Մեր թերթի նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք Ամիրյան 4/16, 4/18, 4/24 հասցեների տխրահռչակ պատմությանը: 4/24 հասցեի մի բնակչուհի, ով չէր ցանկացել ներկայանալ, դժգոհ էր մեր հրապարակումից: Բնակչուհին պատմել էր, որ շենքի 70-ամյա բնակիչներից մեկը 4/24 հասցեի սեփականատեր Մելիք Գասպարյանի առաջարկից լուրջ սթրես է տարել, «լավ ա ինֆարկտ չտարավ»: Նույն բնակչուհին դժգոհ էր, որովհետեւ մեր հրապարակումից հետո «իրենց տնօրենն» այցելել է իրենց ու ասել՝ «գոնե ճշմարտությունն ասեիք՝ որ 1քմ տարածքին ոչ թե 200, այլ 250 դոլար» է առաջարկել: Խուսափելով հետագա բարդություններից, ներկայացնում եմ Ամիրյան 4/26 հասցեի բնակիչների հետ իմ զրույցը՝ առանց միջամտության: Միայն նշեմ, որ 4/26 հասցեի սեփականատերը բնակիչների հավաստմամբ` «Խթը-ի պետի տեղակալ Գրիշա Արությունովն է», այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայության պետի տնտեսական հարցերով տեղակալ Գրիգոր Հարությունյանը: Այս հասցեում բնակվող շուրջ երկու տասնյակ ընտանիքներից 3-4-ն են մնացել, նրանք էլ շուտով կլքեն իրենց բնակարանները: Զրույցը տեղի է ունեցել հերթական ընտանիքի տեղափոխության ժամանակ:
Գեւորգյան Քնարիկ. «70 տարուց ավել է՝ այստեղ ենք ապրում: Մի օր որոշեցին, որ այս տարածքը իրենց պետք է, էլի թող պետք լիներ, մենք պետական ոչ մի միջոցառում չենք ուզում բոյկոտել, բայց մեզ տվեցին ներկայիս շուկայական գներից սարսափելի ցածր գումար: Կոնկրետ ես ունեի գրանցված 62,5քմ եւ չգրանցված 30քմ տարածք, որի դիմաց տվեցին 35.000 դոլար: Այդ ամբողջ գումարը, որ մեզ տվել են, մենք տրամադրելու ենք բնակարանի գնմանը, բայց վերանորոգման նվազագույն աշխատանք իրականացնել չենք կարողանալու: Մենք հիմա գնում ենք տղայիս տանը ապրենք՝ մինչեւ մեր նոր բնակարանի տանտերերը տունը կազատեն, մենք իրենց դեռ չենք վճարել, որովհետեւ այդ փողը դեռ չենք ստացել: Մինչեւ այս բնակարանի բանալիները իրենց չհանձնենք, բնակարանը չքանդեն, այդ փողը մեզ չեն տա: Առայժմ մեզ տվել են այդ գումարի 60%-ը, մնացածը կտան, երբ բնակարանը ավերակ վիճակում իրենց ձեռքին կլինի, փաստորեն, մենք դեռ տուն չունենք, ապրելու տեղ չունենք, ու մեզ փողոց են շպրտում: Փաստորեն, այն մարդկանց, ումից բնակարան ենք գնելու, մաս-մաս ենք վճարելու, չենք կարող գումարը միանգամից տալ, իսկ նրանք, մինչեւ ամբողջ գումարը չստանան, բնակարանը չեն ազատի: Ես գոնե տեղ ունեմ գնալու, 1-2 ամիս տղայիս նեղություն կտամ, մինչեւ այդ փողը ստանամ եւ իմ նոր բնակարանի տերերին վճարեմ: Մարդիկ կան, որ ընդհանրապես գնալու տեղ չունեն, եւ հայտնվել են բառացիորեն փողոցում: Իմը բակի բնակարաններից լավագույնն էր, 1քմ-ն գնահատվել է 370 դոլար, բայց բնակարաններ կան, որ գնահատել են 420, 440 դոլար՝ չգիտես ինչ սկզբունքներից ելնելով. գալիս նայում են՝ պաստառները եթե մի քիչ հին են, ասում են՝ հարդարումը վատ վիճակում է, ու ցածր են գնահատում: Իրենք առնում են հողամաս, բայց հարդարումով են գնահատում, որպեսզի քիչ վճարեն: Գնահատողները «Արթին» ՓԲԸ-ից են, ասում են՝ անկախ գնահատողներ ենք: Ես բողոքել եմ, գրել եմ, որ իմ բնակարանը ցածր են գնահատել՝ ոչ մի արդյունք: Եվ աբսուրդն այն է, որ այս ամենի դիմաց, մեզանից դեռ 10 % էլ եկամտահարկ են պահում: Մեզ փաստորեն տեղահանում, վռնդում են մեր տներից, դիմացը չնչին գումար տալիս, դա համարում եկամուտ եւ եկամտահարկ պահում այդ գրոշներից: Փաստորեն, մեր տունը քանդելու համար եկամտահարկ էլ դեռ պիտի վճարենք. ես չգիտեմ` ինչ անուն տալ դրան»:
Հակոբյան Ռիմայի բնակարանի 1քմ-ն գնահատել են 370 դոլար. «Մեզ ստիպեցին պայմանագիր կնքել: Վախեցրին, որ եթե չկնքենք՝ խրախուսանքից կզրկվենք: Խրախուսանքը կազմում է իրենց առաջարկած գումարի 35-40%-ը: Բացի այդ՝ մեր տները երբ առնում էին, գոնե մի հատ չեն հետաքրքրվել` այս տները ինչ վիճակում են, մեզ ասում են՝ գնացեք կադաստրից թուղթ բերեք, որ տունը կալանքի տակ չի: Գնում եմ, չարչարվում եմ, հերթ եմ կանգնում, 7000 դրամ էլ մուծում եմ, որ բերեմ էդ թուղթը իրենց տամ: 20.000 դրամ էլ ստիպված եմ նոտարին տալ, որ պայմանագրին համաձայն եմ, էն դեպքում, որ համաձայն էլ չեմ, ախր, ինձ պարտադրվել է էդ պայմանագիրը, ես ուրիշ ելք չունեմ. ո՞ր մեկն ասեմ, բոլորն էլ աննման են, մեր բողոքներից մի ծղոտ էլ չի ընկնում իրենց պոչիկին»:
Ըստ բնակիչներին պարտադրված պայմանագրի՝ մինչեւ մարտի 15-ը նրանք պարտավոր են ազատել բնակարանները: Պայմանագրերը կնքվել են փետրվարի 28-ին: Ամիրյան 4/26 բնակելիի տեղում մարտի 15-ից հետո ավերակ կլինի: