Եկավ ամառը, շուտով կհասնի ծիրանն ու կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Արդեն չորսամյա այս կինոփառատոնը մեծ փորձ, կապեր ու հովանավորներ է ձեռք բերել:
Ինչպես ասաց փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը` «Ոսկե ծիրանի» այս տարվա բյուջեն նախորդ տարիների համեմատությամբ` ամենամեծն է լինելու: Պետությունը փառատոնի համար 50 մլն դրամ է տրամադրելու, իսկ մի քանի անգամ ավելի խոշոր գումար կտա գլխավոր հովանավորը: Այս տարվա փառատոնի տպագիր խորհրդանիշն այլեւս ծիրանը չի լինի (ոչ պտուղի, ոչ էլ ջեմի տեսքով), փառատոնի սիմվոլը Չարլի Չապլինի ուրվագիծն ու չորս թեւ ունեցող կինոպատկերը կլինի: Չորս թեւերը փառատոնի տարիքն են մատնանշելու, իսկ մեծն կատակերգակի ֆիգուրը` կինոարվեստի յուրատեսակ նախասկիզբը:
Փառատոնը կբացվի հուլիսի
9-ին` իտալացի ռեժիսորներ Վիտորիո եւ Պաոլո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ: Այդ ֆիլմը, որը ցուցադրվեց այս տարվա Բեռլինի կինոփառատոնի ընթացքում, հիմնված է հայկական թեմայի վրա: Իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանը, ում համանուն վեպը դարձել է էկրանավորման հիմքը, ստեղծել է հայ ընտանիքի գաղթի ու հույսերի հուզիչ մի պատմություն: Ֆիլմի ստեղծագործական խումբը (ռեժիսորները, հեղինակն ու դերակատարներ Արսինե Խանջյանը եւ Չեքի Կարիոն) Երեւան կժամանի «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացումից մի քանի շաբաթ առաջ: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում եւ հավանաբար համերգային ծրագրի տեսք կունենա: «Հայերը շատ են սիրում բացում-փակումային համերգները: Մենք կաշխատենք, որ համերգային քաղաքականությունը չգերակշռի, եւ մարդիկ ցանկանան լավ ֆիլմեր դիտել»,- ասաց Հ. Խաչատրյանը: Իսկ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը վստահեցրեց, որ այս տարի կհաջողվի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեծ էկրան տեղադրել ու բացօթյա գիշերային կինոցուցադրումներ կազմակերպել:
«Ոսկե ծիրանը» կունենա երեք` «Հայկական պանորամա», «Խաղարկային լավագույն ֆիլմ» եւ «Վավերագրական լավագույն ֆիլմ» ավանդական անվանակարգերը: Երեկ փառատոնի կազմկոմիտեն հայտնեց «Հայկական պանորամայի» ֆիլմերի եւ ժյուրիի մասին: Հայկական ֆիլմերի ընտրությունը այս տարի կատարել է ոչ թե «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն, այլ` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Կինոգործիչների միության նախագահ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի գլխավորած ժյուրին ներկայացված 62 ֆիլմերից ընտրել է 22-ը: Իրենց նոր կինոաշխատանքները կներկայացնեն Հայաստանի եւ սփյուռքի հայ կինոգործիչները: Իսկ հայկական ֆիլմերի գնահատումը վստահվել է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գլխավորած ժյուրիին: Ժյուրիի կազմում են նաեւ ամերիկահայ դերասան ու ռեժիսոր Մայքլ Գյուրջյանը, անիմացիոն ֆիլմերի բեմադրիչ Նաիրա Մուրադյանը, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը եւ արգենտինահայ դերասան ու լրագրող Ջեք Պողոսյանը: Հայկական ֆիլմերի արտադրությունը խթանելու եւ նրանց հետագա ճանապարհը` դեպի համաշխարհային լսարան, ավելի դյուրին դարձնելու համար, այս տարվա «Ոսկե ծիրանն» անցկացնելու է հանդիպումներ միջազգային խոշոր կինոստուգայցերին կից գործող ֆոնդերի ներկայացուցիչների հետ: Գումարի պակասը նոր ֆիլմերի ստեղծման արգելակման հիմնական պատճառը չէ. գոյություն ունեն ֆոնդեր, որոնք պատրաստ են աջակցել կինոգործիչներին: Այդպիսի մի խոշոր ֆոնդ է ստեղծվել Բեռլինի փառատոնի շրջանակներում: Այդ ֆոնդը պատրաստ է օգնել հենց հայ կինոռեժիսորներին ու սցենարիստներին, եւ այդ ֆոնդի նախագահը Երեւան կժամանի` հայ կինոգործիչների հետ ծանոթանալու ու նրանց կինոաջակցության ձեւերին տեղեկացնելու համար: «Չկա այնպիսի մի ֆիլմ, որն աշխարհին պետք չլինի: Եթե, իհարկե, այն տաղանդավոր է: Հերիք է կախվենք պետության հույսից, ժամանակն է իմանանք, որ աշխարհում տարբեր ֆոնդեր կան: Ժամանակն է, որ հայ կինոն դուրս գա մի հարկից ու մյուս հարկ բարձրանա»,- ասաց Հ.Խաչատրյանը:
«Հայկական պանորաման» հատուկ ծրագրով կներկայացնի նաեւ «նոր հայկական կինոն»: Վերջին տարում նկարահանված չորս ֆիլմերն ու մեկ հեռուստաֆիլմը պետք է փառատոնի հյուրերին ծանոթացնեն մեր ձեռքբերումների հետ ու միջազգային կինոշուկայում հայկական կինոն քարոզելու առիթ տան: Այդ ֆիլմերն են` Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հովիկ Գալստյանի «Խճողված զուգահեռները», Գագիկ Հարությունյանի «Խնկարկումը», Արտակ Սեւադայի «Որպես սկիզբը» եւ Արամ Շահբազյանի «Մի վախեցիրը»:
Փառատոնի ընթացքում, բացի հիմնական ժյուրիից, աշխատելու են նաեւ փորձագետների երկու անկախ խմբեր` կինոքննադատների միջազգային ասոցիացիայի`
ՖԻՊՐԵՍԻ-ի եւ էկումենիկ` եկեղեցու եւ կինոյի միջեւ ընդհանուր եզրեր որոնող ժյուրիները: Այս անկախ ժյուրիները կազմված կլինեն երեքական անդամներից` երկու արտասահմանցի եւ մեկ հայ մասնագետից: «Նման ժյուրիների ներկայությունը փառատոնի բարձր հեղինակության մասին է խոսում, քանի որ փորձագետների հիմնական նպատակն ազգային կինոյի նորությունների հետ ծանոթանալն է: Ժյուրին մրցանակներ կհանձնի հայ կինոգործիչներին»,- ասաց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Հայ երիտասարդների համար արտասահմանյան երկներում սովորելու առիթներ նույնպես կստեղծվեն: