Երաժիշտ Վահան Արծրունին եւ երգչուհի Աննա Մայիլյանը երեկ հանդիպել էին լրագրողի հետ՝ ժամանակակից երգարվեստի խնդիրների ու բարդությունների մասին զրուցելու համար։
Այդ երկու երաժիշտները բեմական ու մարդկային մեծ հմայքի տեր մարդիկ են։ Գուցե դա իրենց պրոֆեսիոնալիզմի ու սեփական գնի գիտակցման շնորհիվ է։ Նրանք երկուսն էլ չեն մտահոգվում բեմի որոնման ու ինքնագովազդ անելու արդի խնդրով։ Նրանք միայն երաժշտական հարուստ նյութ են որոնում՝ երաժշտություն գրելու ու ներկայացնելու համար։ Աննա Մայիլյանը վերջերս է վերադարձել Ֆրանսիայից ու Մեքսիկայից, որտեղ հյուրախաղերի էր մեկնել՝ հայ հոգեւոր երաժշտությունը կատարելու համար։ Իսկ Վահան Արծրունին խորասույզ կենտրոնացածությամբ ու հիացմունքով հետազոտում է վաղ քրիստոնեական, մի ամբողջական ծիսակարգ հիշեցնող, իր խոսքերով ասած՝ «քարանձավային» երաժշտությունը։ Կա մի մարդկային հատկություն, որը յուրաքանչյուր մարդ էակին է բնորոշ. դա ինքնահարստացման պահանջն է։ Որքան էլ հարստությունը սովոր ենք գումարի հետ նույնացնել, չենք կարող անտեսել նաեւ ներաշխարհը, որին պարբերաբար պետք է «կերակրել»։ Իրականում, մեր կողքին շատ բարձր ու արժեքավոր արվեստ է ստեղծվում, այնպիսի արվեստ, որը մտահորիզոն է լայնացնում ու մտքեր է հարստացնում, բայց մենք հաճախ տեղյակ չենք այդ մասին։ Այն հանրամատչելի երաժշտությունը, որը հեղվում է էկրանից ու լավ գովազդվող համերգներից, բավականին շեղել է հարուստ երաժշտության ուղին, շեղել ու բեկել է դեպի պոպուլյար երգերն ու մշակումները։ Զարմանալի է, բայց մեր հոգեւոր երաժշտությունը եւ պրոֆեսիոնալ մշակումները շատ ավելի լավ են ընդունվում արտասահմանում, քան մեր երկրում։ Ըստ Վ.Արծրունու՝ Հայաստանում երկու տեսակի արվեստ կա՝ «տիտուլային», որը մենք ցուցադրում ենք արտասահմանին ու հաջողություն ձեռք բերում, եւ պոպուլյար, որը մենք երկրի ներսում ենք օգտագործում։ «Որքան էլ, որ հասկանամ, որ պետք չէ այդ փաստը ցավագին ընդունել, միեւնույն է, շատ եմ ցավում, որ մենք արվեստի երկիր չեն կարող համարվել, թեեւ բոլոր պայմաններն ունենք այդպիսին դառնալու համար»,- ասում է նա՝ ընդգծելով, որ պետական այրերը լավ հասկանում են, որ երկրի պատիվը բարձր ներկայացնելու համար մենք պետք է աշխարհին, օրինակ, Ավետ Տերտերյանով ներկայանանք, բայց երկրում լսում ենք «Անապատի արեւը»։ Ըստ նրա՝ մեզ մոտ «դիտարկման կետն» է սխալ ընտրված: Այդ դիտարկման կետի ընտրությունը պետք է վստահվի պետությանը, քանի որ նա է հանրությանն ուղղորդող օղակը։ Սեփական օրինակով ու վաղվա սերնդի մասին մտածելով՝ մեր պետական պաշտոնյաները կարող են տեղյակ պահել հանրությանը երկրի իրական ներուժի ու գեղեցիկը ստեղծողների մասին։ «Տերտերյանը չի կռանա, որպեսզի իրեն տեսնեն, այլ մենք պետք է դաստիարակված ու կրթված լինենք՝ նրան վերեւից նայելու համար»,- ասում է Վ.Արծրունին։ Նա վստահ է, որ եթե մարդը ցանկանա լավ երաժշտություն լսել, դա կանի, չի հետեւի էկրանի խորհուրդներին, այլ կգնա ձայներիզների խանութ կամ էլ ինտերնետից «կքաշի» այն ամենն, ինչ ուզում է։ Լավն ուզելն ամենակարեւորն է, իսկ լավի սահմաններին պարզապես պետք է տեղյակ լինել, փորել-փորփրել, պեղել անուններ ու երգեր։ Մեր երկրում սպառում ունեցող երաժշտությունը որոնողներին շատ բան առաջարկել չի կարող, բայց աշխարհի սահմանները վաղուց արդեն բաց են, եւ Երեւանում փակցված համերգային պաստառները բնավ էլ երաժշտական օվկիանոսի միակ ուղենիշը չեն։ Լայն մտածելով, կարելի է ոչ միայն լավ երաժշտություն լսել, այլեւ լավ ճարտարապետություն ու կտավներ ստեղծել։ Կարելի է, վերջիվերջո, լավ ապրել, այսինքն՝ գիտակցված ընտրություն անել։
Սեփական ինքնության բեկորները հավաքելու ու նրանց նոր հնչողություն տալու որոշում կայացրած ասորիները դիմել էին Վ.Արծրունուն՝ ասորական ավանդական պատարագին նոր ֆորմա տալու պատվերով։ Եվ նա դա արել է, ճանապարհ ընկնելով երաժշտական նախաստեղծ պտույտներով։ «Եթե ինձ չդիմեին, ես չէի էլ իմանա այդ երաժշտության գոյության մասին»,- ասում է նա։ Եվ հիմա նա ձայներիզ է պատրաստում, որտեղ հավաքված կլինեն Արեւելքի ժողովուրդների վաղ քրիստոնեական շրջանի հոգեւոր երգերը։ Նա անում է դա, քանի որ այդ աշխատանքի ներքին պահանջն է զգում։ Իսկ Ա.Մայիլյանը երգում ու շրջագայում է, Հայաստան հրավիրում օտարերկրյա իր երաժիշտ ընկերներին, քանի որ այլ կերպ անել չի կարող, քանի որ ուզում է առաջ շարժվել, իսկ առաջընթացի առաջին պայմանը ետ նայելն ու վաղվա համար աշխատելն է։
Հասարակության հիմնական խնդիրը Ա.Մայիլյանը տեսնում է ընտանեկան փոխհարաբերություններում, որոնց շնորհիվ է հղկվում երեխայի ճաշակը։ «Հայերի գենոֆոնդը դրդում է կատարելությանը։ Ես հավատում եմ, որ լավ երեխաներ կան, որոնք ուզում են լավ երաժշտություն լսել»,- ասում է նա։ Իսկ Վ.Արծրունին ավելացնում է. «Բայց ծնողը պետք է չասի երեխային՝ փոխիր ալիքը, այդ ի՞նչ հիմարություն ես նայում, երբ երեխան ակադեմիական կամ ռոքային կատարում է լսում։ Համոզված եմ, որ ամեն ինչ ընտանիքից է սկսվում»։