Երեկ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը բոլոր լրատվամիջոցներին է ուղարկել տարբեր ԶԼՄ-ներով` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի շարք հարցերի պատասխանները: Թե ինչո՞ւ է վերջինս որոշել այսկերպ շփվել ԶԼՄ-ների հետ` դժվար է ասել:
Եվ այսպես. անդրադառնալով հարցին, թե` ինչպես է գնահատում հերթական կառավարող կոալիցիան` ՀՀԿ-ԲՀԿ ձեւաչափով ու ՀՅԴ-ի համագործակցությամբ, Ր. Հովհաննիսյանը շա՜տ փիլիսոփայական պատասխան է տվել. «Հիմնավոր պատասխան տալու համար տակավին վաղ է: Առողջ ակունք` արդյունավետ աշխատանք: Հատվածական հիմք` շահադիտական շարունակություն»: Իհարկե, դժվար է հասկանալ, թե ինչ է ցանկացել սրանով ասել «Ժառանգության» առաջնորդը, բայց այն, որ դրանում որեւէ կոնկրետ գնահատական չկա` հաստատ է: Հաջորդ հարցադրումը, որին անդրադարձել է «Ժառանգության» նախագահը, հետեւյալն է. «Ինչպե՞ս եք գնահատում 4-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի անբնական տոնական եւ անլուրջ մթնոլորտը (նիստն ուղեկցվում էր ընդդիմադիր պատգամավորների ազգանունների ընթերցմանը զուգորդող ծիծաղի պոռթկումներով, ծափերով ու ծաղրանքով.- մեկնաբանությունը «Ժառանգությանն» է»): Ձեր մոտ տպավորություն չստեղծվե՞ց, որ մայիսի 12-ին իրենց վերարտադրությունն ապահոված իշխանական կուսակցությունները խորհրդարանում թատերականացված ներկայացում էին կազմակերպել»: Սրան հետեւում է Ր. Հովհաննիսյանի բառացիորեն հետեւյալ պատասխանը. ««Ժառանգությունը» ներկա չէր: Գլխավոր գնահատականը ժողովրդինն է»: Երրորդ հացը վերաբերում է նրան, թե ե՞րբ է մտադիր «ընդդիմադիր» «Ժառանգություն» ֆրակցիան աշխատանքի անցնել ԱԺ-ում, եւ թե ինչպե՞ս է Ր. Հովհաննիսյանը վերաբերվում Տիգրան Թորոսյանի կողմից ԱԺ-ի առաջին նիստին «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների չմասնակցելու համար քաղաքական ու իրավական դրդապատճառի բացակայության մասին նախօրեին արած հայտարությանն ու հնչեցված գնահատականներին: Ի պատասխան, «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Ես ցանկություն չունեմ պատասխանել իմ կողմից հարգված պարոն Թորոսյանին: Պարզապես ասեմ, որ մամուլում հնչած եւ նրան վերագրված որակումները չեն արտացոլում մեր հեռախոսազրույցի ոգին ու բովանդակությունը: «Ժառանգության» նամակն արդեն հրապարակել ենք: Մեզ համար էական են երկու` իրավական ու բարոյական հարթությունները, որոնք մեր պատկերացրած քաղաքականության անքակտելի մասնաբաժինն են: Առաջին` ըստ ԱԺ կանոնակարգի, մենք պարտավոր էինք նախապես տեղյակ պահել ԱԺ նախագահին մեր ներկայության անհնարինության եւ դրա հիմնավորումների մասին: Եթե կա պատշաճ այլ հասցեատեր, թող ասեն, մեծ սիրով կվերահղենք: Երկրորդ` ԱԺ առաջին նիստի ժամկետի խնդրով հղում է արվում Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգին, բայց ոչ մեկը չի ուզում հիշել, որ այնտեղ հունիսի 7-ը նշված չէ: Հակառակը, հինգշաբթիների պարզ գումարումը հասցնում է մինչեւ մայիսի 31-ը: Եթե ՀՀ պատկան մարմինը, որն էլ որ լինի, տալիս է կամայական մեկնաբանություն եւ փոխում է ԱԺ առաջին նիստի օրը, թող բարի լինի եւ կատարի պատշաճ ծանուցում այդ մասին: Հարցազրույցները, ասեկոսեները կամ ենթադրությունները ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետությունում պաշտոնական ծանուցման եղանակ չեն: Էլ չենք խոսում մանդատ ստանալու եւ կազմակերպական այլ բացերի մասին: Խնդրի հիմքում դրված է Հայաստան պետության, նրա քաղաքացիների ու հանրային ծառայողների արժանապատվության հրամայականը: Եվ վերջապես` խորհրդարանական ընտրությունների վավերականության հարցն այսօր հարուցված է ՍԴ-ում: Հենց իրավագիտությամբ, էթիկայով, այո՛, նաեւ քաղաքագիտությամբ է պայմանավորված «Ժառանգության» քաղաքացիական որոշումը` սպասել ՍԴ-ի վերջնական վճռին եւ իր վարքով չկանխորոշել այն: Մնացած բոլոր մեկնությունները, դատավորի կեցվածքները, բամբասանքները բնորոշ են «բանանային» հանրապետությանը, բայց ոչ երբեք՝ մեր երկրին»: Բա՞: