Եզակի կնոջ ծանր պատմությունը

10/06/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մարիա տատիկի ծանր կենսակերպին նայելիս ապշում եմ մարդկային կամքի ուժի ու դիմացկունության վրա, որով կարողանում են հաղթահարել իրականության այն դժոխքը, որտեղ ապրում են:

94-ամյա այս տատիկն իր երկու որդիների հետ ապրում է փախստականների համար նախատեսված հանրակացարանի մի գորշ սենյակում: Թե ինչպես են ապրում` դժվար է նկարագրել: Այս սենյակում ապրելու ձեւ գտնելը, նույնն է թե՝ գլուխկոտրուկ լուծելու հմտություն ունենալ: Մարիա տատիկն անշարժ է, անկողնուն գամված, որովհետեւ փողոցներում` անձրեւի, ձյան տակ ապրելուց հետո մարմինն անշարժացել է: «Մենք շան պես փողոցներում քարշ ենք եկել: 9 տարի բնակության վայր չենք ունեցել: Հետո մեզ տեղավորեցին մի ռուս մարդու սենյակում, որտեղ դուռ, պատուհան չկար: Խեղճ մարդը խոհանոցի հատակին էր քնում, որ տեղավորվեինք: Էլ չէր դիմանում, աղաչում էր, մեր ոտքերն էր ընկնում, ասում էր` գնացե՛ք, հեռացե՛ք, աղաչում եմ ձեզ,- պատմում է ծեր կինն ու վերհիշելով կատարվածն՝ աչքերի մեջ չարություն է երեւում: -Ինքը շատ լավ մարդ էր, բայց մեզ տեղավորել էին, ու ուրիշ տեղ չունեինք գնալու, հասկանո՞ւմ եք: Ստիպված դուրս եկանք ու փողոցներում ապրեցինք»: Մարիա տատիկը որդիների` Վիկտորի եւ Վլադիմիրի հետ մի քանի ամիս հանգրվանել է թիվ 100 դպրոցի կողքին, փողոցում: Ասում է, երբ հիշում է, թե ինչպես են կարողացել դիմակայել այդ սարսափելի իրավիճակներին, ինքն էլ չի հասկանում, թե ոնց են կարողացել ողջ մնալ: Աչքերը լցնում է ու դժվարությամբ է կարողանում խոսել. «Պատկերացրե՛ք, օգոստոսի 30-ն էր, իսկ սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գային դպրոց: Դպրոցի ադմինիստրացիան նայում էր մեզ ու չգիտեր` ի՞նչ աներ, որ երեխաները հանկարծ դպրոց գալուց չտեսնեին, թե ես ու տղաներս ինչ շան կյանքով ենք ապրում: Նրանք վախենում էին, որ երեխաները կվախենան, իսկ մենք ասֆալտին էինք քնում: Ինչքան էլ պատմեմ` չեք պատկերացնի: Անգամ կտավի վրա նման բան հնարավոր չէ նկարել, էդ տեսարաններն անմարդկային կլինեն»,- ասում է նա` ոտքերն ու ձեռքերը պարբերաբար նյարդային ձգելով, սակայն չկարողանալով շարժվել: «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն է այս ընտանիքին փողոցներից գտել եւ բերել այս հանրակացարան: «Ես երբեք չեմ մոռանա, նրանք մեր կյանքը փրկեցին, թե չէ փողոցներում անհայտ մեռնելու էինք: Էն օրն էի ընկել, որ փողոցից տարան վերականգնողական կենտրոն: Ահագին ժամանակ ուշքի չէի գալիս»,- ասում է ծեր կինը: Վիկտորը տեսնելով մոր վրդովմունքը՝ միջամտում է. «Մա՛մ, ես կխոսեմ, հանգստացի»։ Նա նստում է մոր անկողնուն, գրկում է նրան, որ շատ չհուզվի: Վիկտորը 64 տարեկան է, սակայն անձնագիր չունի, որովհետեւ ունեցվածքը, այդ թվում նաեւ` փաստաթղթերը, թողել են Բաքվում ու փախել են: «Անձնագիր չեն տալիս, թոշակ էլ չեմ կարող ստանալ»,- ասում է նա։ Խոսում է կմկմալով, ու տարեց այս տղամարդու մեջ ասես կյանք ընդհանրապես չկա: Վիկտորը մասնագիտությամբ ատամնաբույժ է, Բաքվում բուժհաստատություններում է աշխատել, իսկ Վոլոդյան գիտաշխատող է եղել: Բաքվի նավթարդյունաբերական խոշոր գործարանում աշխատել է որպես ինժեներ-նավթագործ: Վիկտորը չի ցանկանում շատ բան պատմել իրենց անցյալից. «Ցավոտ է, երբ հիշում ես, թե ով ես եղել ու ով ես դարձել»,- ասում է նա ու հայացքն ուղղում դեպի դուրս: Մարիա տատիկն ուզում է խոսել, հատկապես ուզում է իր կենսագրությունից պատմել. «Ես Բաքվում իշխանության անդամ եմ եղել, արհմիության առաջին քարտուղար եմ եղել: Քաղաքական դեմք եմ եղել ու երբեւէ չեմ պատկերացրել, որ Մոսկվան կարող է մեզ հետ այդպես վարվել Բաքվի ջարդերի ժամանակ»: Մարիա տատիկը սկսում է պատմել Բաքվում աշխատած տարիների իր արած գործերի մասին, պատմում է քաղաքական մանեւրներին դեմ լինելու իր կեցվածքի ու քաղաքական ազնվության մասին: Ընդհանրապես նա շատ բան գիտի, այնքան շատ, որ ի տարբերություն շատ այլ փախստականների՝ հասկանում է, որ Փախստականների կոմիտեի ղեկավար Գագիկ Եգանյանը փախստականների համար շատ բան պետք է աներ, բայց չարեց: «Աշխարհի ամենավատ կազմակերպությունը Փախստականների կոմիտեն է` հանձին Գագիկ Եգանյանի: Ես հազար անգամ խնդրեցի, որ մեր կողքի ազատ սենյակը տան մեզ, որդիներս էնտեղ մնան: Հասկանո՞ւմ եք, ես անշարժ, հիվանդ կին եմ: Էստեղ զուգարանն ընդհանուր է, ես անշարժ լինելով հանդերձ` ինչպե՞ս պետք է էդ հարցերը լուծեմ: Տղաներս են ինձ գրկում, նստացնում: Սենյակները վաճառում են, բայց չեն տալիս: Ամաչում եմ, որդիներիս մոտ ես ինչպե՞ս կարիքներս հոգամ: Խնդրում եմ, դուրս են գալիս, որ էս աթոռին նստեմ` անեմ»,- ասում է Մարիա տատիկն, ու բարկությունից սկսում է գլուխը դողդողալ:

Մարիա տատիկը Բաքվում եւ Մոսկվայում շատ հայտնի դեմք է եղել, մասնավորապես ճանաչված է որպես նավթարդյունաբերական գիտական աշխատության հեղինակ: Թե՛ Մոսկվայի, թե՛ Բաքվի իշխանությունների կողմից քանիցս պարգեւատրվել է ոսկե մեդալներով եւ պատվոգրերով` գիտական ոլորտում մեծ ներդրում կատարելու համար: Բաքվի հեղինակավոր ինստիտուտներից մեկում դասախոս աշխատած Մարիա տատը Հայաստանում ոչ միայն քաղցից մեռնում է, այլեւ` մեռնելուն երանի է տալիս: 25.000 դրամ թոշակով նա կարողանում է հանկարծակի մահանալու փոխարեն` դանդաղ, կյանքը ձգելով մահանալ: Նրանց սենյակը բառիս բուն իմաստով աղբանոցի է նման, իսկ նստելու տեղ գտնելու համար Վոլոդյան շատ երկար անպիտան իրերն է տեղաշարժում, սակայն այդպես էլ ազատ տեղ չի հարմարեցնում:

Դուռը թակում են, ներս են մտնում երկու կանայք, որոնց հագուստի վրա փակցված է` «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցներ»: Ասում են` «Ի՜նչ լավ է, որ գտել եք էս ընտանիքին, շատ կարգին, գրագետ մարդիկ են: Մարդու սիրտ է ցավում, թե ինչ վիճակում են ապրում: Դուք գիտե՞ք, որ իրենք գիտնականներ են, գիտե՞ք՝ ինչ ճանաչված մարդիկ են եղել Բաքվում: Մենք ամեն ուրբաթ գալիս, տիկին Մարիային լողացնում, մաքրում, էստեղ հավաքում ենք: Ինքը չի կարող շարժվել, գրկում, նստացնում ենք աթոռին, անկողնու վրա ցելոֆան ենք փռում, որ ջուր չլինի, ու լողացնում ենք: Հարմարություն ընդհանրապես չկա, գոնե էս կողքի սենյակը տային, տղաները քնեին: Էս կնոջ վիճակը շատ վատ ա, բայց իրան էնքա՜ն շատ ենք սիրում: Ինքը եզակի բնավորության տեր կին է, շատ լավն է»:

Տիկին Մարիան ինձ հրաժեշտ տալիս խնդրում է այս նյութը հրապարակելիս թերթի մի օրինակ իրեն նվիրել: Ժամանակին Բաքվի, Մոսկվայի մամուլը նրա մասին շատ նյութեր է տպագրել: Բաքվի մամուլը շատ է գրել գիտությունների թեկնածու, ոսկե մեդալների, գրքերի հեղինակ, քաղաքականության ներկայացուցիչ Մարիա տատիկի մասին: Հայաստանում, սակայն «168 Ժամի» էջերում Մարիա տատիկը կկարդա իր կյանքի վերջին տարիների ծանր պատմությունն ու հավանաբար կանիծի կամ իր ճակատագիրը, կամ էլ` Հայաստանին: