչվող նյութերն ուղարկվելու են Գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ քննության: Դատարանն արձանագրել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է, թե չնայած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, օրենսգրքում, այնուամենայնիվ, կան որոշ բացթողումներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերում: Սահմանադրական դատարանի նախագահի նշած խախտումներից մի քանիսն արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները՝ իրենց միջանկյալ զեկույցներում: Սահմանադրական դատարանի 47 էջանոց որոշման հրապարակմանը հոտնկայս հետեւել են դատարանի անդամները եւ ներկաները: Դիմող կողմից ոչ ոք ներկա չի եղել, իսկ պատասխանող կողմից դահլիճում են եղել ԿԸՀ ներկայացուցիչները՝ հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի գլխավորությամբ, արդարադատության նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանը, նաեւ հանրահայտ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հանրահայտ նախագահ Գրիգոր Ամալյանը: